HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Իրազեկված ծնողը կարող է շատ բան փոխել»․ ԿԳ նախարարը մասնակցեց կրթական նոր օրակարգի քննարկմանը (տեսանյութ)

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն այսօր քննարկում էր կազմակերպել մայիսի 14-ին հրապարակած կրթական առաջարկությունների փաթեթի վերաբերյալ։ Նախաձեռնության անդամները, իրենց խոսքով, չէին սպասում, որ քննարկման մասնակիցներն այդքան շատ կլինեն։  

Նրանք հիմնականում ուսուցիչներ էին, ուսանողներ, դասախոսներ, աշակերտներ։ Հանդիպման ձևաչափը հարցուպատասխանը չէր, այլ հրապարակված ծրագրին առնչվող առաջարկություններ անելը, որոնց մի մասը ներկայացվեցին բանավոր, մոտ մեկ րոպեանոց ելույթի տեսքով, ապա գրավոր տարբերակով հանձնվեցին նախաձեռնության անդամներին։ Առաջարկությունների փաթեթը վերջնական տեսքի բերվելուց հետո կիրակի օրը կներկայացվի կառավարություն։ Քննարկմանն ավելի ուշ միացավ նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախաձեռնության առաջարկությունների փաթեթում ներառված հարցերը, նախարարի խոսքով, շատ են քննարկվել, անհրաժեշտ է, որ հիմա լուծումներ լինեն։ Ա․ Հարությունյանի առաջնահերթությունների մեջ է մանկապարտեզներին առնչվող հարցերի լուծումը։ Հիշեցնենք, նախաձեռնության անդամները բարձրացնում են, օրինակ, հանրապետության ողջ տարածքում անվճար մանկապարտեզների հասանելիության, դաստիարակների ավելի բարձր վարձատրության հարցերը։ 

«Նախորդ տարիների ընթացքում դա ինձ համար ամենացավոտ թեմաներից է եղել, երբ կարծում էի, որ, [մանկապարտեզները] կրթական էս օղակներում ամենակարևորն են։ Որովհետև իրազեկ, կրթված ծնողը, երբ մանկապարտեզից գալիս է դպրոց, դպրոցում իրավիճակը կտրուկ սկսում է փոխվել, այո մեր առաջնահերթություններից է լինելու ծնողներին, աշակերտներին, ուսանողներին, դասախոսներին իրազեկել իրենց իրավունքների մասին, անցած մեկ տարվա ընթացքում, երբ ես Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահն էի, իմ գործունեությունը այս ուղղությամբ էր, և ես շատ կոնկրետ արդյունքներ եմ տեսել, իրազեկված ծնողը կարող է շատ բան փոխել», - ասաց Հարությունյանը։

Նա ասաց նաև, թե ինչու է քննարկումից ուշացել։ «Նախապես հարցազրույց ունեի նշանակված, բացի այդ մի դրամահավաքի բացահայտում էլ արեցի․ երեկ խոստացել էի, որ շատ կոնկրետ դեպքերի հետևից գնալու եմ և տվյալ մարդկանց հանձնեմ ոստիկանություն, այսօր դա արել եմ և կարծում եմ, որ սա դաս կլինի շատերի համար»,- նշեց Հարությունյանը։ Դրամահավաքի նշված դեպքը, ինչպես իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր նախարարը, բացահայտվել էր Երևանի թիվ 189 դպրոցում։ 

տեսանյութը՝ ֆբ օգտատեր Հովհաննես Հովհաննիսյանի

Արայիկ Հարությունյանն այսօր ասաց, որ սիրով ուսումնասիրելու է քննարկման մասնակիցների՝ ԿՔՆ-ին հանձնած առաջարկությունները։ Նախաձեռնության անդամ Տաթեւ Խաչատրյանը արագ ընթերցեց առաջարկությունները և սղագրելուց հետո հակիրճ ներկայացրեց դրանք։ Շատ են եղել այն կարծիքները, որ ուսումնական ծրագրերի մշակման գործընթացում պետք է ներգրավվեն նաև աշակերտները, իսկ օրինակ՝ դասագրքերի բովանդակության ստեղծումը պիտի իրականացնի բազմամասնագիտական թիմ, որում պետք է ներգրավված լինեն ոչ միայն ուսուցիչներ, այլև հոգեբաններ, հատուկ, սոցիալական մանկավարժներ։

Քննարկման մասնակիցները նաև կազմակերպչական բազմաթիվ առաջարկներ ունեին։ Օրինակ՝ ուսուցիչների որակյալ վերապատրաստումների իրականացում, որը կապահովի գործնական գիտելիք։ Ներկա ուսուցիչներից մեկը նշեց, որ վերապատրաստողները նախ իրենք վերապատրաստման կարիք ունեն։ Առաջարկ կար ուսուցիչների ընտրությունը դարձնել թափանցիկ և վերահսկել կոռուպցիոն ռիսկերը։ Մասնակիցներից մեկն էլ խնդրել էր տնօրենների կառավարման ժամանակի սահմանափակում և մանրամասնել․ «Այսինքն՝ տասը տարուց ավել տնօրենները չկառավարեն»։ Տաթեւի խոսքով՝ մասնակիցները շատ են առաջարկել նաև դպրոցներում ստեղծել գրադարաններ, այգիներ, մարզադահլիճներ։ Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ (1)

Գոհար Շագոյան
Շատ կարևոր նախաձեռնություն է՝ ԿՔՆ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter