HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Մակունցը հանդիպել է լուսանկարչության ոլորտի ներկայացուցիչներին

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը երեկ հանդիպել է լուսանկարչության ոլորտի ներկայացուցիչներին։ Կարին Գրիգորյանը ներկայացրել է հնչած հարցերը, որոնք ամբողջությամբ ներկայացնում ենք․

Լուսանկարչության զարգացման հեռանկարները Հայաստանում

Սիրելի՛ ընկերներ եւ հարգելի՛ Լիլիթ Մակունց,

Այս ակնարկը կփորձի ամրագրել մեր երեկվա ձեռքբերումը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնությամբ ստացվեց լուսանկարչության հանպատրաստից մի համաժողով, իր բնույթով եզակի, քանի որ երբեէ չէինք հավաքվել այդպիսի լայն կազմով՝ ձեւակերպելու Հայաստանում լուսանկարչության ոլորտի զարգացման հիմնախնդիրները, նաեւ փաստելու այդ ուղղությամբ արված աշխատանքը: Իհարկե, չասենք, որ այդ հանպատրաստից համաժողովը ներկայացրեց ողջ ոլորտը եւ ընդգրկեց հարցերի ողջ շրջանակը:

Ձեր թույլտվությամբ կփորձեմ առանձնացնել այն հիմնական խնդիրները կամ հարցերը, որոնց անդրադարձանք երեկ: Թույլ տվեք նաեւ կոնցեպտուալացնել դրանք եւ առաջարկել հարցադրումներ, որպեսզի ակնարկը չվերածվի հանդիպման պարզ վերաշարադրման:

Արխիվ

Մեզանից շատերը զբաղվում են համահայկական լուսանկարչության արխիվավորման հարցերով. հավաքագրում են, ուսումնասիրում, պահպանում: Հայաստանի Հանրապետությունն, անշուշտ, պետք է լինի այն վերջնական հանգրվանը, որն ընդունում, պահպանում եւ տիրոջ իրավունքով միջազգայնորեն հանրայնացնում է 19-րդ եւ 20-րդ դարերում գործունեություն ծավալած տասնյակ պալատական, ճամփորդող, լուսանկարչատներ ունեցող, աշխարհահռչակ ու անհայտ հայ լուսանկարիչներին, որոնք ստեղծագործել են միջին արեւելքում եւ աշխարհի այլ երկրներում: Այս արխիվը պետք է ունենա պետական կարգավիճակ, քանի որ արխիվավորման եւ հանրայնացման աշխատանքի ծավալները մատենադարանական բնույթի ինստիտուտի գործունեություն են պահանջում: Անհատ նախաձեռնությունները կամ փոքրիկ հաստատությունները կարող են օգտակար լինել, սակայն, համաձայնեք, չեն կարող իրենց ուսերին վերցնել այս հսկայական բեռը:

Մինչդեռ Խորհրդահայ լուսանկարչության արխիվը արժե, որ օր առաջ հայտնվի մեր համեստ հնարավորությունների օրակարգում, եւ վճռական լինի դաշտի որոշումը՝ հնարավորինս հանրայնացնելու խորհրդահայ լուսանկարչության արխիվը: Այն կօգնի ձեւակերպել Հայաստանի լուսանկարչության պատմությունը: Շահերի կամ սուլթանների պալատներում ստեղծագործող ազգությամբ հայ լուսանկարիչները չեն կարող ներկայացնել հայկական համատեքստեր ու մեզ համար արդիական հանրային հիշողություն:   Խորհրդային Հայաստանի լուսանկարիչները կարող են: Մեր լուսանկարչության պատմության հենքը մեր հանրության պատմությունն է: Համահայկական լուսանկարչությունն իր էությամբ բրենդ է: Այն նաեւ լուսանկարչություն ուսումնասիրելու հսկա ռեսուրս է:

Ամփոփեմ. Համահայկական լուսանկարչության արխիվ-ինստիտուտի ստեղծումը պետությանը պակաս հռչակ չի բերելու, քան Մատենադարանը: Մինչ այդ արխիվը կդառնա մշակութային իրողություն եւ կշարունակի լցնել հայկական հպարտության բաժակները, Խորհրդային Հայաստանի (ընդ որում՝ նաեւ սիրողական) լուսանկարչության արխիվի լրջագույն ուսումնասիրությունն ու հանրայնացումը կնպաստի հասկանալու լուսանկարչության դերը այն հասարակարգում, որը կերտել է մեզ մշակութայնորեն եւ որի հիշողությունը մենք կրում ենք մեր մեջ: Իսկ լուսանկարչությունը, անկախ թե որտեղ է աշխատում, ամրագրում եւ հռչակում է հանրային եւ մասնավոր հիշողությունը:

Մեդիակրթություն

Լուսանկարչությունը ժամանակակից արվեստի հիմնական մեդումներից՝ միջոցներից է: Թե՛ լրագրության, թե՛ արվեստի բնագավառներում այսօր լուսանկարչությունը  բազմամեդիա (մուլտիմեդիա) արտադրանքի միջոցներից մեկն է: Մեզ մոտ ուշանում է բազմամեդիա կենտրոնի ստեղծումը, թեեւ ԹՈՒՄՈ-ն եւ այլ կրթական նախաձեռնություններ, ինչպիսիք Մեդիալաբն է, փորձում են մասնակիորեն լրացնել այդ բացը: Թբիլիսին այդ առումով առաջատար է: Այն ունի լուսանկարչության փառատոն, բացում է մուլտիմեդիա կենտրոն, այնտեղ ավելի որակյալ են երեւակում ժապավենը եւ տպագրում են լուսանկարը ավելի որակյալ:

Այլ հարց է, թե արդյո՞ք մեզ անհրաժեշտ բազմամեդիա կենտրոնը կամ լաբորատորիան պետք է ունենա պետական կարգավիճակ եւ գործունեություն ծավալի պետական միջոցներով:

 

Համագործակցության սկզբունքներ

Ոլորտը սկզբունքային հարց է բարձրացնում. ի՞նչու Ազգային պատկերասրահում մինչ օրս չի գործում լուսանկարչության բաժին: Դա միակ հեղինակավոր կառույցն է, որը պետք է հաստատի լուսանկարչությունը որպես արվեստի օրինական ուղղություն եւ զբաղվի Հայաստանում ստեղծվող լուսանկարչության հանրայնացմամբ:

Լուսանկարչության առանձին թանգարանի հարցը բարձրացնելով՝ մեր հանպատրաստից համաժողովը նաեւ համաձայնեց, որ թանգարանը նախեւառաջ հետազոտական տարածք է, ցուցադրավայր եւ ինստիտուտ: Այդպիսին է թանգարանի կառուցվածքի եւ գործունեության ժամանակակից ընկալումն այսօր, թեեւ ասենք, որ առնվազն լուսանկարչության մասով այն շրջանցում է մեր հանրապետությունը: Ինչու չէ, այդ տարածում կարող է գործել նաեւ լաբորատորիան, որտեղ հնարավոր է որակյալ տպագրություններ անել, չվազել հարեւան Վրաստան եւ հասնել մինչեւ Ավստրալիա:

Սակայն ավելի կարեւոր է ճշտել լուսանկարչության հետազոտական կենտրոնի կարգավիճակը: Արդյո՞ք այն պետք է նախաձեռնի, հիմնադրի եւ ֆինանսավորի մշակույթի նախարարությունը: Հարցը, կարծես, ժամանակի սղության պատճառով չքննարկվեց երեկ: Թույլ տվեք մտածումի ու քննարկման առարկա դարձնել սա:

Ի՞նչ սկզբունքներ կամ առաջնահերթություններ կարող է ունենալ պետական նշանակության նմանատիպ կառույցը: Այն կարող է, այո, սահուն կերպով ձուլվել լուսանկարչության համահայկական արխիվ-ինստիտուտի գաղափարին: Սահմանները կլղոզվեն: Լուսանկարչության պետական հայեցակարգերը, թեեւ այդպիսիք այս պահին չկան, չեն կարող նույնանալ Հայաստանում անկախ կերպով զարգացող լուսանկարչական ազատ, արվեստային, հետազոտական, վավերագրական, գեղարվեստական եւ այլ հայեցակարգերի հետ:

Ամփոփենք. կան պետական առաջնահերթություններ եւ կա լուսանկարչության անկախ ոլորտ: Մշակույթի նախարարությունը, թերեւս, կարող է համախմբել այս երկուսը խորհրդանշական մակարդակում՝ ներկայացնելով պետական եւ անկախ հայեցեկարգերը որպես միմյանց փոխլրացնող, քննադատող, երկխոսող եւ մեկը մյուսով սնվող հայեցակարգեր, որոնք լուսանկարչական մշակութային արտադրանք են առաջարկում հանրությանը:

Եվ ուրեմն

Այս ամենով հանդերձ, երեկ հասկանալի դարձավ, որ մշակութի նախարարությանը երկարաժամկետ ծրագրերից առավել հետաքրքրում են կարճաժամկետ ծրագրերը՝ հանրությանը տեսանելի արդյունքը: Նախարարն առաջարկեց շարունակել խոսակցությունն ու հանդիպումը ավելի անմիջական տարածքում (այս պահին քննարկվում է Միրզոյան գրադարանը), եւ այդ ընթացքում, սիրելի ընկերներ, գուցե մտածենք կոնկրետ առաջարկների մասին: Ինքս կողմ եմ, որպեսզի նախարարությունը նախաձեռնի լուսանկարչական ոչ մեծ հետազոտական նախագծերի ֆինանսավորում երիտասարդների շրջանում:

Կարին Գրիգորյան   

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter