Արթուր Բաղդասարյանն իր գործարանը դարձրել է նախընտրական գործիք
Երեկ գրել էինք, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից Ամանորից մի քանի օր առաջ Արմավիրի մարզի որոշ գյուղերում եւ Հրազդան քաղաքում քաղաքացիներին բաժանվել է 1 տուփ հյութ, 2 տուփ սուրճ եւ 1 շիշ օղի:
Նյութից հետո քաղաքացիները հայտնեցին, որ Արթուր Բաղդասարյանի անունից 2 շիշ օղի եւ հյութ բաժանվել է նաեւ Գարեգին Նժդեհի 56Ա շենքում, Գեղարքունիքի մարզում: Իսկ Արմավիր քաղաքի ամենաակտիվ ՕԵԿ-ականների համար, որոնք տարվա ընթացքում շատ մարդկանց են ընդգրկել կուսակցության շարքերը, սուրճին, հյութին եւ օղուն ավելացել է նաեւ 1 շիշ կոնյակ:
Նշենք, որ ամանորյա փաթեթները եղել են բացառապես Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի» գործարանի արտադրանքը: Մամուլը բազմիցս է գրել, որ այդ գործարանը պատկանում է ՕԵԿ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդր քարտուղար Արթուր Բաղդասարյանին, մինչդեռ նա եւ նրա կուսակիցները հերքել են:
Դեռեւս 2010 թ., երբ գործարանը պետք է հանձնվեր շահագործման, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հարցրինք, թե արդյոք գործարանը Արթուր Բաղդասարյանինը չէ, պատգամավորը հետեւյալ պատասխանն էր տվել. «Պարզ մայրենի լեզվով ասել ենք` Արթուր Բաղդասարյանին չի պատկանում: Աջակցել է, զորակցել է: Կառուցմանը մասնակցել է այնքանով, որ մոտ հարաբերությունների մեջ լինելով հանրահայտ գործարարի հետ, ով այսօրվա դրությամբ Ուկրաինայում է եւ լավագույն ներդրումներ է արել, այդ մասին բոլորը գիտեն: Իսկ ինչ-որ այսօր կատարվում է, բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվելու: Դուք միայն մտեք տարածաշրջան եւ տեսեք` գյուղացիներն ինչ խանդավառ են, որովհետեւ հիմա աշխատատեղ ունեն, քանի որ մասնակցում են շինարարական աշխատանքներին եւ ապագայում էլ ունենալու են»:
Դժվար է հավատալ, որ Արթուր Բաղդասարյանի «ռեյտինգը» բարձրացնելու համար ուկրաինացի գործարարն իր գործարանի արտադրանքը որպես ամանորյա նվեր բաժանում է քաղաքացիներին եւ պահանջում անձնագրային տվյալներ: Բացի այդ՝ «Հայասի» գործարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Արծրուն Աղաջանյանը, ով նաեւ Արթուր Բաղդասարյանի ընկերն է:
Ոսկեվազ գյուղում էլ բոլորը գիտեն, որ գործարանը Արթուր Բաղդասարյանինն է, բացի այդ, ըստ աշխատակիցների` նա շաբաթվա մեջ մեկ օր պարտադիր լինում է «Հայասիում»: Գործարանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, քանի որ հեռախոսազանգերին պատասխանող չկար:
Իսկ ԲՀԿ-ն դեկտեմբերի 29-ին գրասենյակ է կանչել մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներին եւ տվել է փոքրիկ տոպրակներ, որոնց մեջ եղել են մի քանի հատ փուչիկներ, դիմակներ եւ քաղցրավենիք:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան էլ Ամանորից առաջ ձու, հավ, կոնյակ, պահածոներ է բաժանել մարզպետարանի աշխատակազմին: Քանի որ սոցիալական ծառայության գրասենյակը գտնվում է մարզպետարանի շենքում, քաղաքացիները լուրեր են տարածել, թե բաժանվող սննդամթերքն իրենց համար է, եւ բոլորը շտապել են մարզպետարան եւ հերթեր են կանգնել, որ ձու ստանան, ոմանց տվել են, ոմանց՝ ոչ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել