
Միսաք Մանուշյանի անվան դպրոցի վերաբերյալ քրեական գործը կարճվել է
Այս տարվա հունվարին գլխավոր դատախազությունը «Ծնողներն ահազանգում են՝ դասվարը պարբերաբար հարվածում է երեխաներին» վերտառությամբ «Հետք»-ի հրապարակումն ուղարկել էր ոստիկանություն՝ ուսումնասիրելու համար: Ոստիկանությունը նյութերն ուսումնասիրելուց հետո այն ուղարկել էր Քննչական կոմիտե, որն էլ որոշել է քրեական գործի վարույթը կարճել:
Ըստ մեր հրապարակման` Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի դասվար Անահիտ Նազանյանը, բարկանալով երեխաներից մեկի վրա, փորձել է մաթեմատիկայի դասագրքով հարվածել նրան, սակայն երեխան մի կողմ է քաշվել, և գիրքը դիպել է այլ երեխայի՝ 9-ամյա Աննա Մուրադյանին: Երեխայի քիթը սկզբում կարմրել է, հետագայում արդեն` կապտել և ուռել: Ուսուցիչն այդպես էլ չէր ընդունել երեխային հարվածելու մեղքը, որքան էլ դասարանի երեխաները փաստել էին դա: Բացի այս դեպքը, աշակերտներից Հայկ Վարդանյանի մայրը՝ Սոնա Հովհաննիսյանը, հայտնել էր, որ ուսուցիչը պարբերաբար հարվածել է տղային: Իսկ մեկ այլ ծնող՝ Տաթևիկ Ամիրյանը, պնդել էր, որ դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի քույրը դասղեկ է մի դասարանի, որի մատյանին այլ ուսուցչի անուն է գրված, բացի այդ, իրենցից հաճախ նաև պատճենահանման գումարներ են պահանջում՝ թեմատիկ աշխատանքները պատրաստելու համար:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից՝ հունվարի 26-ին Սոնա Հովհաննիսյանի կողմից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 2017թ. նոյեմբերից մինչեւ 2018թ. հունվար ամսի կեսերն ընկած ժամանակահատվածում թիվ 48 դպրոցի ուսուցչուհի Անահիտ Նազանյանը պարբերաբար դասագրքով հարվածել է իր տասնամյա որդու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի առթիվ փետրվարի 7-ին ոստիկանությունում ծեծելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու հիմքով հարուցվել էր քրեական գործ և նյութերն ուղարկվել էին Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում անչափահասը ճանաչվել է տուժող, իսկ մայրը՝ տուժողի ներկայացուցիչ: Քննության շրջանակներում հարցաքննվել են դպրոցի աշխատակիցները, աշակերտների ծնողները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Սոնա Հովհաննիսյանը քննիչին հայտնել է` հունվարի 15-ին տեղեկացել է, որ դասվարը դասի ժամանակ գրքով ցանկացել է հարվածել իր որդուն՝ դասաժամին խոսելու համար, սակայն երեխան գլուխը մի կողմ է քաշել, և գիրքը դիպել է նրա կողքին նստած դասընկերուհուն։ Մոր հարցումներին ի պատասխան` երեխան պատմել է, որ նախկինում դասվարը պարբերաբար գրքով հարվածներ է հասցրել իր գլխին:
Սակայն Սոնա Հովհաննիսյանը թույլ չի տվել, որպեսզի որդու՝ գործով տուժողի մասնակցությամբ կատարվի որեւէ քննչական գործողություն, հարցաքննվի՝ նշելով, որ նա 9 տարեկան է, չի ուզում հիշել ո´չ դպրոցը, ո´չ ուսուցչուհուն՝ նշելով, որ այդ դեպքից հետո երեխան փոխել է դպրոցը։ Մայրը հրաժարվել է որդուն ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին՝ ասելով, որ նախկին դասվարի դեմ իր որդուն հարվածելու հետ կապված որևէ բողոք, պահանջ չունի:
Նույնաբովանդակ դիմումներ են ներկայացրել և ցուցմունքներ են տվել նաեւ մյուս անչափահաս աշակերտների ծնողները: Նրանք ևս հայտնել են, որ չեն ցանկանում և հրաժարվում են, որ իրենց անչափահաս երեխաները ուսուցչուհու հետ առերես հարցաքննվեն:
Քննչական կոմիտեն հարվածի բնույթը պարզելու համար երկու աշակերտների համար նշանակել է նաև դատաբժշկական փորձաքննության, սակայն վերջիններիս մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: «Փորձաքննությանը ուշ ներկայանալու և բժշկական փաստաթղթերի բացակայության պատճառով հնարավոր չի եղել որոշել, թե մարմնական վնասվածքներ եղել են, թե ոչ, քանի որ վերջիններս կարող էին ապաքինվել այդ օրերի ընթացքում»,- հայտնել են Քննչական կոմիտեից:
Մեկնաբանել