HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ վերաքննիչ դատարանը նվաճում է նոր բնագծեր

Լուսինե Պետրոսյան

ՀՀ վերաքննիչ դատարանը, ինչպես եւ ցանկացած այլ դատարան կոչված է հետազոտելու եւ գնահատելու ապացույցներ եւ դրանց հիման վրա կայացնելու վճիռներ: Բայց փաստեր հորինել... Սա մի նոր բնագիծ է դատավարական պրակտիկայում, որի նվաճման պատիվը վստահաբար պատկանում է, եթե ոչ ՀՀ վերաքննիչ դատարանի գործող կազմին ընդհանրապես, ապա գոնե դատավորներ Գ. Մատինյանին եւ Ն. Հովսեփյանին:

Էս սարն իմն է, էս ծառն իմն է

Երեւանի կենտրոնում, ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ գոյություն ունեն ինքնակամ շինություններ, 1930-ականներին կառուցապատված կացարաններ, որոնցում կան գրանցված, երբեմն նաեւ ապրող մարդիկ: Այդ ապրող մարդկանցից մեկը' Մ. Հայրապետյան, խորհրդային ժամանակներում ստանում է բնակարան Հարավ-Արեւմտյան թաղամասում, դուրս գրվում ԳՈՒՄ-ի մոտակայքի հասցեից եւ գրանցվում նոր բնակարանում: Սակայն չգիտես ինչու չի ազատում նաեւ նախկին տունը (Արհեստավորների 157): Շարունակում է ապրել եւ օգտվելով հանգամանքից, որ հարեւան բակերի բնակիչները (տուն 153, տուն 155) կամ նոր բնակարան ստանալով, կամ տեղափոխվելով վարձակալությամբ ապրելու' երկարատեւ բացակայում են, զբաղեցնում է նաեւ նրանց տարածքները:

2004-ին 155 տան բնակիչը' Հ. Հարությունյան, որը գերազանցապես ապրել է վարձակալությամբ, կամ ազգականների մոտ, սակայն հաշվառված լինելով Արհեստավորների 155 հասցեում, այդտեղից է իրականացրել իր եւ ընտանիքի քաղաքացիական բոլոր պարտականությունները պետության հանդեպ' լինի դա մասնակցություն ընտրություններին, որդու զորակոչումը բանակ եւ զորացրումը, երեխաների հաշվառումը պոլիկլինիկայում, նավթի կամ հացի կտրոնների ստացումը 90-ականների սկզբին եւ այլն, որոշում է օրինականացնել իրեն պատկանող հողակտորը' դրա վրա գտնվող կիսավեր շինությամբ:

Դիմում է կադաստրային մարմիններ: Ըստ ընդունված կարգի կադաստրի կոմիտեի աշխատակիցները գալիս են չափագրումների եւ... սկսվում է «ներկայացումը»: 157 տան բնակիչը, «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» կեցվածքով, «Կմեռնեմ, միայն իմ դիակի վրայով», «Կսպանեմ, կգնամ կնստեմ» կարգի սպառնալիքներով, աղմուկ-աղաղակով հասնում է նրան, որ չափագրումներ չեն կատարվում 155 տան հասցեում: 157 տան բնակիչը ի՞նչ կապ ունի 155 տան հետ: Անշուշտ ոչ մի կապ, բայց...

155 տան բնակիչը դիմում է դատարան, պահանջելով, որ չխոչընդոտեն իր մուտքը սեփական տարածք (փողոցի եւ 155 տան միջեւ է գտնվում 157 տան նորակառույցը): 157 տան բնակիչն էլ հակընդդեմ հայցով է մտնում դատարան' պահանջելով, որ 155 տանը գրանցված անձանց գրանցումները ճանաչվեն անվավեր:

Առաջին ատյանի դատարանը բավարարում է հիմնական հայցը եւ մերժում հակընդդեմ հայցը:

Չգիտես ինչու ուշադրություն չի դարձվում նրան, որ արդի գործող օրենսդրությունում նախ քաղաքացու «գրանցման» հասկացություն գոյություն չունի (կա «հաշվառում», որ ամենեւին էլ նույնական չէ «գրանցման» հետ): Եւ հետո 157 տան բնակիչը ոչ պատշաճ կողմ է 155 տանը քաղաքացիների հաշվառման խառնվելու համար:

Ինչեւէ հաշվի չառնելով նշված ոչ առաջին, ոչ երկրորդ հանգամանքները գործը քննում եւ վճիռ է կայացնում նաեւ Վերաքննիչ դատարանը: Վերաքննիչ դատարանը մերժում է ե՛ւ հիմնական, ե՛ւ հակընդդեմ հայցերը: Վերաքննիչի վճիռը բողոքարկվում է Վճռաբեկ դատարան:

Խորհրդային իրավամտածողություն, ՀՀ օրենքներ

Վճռաբեկ դատարանում գործով զեկուցում է դատավոր Վ. Աբելյանը: Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակի բեկանվում է' հակընդդեմ հայցի մասով ուղարկվելով նոր քննության:

Ընդսմին բեկանվում է հիմնավորմամբ, թե կա տեղեկանք, որ 155 տան հասցեում ոչ ոք չի բնակվում, եւ համաձայն տնային գրքի 155 տանը գրանցված Հ. Հարությունյանը եւ վերջինիս կինը' Լ. Դանիելյանը նշյալ հասցեում գրանցվել են համապատասխանաբար 1980-ին եւ 1983-ին, դուրս են գրվել 1996-ին եւ 1997-ին:

Վճռաբեկի որոշումը ստանալուց հետո Հ. Հարությունյանը դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության հասցեների հանրապետական բյուրո եւ վերցնում տեղեկանք առ այն, որ ինքն էլ, կինն էլ 1980 եւ 1983 թվականներից մինչ օրս գրանցված են 155 տան հասցեում:

Հասկանալի է, որ Վճռաբեկ դատարանը իր վճռի մեջ վկայակոչել է իրականությանը չհամապատասխանող փաստ, եւ մասամբ դրա վրա հենվող էլ որոշում կայացրել: Ուշագրավն այն է, որ տնային գրքի նույն էջի վրա առկա են «Հաշվառումից հանել» դրոշմակնիքներ խորհրդային անձնագրերի սերիա-համարներով գրանցումների դիմաց, եւ ընդամենը մի քանի տող ներքեւ «Հաշվառել» դրոշմակնիքներ ՀՀ անձնագրերի սերիա-համարներով գրանցումների դիմաց: Նույնիսկ առկա է ձեռագիր պարզաբանում «անձ, փոփոխ»: Թե ինչու դատավոր Աբելյանը ցանկանում է տեսնել «Հաշվառումից հանել» դրոշմակնիքները եւ չտեսնել «Հաշվառել» դրոշմակնիքները, կամ ինչու հարցում չի կատարում եւ չի ճշտում փաստեր' Վճռաբեկ դատարանի որոշման մեջ դրանք արձանագրելուց առաջ, մնում է իր խղճին:

Սակայն էլ ավելի էական է այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանում խորհրդային իրավամտածողությամբ ՀՀ օրենքներ են կիրառում եւ կոլիզիա առաջացնում: Նույնական են ընկալում տարբեր հասկացություններ' «գրանցում» եւ «հաշվառում»: Մինչդեռ ԽՍՀՄ-ը քաղաքացիներին գրանցում էր որպեսզի տվյալ հասցեում ապրեն, ՀՀ-ն քաղաքացիներին հաշվառում է, որպեսզի իրավունքներ, ազատություններ իրացնեն եւ պարտականություններ կատարեն:

Ամեն դեպքում խղճմտանքի լռություն է, թե խորհրդային իրավամտածողության իներցիա, գործի հետագա ընթացքի համար Աբելյանի դիրքորոշումը ունենում է գրեթե նույն նշանակությունը, ինչ հայտնի անեկդոտում Պետրոս Մեծի' Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ երկաթգիծը քարտեզի վրա նշելիս սեփական մատն էլ ուրվագծելը: Եթե գծվել է' պետք է կառուցվի: Եթե Աբելյանը չի տեսել «Հաշվառել» դրոշմակնիքը, ուրեմն այն չպետք է լինի (եթե նույնիսկ պարզվի էլ, որ մարդը հաշվառված եղել է եւ է):

Հայաստանյան փաստաբանները հաճախ են ասում, թե եթե Վճռաբեկ դատարանը որոշել է, որ մածունը սեւ է, Վերաքննիչը դա միայն կրկնելու է: Սակայն խնդիրն այն է, որ Վճռաբեկ դատարանը մածունի գույն չի որոշում, այլ գործն ուղարկում է վճիռը կայացրած դատարան' գույնը պարզելու' ողջ սեւագործությունը թողնելով վերջինիս:

Ինչո՞ւ ապացուցել, եթե կարելի է հորինել

Վերաքննիչ դատարանում երկրորդ անգամ նոր կազմով գործը քննելիս նախագահող դատավոր է նշանակվում Գ. Մատինյանը /երկրորդ դատավոր Ն. Հովսեփյան/: Ի տես ակնհայտ հակասության, որ առկա է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ' «գրանցումից դուրս եկած լինելու մասին» պնդման եւ Հասցեների բյուրոյի' հակառակը հավաստող տեղեկանքի միջեւ' Մատինյանը հարցում է կատարում Կենտրոնական ՆԳԲ անձնագրային բաժին, եւ ստանում պարզաբանում. «...Հ. Հարությունյանը եւ Լ. Դանիելյանը մինչեւ օրս գտնվում են հաշվառման մեջ: Տնային գրքում դրված հաշվառումից հանվել է դրոշմակնիքները 1996թ. եւ 1997թ. վերաբերում են քաղ. Հ. Հարությունյանի եւ Լ. Դանիելյանի նոր ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուն»: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է այնուհետեւ վարվում դատարանը:

Վճռի մեջ սեւով-սպիտակի վրա նորից գրում է, թե Հ. Հարությունյանը եւ Լ. Դանիելյանը 1996 եւ 1997թթ. դուրս են եկել գրանցումից... Դե, քանի որ լավ սկիզբը գործի կեսն է ինչն էր խոչընդոտելու ժամանակագրական առումով նախորդող ու հաջորդող մի քանի հանգամանք, «փաստ» էլ հորինել' իրավիճակ կոմպլեկտավորելու համար: Անշուշտ ոչինչ: Եվ մեր դատավորները անցնում են գործի:

Նրանք «գործի քննությամբ պարզում են», որ Հ. Հարությունյանը եւ Ն. Սոլոդկովան (ում անունով մինչ այժմ էլ հաշվառված է Արհեստավորների 155 հասցեում գտնվող անշարժ գույքը) աշխատել են նույն հիմնարկում: (Իրականում այդ մարդիկ աշխատել են տարբեր հիմարկներում, նույնիսկ տարբեր քաղաքներում: Առկա են աշխատանքային գրքույկներ): Աշխատելով նույն հիմնարկում Սոլոդկովան եւ Հարությունյանը ձեւակերպել են ձեւական ամուսնություն: (Ամուսնությունը եղել է օրինական եւ գրանցված ՔԿԱԳ մարմնի կողմից: Առկա է ամուսնության վկայական): Մի քանի ամիս հետո Սոլոդկովան եւ Հարությունյանը դատավճռով բաժանվել են: (Գործում առկա է ՔԿԱԳ ամուսնալուծության վկայական, որ բացառում է նմանօրինակ դատավճռի գոյությունը): Հետո Հարությունյանը վերագրանցվել է իր առաջին կնոջ հետ: (Հարությունյանը առաջին անգամ ամուսնացել է Ն. Սոլոդկովայի հետ 1980-ին, երկրորդ անգամ Լ. Դանիելյանի հետ' 1983-ին: Առկա են ՔԿԱԳ գրանցամատյաններ): 1983-ին Սոլոդկովան համաձայնություն է տվել, որ իր տանը գրանցվեն Հ. Հարությունյանի կինը եւ երեք երեխաները: (1983-ին Հ. Հարությունյանը եւ Լ. Դանիելյանը երեք երեխա ֆիզիկապես չեն ունեցել, եւ որեւէ երեխա չի եղել այն տարիքում, որ գրանցվեր: Առկա է տնային գիրք): Եվ այ նմանատիպ բազմաթիվ հակասություններ...

Ամբողջ մի էջ այս կարգի հորինվածքներ եւ ստախոսություններ շարադրելուց հետո որպես փաստական հիմք, հետեւում է եզրակացությունը' Հ. Հարությունյանի եւ նրա ընտանիքի անդամների գրանցումը Արհեստավորների 155 հասցեում ձեւական բնույթ է կրում եւ կեղծ գործարք է: Հետագա հղումներ են կատարվում Քաղ. օր. 18-րդ' «Գործարքներ» գլխի հոդվածներին:

Մինչդեռ նախ' Հ. Հարությունյանի ընտանիքի անդամները 155 տան հասցեում գրանցվել են ծագած տարբեր իրավական հարաբերությունների արդյունքում եւ տարբեր տարեթվերի 1980, 1983, 1998, 1999, 2004: Հետեւաբար հարկ էր Հարությունյանի ընտանիքի անդամների գրանցման առնվազն հինգ գործարք թվարկել, դեռ դրանց կեղծ լինելու հիմնավորումը մի կողմ թողած:

Երկրորդ' ՀՀ-ում գործում է քաղաքացիների ոչ թե գրանցման, այլ հաշվառման հասկացություն: Հաշվառումը մշտական կամ ժամանակավոր բնակության հասցեներում պետության կողմից ՆԳ մարմինների միջոցով իրականացվող գործողություն է, որի կարգը սահմանված է ՀՀ կառավարության. 821 որոշմամբ (25.12.1988): Հաշվառումը գործարք չէ, հետեւաբար Քաղ. օր 306 հոդված քաղաքացիների հաշվառման վրա տարածվել չի կարող:

Երրորդ' Քաղ. օր-ում կա ոչ միայն 306 հոդված առ այն, որ կեղծ գործարքը առոչինչ է, այլեւ 317 հոդված «Անվավեր գործարքներով հայցային վաղեմության ժամկետների» մասին, որ ամենեւին էլ անժամկետ չէ, այլ միայն 10 տարի:

Ամենաթողության հոգեբանություն

ՀՀ Վճռաբեկ դատարանը երկրորդ անգամ լսելով գործը Վերաքննիչի վճիռը թողնում է ուժի մեջ: 155 տան քաղաքացիների գրանցումը ճանաչվում է անվավեր:

Այլ կերպ ասած ՀՀ վճռաբեկ դատարանը իր որոշման ուժով պաշտպանում է արարք, որ եթե կատարվեր շարքային քաղաքացու կողմից, սահմանված կարգով առաջ էր բերելու քրեական պատասխանատվություն: ՀՀ օրենդրությամբ ակնհայտ կեղծ ցուցմունք տալը քրեական պատասխանատվություն է առաջացնում: Իսկ երբ դատավորն է ակնհայտ կեղծ փաստեր հորինում, վկայակոչում եւ դրանց վրա հենվող որոշում կայացնում' ի՞նչ է' արարքը դադարում է քրեական հանցանք լինելո՞ւց:

Կարծում ենք սա այն դեպքն, երբ իմաստ ունի հետամուտ լինել, գուցե նաեւ Օմբուդսմենի գրասենյակին էլ դիմելով, որպեսզի ՀՀ դատախազությունը զբաղվի Վերաքննիչ դատարանի դատավորներ Գ. Մատինյանի եւ Ն. Հովսեփյանի դեմ:

Քաղաքացու գրանցումը դատական կարգով անվավեր ճանաչելու պրակտիկա գոյություն է ունեցել եւ կիրառվել է ԽՍՀՄ կամ ՀԽՍՀ բնակարանային օրենսդրությամբ: Մինչդեռ ՀՀ իրավական դաշտում քաղաքացիների հաշվառումը եւ հաշվառումից հանելը կարգավորող օրենսդրությունը' «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» կառավարության 821 որոշումը, դատական ատյանների որեւէ մասնակցություն քաղաքացիների հաշվառմանը չի նախատեսում: Դատական միջամտության աղերս մեծ ցանկության դեպքում կարելի է տեսնել «բնակելի տարածությունը զբաղեցնելու իրավունքը հաստատող փաստաթղթերը անվավեր ճանաչելու» դրույթի կիրառման մեջ (821 որոշում, հոդ. 35, «բ» կետ): Իսկ խնդրո առարկա գործում, քանի որ նման փաստաթուղթ ծննդյան եւ ամուսնության վկայականներն են եղել, որոնք հնարավոր չէ անվավեր ճանաչել, այն էլ 20 տարի հետո, Վճռաբեկ դատարանը ինքն իրեն հաշվառում անվավեր ճանաչելու լիազորությամբ է օժտել:

Եվ առանց մտահոգվելու, թե հաշվառումից հանվող մարդը որտեղ պետք է հաշվառվի, որտեղից իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները իրացնի, առանց նույնիսկ այդ մարդկանց ներկայության կամ մասնակցության դատական նիստին (այդ թվում Վերաքննիչ դատարանի), կայացվում է որոշում: Մինչդեռ մարդիկ չունեն հաշվառվելու այլ հասցե: Եվ ուղղակի հետաքրքիր է, թե ասենք հաշվառումից դուրս եկող պահեստազորայինին ո՞ր զինկոմիսարիատն է հաշվառելու, ինչպես են այս մարդիկ ազատ տեղաշարժի իրենց իրավունքը իրացնելու, որտեղի՞ց են ընտրության մասնակցելու եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter