HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզում մեկնարկել է բրդի արտադրության ծրագիրը

Բրդի մշակման և նոր աշխատատեղերի ստեղծման մասին խոսակցությունները Շիրակի մարզի Ամասիա համայնքում սկսեցին շրջանառվել 2016 թ.-ի համայնքների խոշորացման ծրագրից հետո: 2017թ.-ի հունվարին «Հետք»-ին տված հարցազրույցում համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նշել էր, որ ցանկանում են նման ծրագիր իրականացնել և աջակցության նպատակով դիմելու են կառավարությանը: Մեկ տարի առաջ համայնքապետը խոսում էր փոքրիկ մի ձեռնարկության մասին, որն ապահովելու էր 5-6 աշխատատեղ ընդամենը:

Մայիսի 20-ին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում տեղի ունեցավ Եվրամիության տարածքային զարգացման պիլոտային ծրագրի կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղերի շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի բացումը: Ծրագրի շրջանակներում Ամասիա համայնքում գործելու է բրդի վերամշակման գործարան 20 և ավելի նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ: Նորաստեղծ գործարանում զբաղվելու են բրդի մթերման, լվացման, մանման, թելի արտադրության և բնական գունանյութերով ներկման աշխատանքներով:

24 ամիս տեւողությամբ եւ 549.819.00 եվրո արժողությամբ (ԵՄ ներդրումը 350 հազար եվրո) ծրագրի գործընկերներն են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատը և Ամասիայի համայնքապետարանը:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար, Շիրակի մարզի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը, Շիրակի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը, Գորիսի «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն»-ի ներկայացուցիչները, համայնքի բնակիչներ:

Իր ելույթում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորեց տարածաշրջանում ծրագրի ներդրումը՝ շեշտելով, որ տնտեսական զարգացման կայունությունն ապահովված է, երբ կենտրոնական և տեղական իշխանությունները համագործակցում են մասնավոր, պետական եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Դա նպաստում է գործարար միջավայրի բարելավմանը, պայմաններ ստեղծում մասնավոր սեկտորի տնտեսական աճի ապահովման ու նոր աշխատատեղերի ստեղծման համար:

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցն էլ իր հերթին հույս հայտնեց, որ Ամասիայի բրդի վերամշակման գործարանի գործարկումը տարածաշրջանում տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կստեղծի՝ բարձրացնելով փոքր ու միջին բիզնեսի մրցունակությունը, որի շնորհիվ կկրճատվի աղքատությունն ու միգրացիայի ցուցանիշը: Նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով ծրագիրը ֆինանսավորելու է ՓՄՁ-երի կողմից առաջարկված 14 լավագույն բիզնես առաջարկ՝ ապահովելով նվազագույնը 40 նոր աշխատատեղ:

Ծրագրի իրականացման ընթացքում Զբաղվածության կենտրոնում հաշվառված շուրջ 150 աշխատանք փնտրողներ դասընթացների շնորհիվ կզարգացնեն իրենց հմտությունները՝ բարձրացնելով սեփական մրցունակությունն աշխատաշուկայում: Եվրամիության կողմից համաֆինանսավորվող այս ծրագիրը կնպասի նաեւ տարածաշրջանում ոչխարաբուծության զարգացմանը՝ կայուն եկամուտ ապահովելով տեղի ֆերմերների համար: Բրդի որակի բարելավման ուղղությամբ նախատեսված է իրականացնել ոչխարի երկու ցեղատեսակի խաչասերում: Ծրագիրը նպաստելու է նաեւ արոտների ընդարձակմանն ու կայուն կերի բազայի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:   

Ծրագրի պաշտոնական բացումից հետո ներկաների համար կազմակերպվեց ինտերակտիվ ցուցադրություն՝ բրդի գզում, թելի մանում և այլն: Տարածքային նախարար Սուրեն Պապիկյանը եւ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս մասնակցեցին՝ փորձելով ուժերը թելի մանման բավական նուրբ ու զգուշություն պահանջող գործընթացում:

Մեկնաբանություններ (1)

Ավագ
Երանի նմանատիպ կամ ավելի խոշոր բրդի վերամշակման ձեռնարկություն էլ Օձուն խոշորացված համայնքի գյուղերից մեկում,/օրինակ Մղարթում/ բացվեր,քանի որ արդեն 30 տարի է ԲԱՐՁՐ ՈՐԱԿԻ բուրդը որպես աղբ դեն է նետվում կամ այրվում,միաժամանակ վնաս պատճառելով շրջակա միջավայրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter