HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ինձ էլ չանհանգստացնես…»

Պրն Հայրապետյան, մեր հարցման պատասխանը ե՞րբ կստանանք:

Երբ որ պատասխանենք:

Իսկ ե՞րբ եք պատրաստվում պատասխանել:

45 օրվա մեջ:

Բայց օրենքը սահմանում է 5-օրյա ժամկետ: 

Բա որ գիտես, էլ խի՞ ես զանգել: 

Ուզում եմ իմանալ` ինչո՞ւ չեք պատասխանում: 

Էլ ինձ չանհանգստացնես, հա… Երբ որ պատասխանելու լինենք, կպատասխանենք,- եզրափակեց Էդիկ Հայրապետյանը:

Էդիկ Հայրապետյանը Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանի «Երթաշարժ» ՓԲԸ-ի տնօրենն է:Նրան, իհարկե, անհանգստացնել չի կարելի, նա իր համայնքի տարբեր հատվածներում գոյություն ունեցող ավտոկայանատեղերից գոյացած փողերը հաշվելով է երեւի զբացված, իսկ ինչ-որ մի լրագրող փորձում է հենց այնպես իրենից տեղեկություն ստանալ: Մենք ստիպված ենք եղել նրան դիմել, որովհետեւ մեր կամքից անկախ` նրան եւ նրա նմաններին է վստահված ինչ-որ ոլորտների կարգավորումը: Իսկ Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարան դիմելու պատճառը «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի աշխատակիցների ահազանգն էր:

«Հաղթանակի» զբոսայգում գտնվող «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին հարակից տարածքում թաղապետարանը վճարովի ավտոկանգառ է ստեղծել` վարորդներից գանձելով 200 դրամ:

Մեր այցելության ժամանակ յուրաքանչյուր մեքենայից 200-ական դրամ գանձող տարեց կինը մեզ հետ խոսելու ցանկություն չուներ: Նա միայն նշեց, որ գումարի մեծ մասը տալիս են «տերերին»: Իսկ թե ովքեր են «տերերը», կինը չգիտեր: «Որդիս է էդ հարցերով զբաղվում»,- պատճառաբանեց նա: Նրա որդուն հանդիպելու մեր փորձերն ապարդյուն անցան:

«Մայր Հայաստան» թանգարանն իր հարակից տարածքով` 1400 քմ, կառավարության կարգադրությամբ 1995թ. անցել է Պաշտպանության նախարարության (ՊՆ) հաշվեկշռին: Հիմք ընդունելով այս կարգադրությունը` Երեւանի քաղաքապետը հիշյալ տարածքն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել է ՊՆ-ին: Սակայն հատակագծի համաձայն` 1400 քմ մակերեսն ընդգրկում է զուտ թանգարանի շինությունը: Անհասկանալի է, թե ինչու է կիրառվել «հարակից տարածք» բառակապակցությունը, որովհետեւ այն շարունակում է մնալ իբրեւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի սեփականություն:

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հուշարձանների օգտագործումը տնտեսական եւ այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական եւ գեղարվեստական արժեքը»: Չնայած սրան` թաղապետարանը թանգարանի շրջակայքը դարձրել է վճարովի ավտոկայանատեղի եւ հենց մուտքի մոտ փակցրել ցուցանակ` «Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան, վճարովի ավտոկայանատեղ, 200 դրամ» վերտառությամբ:

«Ավտոկանգառի պատճառով ամբողջ տարածքը վերածվում է աղբակույտի: Իսկ թաղապետարանը տոնից տոն 1-2 հավաքարար է ուղարկում, որոնք միայն դատարկ շշերն են հավաքում, որ հանձնեն: Զինտեխնիկան մենք ենք սպասարկում, տարածքը մաքրում, ներկում, պատվանդանները վերանորոգում»,- ասում է թանգարանի պետ Արայիկ Թադեւոսյանը եւ նշում, որ իրենք բազմիցս դիմել են թաղապետարան, խնդրել դադարեցնել վճարովի ավտոկայանատեղի շահագործումը, բացատրել են դրա աննպատակահարմարությունը: Բայց արդյունքի չեն հասել, եւ թանգարան-թաղապետարան առճակատումը ձգվում է արդեն տարիներ:

Թանգարանի տնօրինության բողոքներին ի պատասխան` թաղապետարանի «Երթաշարժ» ՓԲԸ-ի տնօրեն Էդիկ Հայրապետյանը դեռեւս նախկին թաղապետ Ռուբեն Սինոյանի օրոք գրել է. «…թաղապետի կարգադրությամբ փակվել են թանգարանի աջ եւ ձախ կողմերի տարածքները` այն դարձնելով փակ գոտի ավտոմեքենաների մուտքի համար: Իսկ թանգարանի հետեւի տարածքում կազմակերպված են վարձավճարով ցերեկային ավտոկայանատեղեր»:

«Հետո նոր թաղապետ Քոթանջյանն ուղարկեց «Երթաշարժի» մասնագետներին: Ասացի, որ Սինոյանի որոշմամբ վճարովի ավտոկանգառ պետք է ստեղծվեր միայն թանգարանի հետնամասում: Ինչու՞ եք կողքերն էլ սարքում: Ասացին` մենք նոր որոշում կընդունենք, որ եզրամասերն էլ են մտնում դրա մեջ,- հիշում է Ա. Թադեւոսյանը եւ շարունակում:- Ես դեմ չեմ: Թող թանգարանի հետնամասը ծառայի որպես ավտոկանգառ: Բայց միայն անվճար: Ի վերջո, մեր այցելուների մեջ զգալի թիվ են կազմում պատկառելի տարիք ունեցող մարդիկ, սփյուռքահայերը: Գուցե ճիշտ է, որ նրանք մեքենայով մոտենան: Բայց եթե թանգարանն անվճար է, ինչու՞ պետք է մեքենայի համար այցելուն վճարի»:

Թանգարանի տնօրինությունը դիմել է պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ դադարեցվի թաղապետարանի այս գործունեությունը:

Իրականում թաղապետարանի գործողությունները հակասում են նաեւ «Երեւան քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպման կարգը հաստատելու մասին» քաղաքապետի 2006 թ. որոշմանը, ըստ որի` «…մշակութային եւ կրթության հիմնարկ-օջախներին, հասարակական զբոսանքի վայրերին հարող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կարող են կազմակերպվել միայն ընդհանուր օգտագործման անվճար ավտոկայանատեղեր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter