HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Բարեկրթության խրատներ՝ թափանցիկության փոխարեն

Էդիկ Բաղդասարյան
Լիանա Սայադյան

Փետրվարի 2-ին «Հետք»-ը հրապարակել էր «Գերմանական ֆոնդերի գործունեությունը փակ է Հայաստանում» հոդվածը, որում խոսքը այդ հիմնադրամների ոչ թափանցիկ գործունեության, ավելի ճշգրիտ՝ տեղեկատության չտրամադրման մասին էր: Այդ հոդվածը մեծ արձագանք գտավ ոչ միայն միջազգային կառույցների, այլեւ հայկական լրատվամիջոցների շրջանում:

Նախորդ շաբաթ ռուսալեզու «Գոլոս Արմենիի» պարբերականը եւ «Հայոց աշխարհ» օրաթերթը «Հետք»-ի հրապարակման առիթով սեփական անդրադարձ կատարեցին նշված հիմնադրամների գործունեությանը: Սակայն, երկու պարբերականներն էլ շեշտը դրեցին այդ հիմնադրամների գործունեության քաղաքական ենթատեքստի վրա՝ կիսաձայն ակնարկներ անելով, թե Հայաստանում որ քաղաքական ուժի կամ ուժերի հետ են դրանք հիմնականում համագործակցում կամ ում են համակրում:

«Հետք»-ը չունի քաղաքական համակրանքներ կամ հակակրանքներ, եւ մեր նպատակը իսկապես այդ հիմնադրամների գործունեության թափանցիկության եւ արդյունավետության աստիճանը պարզելն էր: Ը

ստ որում՝ մեր հետաքրքրության շրջանակը չէր սահմանափակվում միայն գերմանական հիմնադրամներով: Նմանատիպ գրավոր նամակներ եւ հարցեր ուղղվել են Հայաստանում գործող տասնյակ միջազգային կազմակերպությունների, որոնցից մենք ստացել ենք պատշաճ պատասխաններ:

Մեր հրապարակմանը երկու շաբաթ հետո արձագանքեցին նաեւ Ֆ. Նաումանի եւ Ֆ. Էբերտի հիմնադրամներից: Փետրվարի 21-ին էլեկտրոնային փոստով մեզ նամակ հղեց Նաումանի հիմնադրամի՝ Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի եւ Կովկասի ծրագրի ղեկավար Ջոն Վոլֆգանգը:

Տեղեկատվություն չտրամադրելը պատճառաբանելով Հայաստանում մինչ օրս պաշտոնապես ներկայացված չլինելով՝ պրն Ֆոլգանգը հավաստում է, որ այդ գործելակերպը կփոխվի 2005թ. ապրիլի 1-ից, երբ հիմնադրամը սկսի Հարավային Կովկասի իր նոր ծրագիրը Թբիլիսիում:

Իր էլեկտրոնային նամակին Ջ. Վոլֆգանգը կցել է հիմնադրամի՝ 2003, 2004 թվականներին իրականացրած եւ 2005-ին իրականացնելիք միջոցառումների եւ տեղական գործընկերների ցանկը՝ գերմաներեն: Սակայն, այդպես էլ չի նշել, թե որ ծրագրի համար որքան գումար է ծախսվել: Հիմնադրամի ներկայացուցիչը հայտնում է միայն, որ Հայաստանում իրականացվող ծրագրերի համար տարեկան ծախսում է 50.000-60.000 եվրո, եւ Հարավային Կովկասում Նաումանի հիմնադրամի աշխատանքը ֆինանսավորում է Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը:

«Այդ նախարարությունը մանրակրկիտ ֆինանսական վերահսկողություն է իրականացնում»,-ավարտում է իր նամակը պրն Վոլֆգանգը:

Նամակի հեղինակը ընդհանրապես չի անդրադարձել մեր այն հարցմանը, թե հայկական լրատվամիջոցներից մեկին լիբերալ արժեքներ քարոզելու համար հիմնադրամն իրո՞ք տրամադրել է 250 հազար դոլար թե, ոչ: Եվ եթե տրամադրել է, ապա ո՞ր լրատվամիջոցին:

Ֆ. Էբերտի հիմնադրամի անունից փետրվարի 17-ին մեզ գրել է Հարավային Կովկասում հիմնադրամի տարածաշրջանային ներկայացուցիչ Գյունտեր Ֆիխտները: Հայաստանում դարձյալ պաշտոնապես չներկայացված («Մեր երեւանյան գրասենյակի՝ ըստ ՀՀ օրենսդրական հրահանգների գրանցումն ընթացքի մեջ է»-Ֆ. Գ.) այս հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտները, ըստ պրն Գյունտերի, «Հարավային Կովկասում ժողովրդավարական եւ պլյուրալիստական հասարակական-քաղաքական զարգացումն է, տարածաշրջանային համագործակցությունն ու տարածաշրջանի մերձեցումը Եվրոպային»:

Իր հայրենակից Վոլֆգանգի պես ներկայացնելով միջոցառումների եւ գործընկերների ցանկը՝ Գյունտերը հրաժարվում է խոսել Էբերտի հիմնադրամի գործունեության ֆինանսական կողմի մասին. «Հիմնադրամի կողմից տարեկան տրամադրվում է միջինում մոտ 60.000-ից մինչեւ 100.000 եվրո: Սակայն մենք սկզբունքորեն տվյալներ չենք տրամադրում մեր գործընկերների հետ հարաբերությունների մասին: Դա կհակասեր տնտեսական եւ հասարակական հարաբերություններում համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին եւ բարեկրթության կանոններին (ընդգծումը մերն է)»,-գրում է նա:

Մենք կարծում ենք, որ Ֆ. Էբերտի հիմնադրամը ժողովրդավարության լավ օրինակ չի կարող ծառայել, եթե խուսափում է ֆինանսական գործունեության ոլորտում թափանցիկություն ապահովել: Այդ հիմնադրամը բիզնեսով զբաղվող ընկերություն չէ, եւ ոչ էլ բանկ, որոնց վրա տարածվում են առեւտրային եւ բանկային գաղտնիքի մասին օրենքները:

Ստացվում է, որ այն միջազգային կազմակերպությունները եւ հիմնադրամները, որոնք հայտարարություններ են տպում իրենց ծրագրերի մասին' նշելով յուրաքանչյուրի արժեքը, եւ միաժամանակ պահանջում են, որ ֆինանսական հաշվետվություններ հրապարակեն նաեւ իրենց հայ գործընկերները, խախտում են բարեկրթության նորմերը:

Կարծում ենք' բարեկրթության դասեր նախ եւ առաջ պետք է առնեն գերմանական հիմնադրամների աշխատակիցները, ովքեր ամիսներ շարունակ անտեսում են լրագրողների հարցումները:

«Հետք»-ը դեռեւս չի ավարտել այս հոդվածաշարը: Մենք փորձում ենք գերմանական հիմնադրամների այդքան ջանասիրաբար թաքցրած տեղեկությունները ստանալ նրանց տեղական գործընկերներից եւ մեր աղբյուրներից:

Երկու հիմնադրամների տեղական գործընկերները Հայաստանի հասարակական կազմակերպություններն են: Իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը այդ կազմակերպություններին պարտավորեցնում է ապահովել հրապարակայնություն ու թափանցիկություն (հոդված 4, 16):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter