HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհում մոտ 300 մլն մարդ հիվանդ է բրոնխիալ ասթմայով

Այսօր ասթմայի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը նշվում է ասթմայի համաշխարհային օրը, որը հռչակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, և անցկացվում է «Ասթմայի դեմ գլոբալ նախաձեռնության» (Global Initiative for Asthma) հովանու ներքո:

Ամենամյա միջոցառման նպատակն է ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրվել բրոնխիալ ասթմայի (ԲԱ) խնդրին և համատեղ ջանքերով քննարկել դրա լուծման հնարավորությունները:

Այսօր աշխարհում մոտ 300 մլն մարդ հիվանդ է ԲԱ-ով:

Այս տարի ասթմայի համաշխարհային օրն անցկացվում է «Դու կարող ես վերահսկել քո ասթման» նշանաբանով: «Ասթմայի դեմ գլոբալ նախաձեռնության» գործադիր կոմիտեն այն հատուկ է ընտրել' ընդգծելու համար, որ գոյություն ունի ասթմայի արդյունավետ բուժում, և համապատասխան ախտորոշման, ուսուցման ու բուժման պարագայում ԲԱ-ով հիվանդների մեծամասնությունը կարող է հասնել հիվանդության լավ վերահսկման և ապրել լիարժեք, ակտիվ կյանքով:

Ըստ «Ասթմայի դեմ գլոբալ նախաձեռնության» և ասթմայի կանխարգելման և բուժման գլոբալ ռազմավարության (2010թ.)' ասթմայի վերահսկմանը հասնելու և վերահսկումը պահպանելու համար հիվանդների վարումն իրականացվում է աստիճանական մոտեցմամբ:

Դա նշանակում է, որ դեղամիջոցային բուժումն ուժեղացվում է (մի քայլ վերև), եթե ասթման չի վերահսկվում, և աստիճանաբար նվազեցվում է (մի քայլ ներքև), երբ լավ վերահսկման են հասնում, որից հետո պահպանվում է այդ մակարդակի վրա' վերահսկման պարբերական գնահատմամբ:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ' առաջին անգամ ասթմայի համաշխարհային օրը նշվել է 1998 թ. Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ասթմայի խնդիրներին նվիրված առաջին համաշխարհային հանդիպման շրջանակներում, որին մասնակցել է 35 երկիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter