
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դարձավ իրավագետ. Հայաստանում առաջին նախադեպն է (տեսանյութ)
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ, 22 տարի բանտում գտնվող Մհեր Ենոքյանը պաշտպանեց դիպլոմային աշխատանքը՝ ավարտելով Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: Սա առաջին դեպքն է ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, երբ ցմահ դատապարտյալն իրավաբան է դառնում: «42 տարեկանում իրականություն դարձավ իմ մանկության երազանքը՝ դառնում եմ իրավաբան... բայց, կարծես, ճակատագրի հեգնանք էր, որ դատապարտյալի կարգավիճակում եմ դառնում իրավաբան»,- ասաց Մհեր Ենոքյանը լրագրողներին:
Նրա ընտրած թեման, ինչպես ինքն ասաց, բխում է տարիների իր պայքարի տրամաբանությունից՝ «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայում. տեսական ու պրակտիկ խնդիրներ»: Ինքը՝ Ենոքյանը, դատապարտված լինելով 1996-ին` տարիներ շարունակ փորձում է հասնել իր քրեական գործի վերաբացմանը, սակայն դեռ ապարդյուն: Ինչպես ինքն է ասում՝ 1 ցուցմունքի վրա հիմնված դատավճռի բեկանման իր բողոքարկումներից վերջինը մերժվել է այս տարվա փետրվարին:
Ցմահ դատապարտյալն աշխատանքը ներկայացրել էր ռուսերեն: Ռուսերեն էր նաև պաշտպանությունը, քանի որ այդպիսին է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում պաշտպանության ու պետական քննությունների հանձնման կարգը: Դիպլոմային աշխատանքի ղեկավարը իրավագիտության թեկնածու Արմեն Ղուկասյանն է, որին Ենոքյանը նույնպես շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար:
Հանձնաժողովի անդամները ներկայացան ժամ ու կես ուշացումով` համալսարանում պաշտպանությունների պատճառով: Մինչ այդ, ցմահ դատապարտյալը զրուցեց լրագրողների հետ: «Հայաստանում չկա որևէ նախադեպ, երբ մահապատժի դատապարտվածի գործ վերաբացվի, և նա արդարացվի կամ գոնե պատժաչափ վերանայվի: Արդյոք սա վկայում է, որ Հայաստանում մահվան դատապարտելիս դատարանները երբեք չեն սխալվել: Իսկ ԱՄՆ-ում, Եվրոպայում անգամ 20-30 տարի անց ցմահ դատապարտյալներ են արդարացվում»,- նկատեց Մհեր Ենոքյանը:
Մհեր Ենոքյանը եւ մայրը |
Նա պատմեց, որ, անցնելով մահապատժի տարիների սարսափների, սովի, անարդարության, դաժան վերաբերմունքի միջով, 7 տարի առհասարակ չունենալով տեսակցության ու զբոսանքի իրավունք՝ այնուամենայնիվ փորձել է գրականության ու գիտության միջոցով պահել ինքնությունը:
Հանձնաժողովի նախագահ Անատոլի Բարաբաշը |
Հանձնաժողովը՝ ռուս գիտնական Անատոլի Բարաբաշի գլխավորությամբ, լսեց Մհեր Ենոքյանին, որը սկզբում շնորհակալություն հայտնեց ընձեռված բացառիկ հնարավորության համար՝ սովորել բուհում: Ենոքյանն ասաց, որ դիպլոմային աշխատանքում արված օրենսդրական փոփոխությունների առաջարկները մտադիր է շուտով ուղարկել ԱԺ:
Աջից` հանձնաժողովի անդամներ, փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը |
Ապա նախագահը, նաև անդամները՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, հարցեր տվեցին ընդդիմախոսի դիտարկումների շուրջ: «Մենք ուշադիր լսեցինք Ձեր դիպլոմային աշխատանքը, հարցեր տվեցինք, պատասխանեցիք: Մեր մի քանի հարցերին տրված պատասխանները ինձ իրավունք են տալիս ասելու, որ այս պատերի մեջ լինելը խանգարել է Ձեզ ավելի լայն նայել խնդրին... Կարծում եմ՝ եթե պատերից դուրս լինեիք, Ձեզնից լավ հետազոտող կստացվեր»,- ամփոփելով արդյունքները` ասաց ռուս գիտնականը:
Մհեր Ենոքյանը ստացավ 77 միավոր՝ հնարավոր 100-ից: Ըստ Անատոլի Բարաբաշի` Մհեր Ենոքյանը ստացավ բարձր գնահատական. «ՔԿՀ-ի պատերի ներսում նման աշխատանք գրելը մեծ կամքի ուժի մասին է վկայում»:
Մինչ այդ, «Պետության և իրավունքի տեսություն» առարկայի ավարտական քննությունից ստացել էր 85 միավոր, «Քրեական իրավունքից»՝ 80 միավոր:
Ենոքյանը վերջում շնորհակալությունների շարք հնչեցրեց՝ ուղղված հանձնաժողովի անդամներին, բուհի ղեկավարությանն ու դասախոսներին, քրեակատարողական վարչությանը, լրագրողներին. «Հենց լրագրողների միջոցով հանրությունը իմացավ բանտերի ու դատական սխալների մասին»:
20-ամյա Մհեր Ենոքյանը մահապատժի է դատապարտվել 1996թ.` մեղադրվելով համակուրսեցու սպանության մեջ: Մեղադրանքի ու դատավճռի հիմքում ընկած է գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի մի քանի անգամ փոփոխված ու իրարամերժ ցուցմունքներից վերջինը: Սկզբում Արամ Հարությունյանն ընդունել է, որ կատարել է սպանություն, ապա աստիճանաբար մեղքը բարդել է Ենոքյանի վրա: Արամ Հարությունյանն ու Մհեր Ենոքյանը դատապարտվել են 1961թ. Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին ու 6-րդ կետերով: Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատության մեջ է 2011թ.-ից: Իսկ Մհերը դատապարտվել է մահապատժի (2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով 42 մահապատժի դատապարտվածների պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ) ու մինչ օրս պայքարում է 22 տարվա վաղեմության քրեական գործի վերաբացման համար: Քրեական գործի անկատարության մասին մինչ օրս վկայում են բազմաթիվ փաստաբանական ու մասնագիտական կարծիքներ, դատական վիճարկումներ: Ենոքյանը 5 հեղինակային ու թարգմանական գրքերի հեղինակ է:
Քրեական գործի մասին՝ այստեղ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել