
Արման Սահակյանը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել Հալաբյան փողոցում
Պետական գույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանը Հալաբյան փողոցում պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Այս մասին տեղեկանում ենք բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունից և համալիրի կառուցման նախագծից:
Մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Բեյբիս Սմայլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Հալաբյան փողոց 20/4, 20/8, 20/12, 20/13 և 20/14 հասցեներում նախատեսվող շենքի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Շենքը կառուցել պատրաստվող «Բեյբիս սմայլ» ընկերությունը գրանցվել է այս տարվա փետրվարի 26-ին: Դրա միակ բաժնետերը Արման Գալուստի Սահակյանն է՝ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին, պետական գույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանը: Չնայած հանրային լսումները դեռևս չեն ավարտվել, սակայն Սահակյանը նշված տարածքում արդեն շինարարական աշխատանքներ է իրականացնում, թեև քաղաքապետարանից միայն քանդման աշխատանքների թույլտվություն ունի:
Ընթերցողներին հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էինք, որ Արման Սահակյանը մարտ ամսին առանց թույլտվության ծառահատում է իրականացրել իրեն պատկանող Հալաբյան հ.20/1 հասցեում, որտեղ նախկինում գործում էր նրա` «Դոլչե» ընտանեկան ժամանցի կենտրոնը: Որքան էլ քաղաքապետարանը փորձել էր թաքցնել պաշտոնատար անձի կատարած ծառահատման անօրինականության փաստը, մեր երկու գրավոր հարցումներից հետո քաղաքապետարանից խոստովանել էին, որ ծառահատումն իրականացվել է առանց բնապահպանության վարչության հսկողության, քանի որ համապատասխան թույլտվություն չի եղել:
Արման Սահակյանը բազմաֆունկցիոնալ շենքը պատրաստվում է կառուցել իրեն պատկանող տարածքի հարակից հողամասերի հիմքին՝ Հալաբյան փողոց 20/4, 20/8, 20/12, 20/13 և 20/14 հասցեներում: Բնապահպանության նախարարության հրապարակած շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում նշվում է, որ բազմաֆունկցիոնալ համալիրը կկառուցվի 2 տարում:
Համալիրի ներսում լինելու է առևտրի կենտրոն, հասարակական սպասարկման սննդի կետ, գրասենյակային, ժամանցի և զվարճանքի կենտրոններ, սննդի արտադրություն:
Բազմաֆունկցիոնալ համալիրը կառուցվելու է 1,5 հա հողատարածքի վրա, շենքի մակերեսը լինելու է 7814 քմ: Շինարարական աշխատանքների իրականացման համար նախատեսվում է ներգրավել 200 աշխատակից, որից 195-ը՝ բանվոր:
Արման Սահակյանը հարուստ պաշտոնյանների թվին է պատկանում: Նա 2017 թվականին հայտարարագրել է 5 հողամաս, ավելի քան 19 միլիոն դրամ արժողությամբ կիսակառույց շինություն:
2017 թվականի սկզբում պետգույքի կառավարման վարչության պետը ունեցել է 200 միլիոն դրամ, իսկ արդեն տարվա վերջում այդ գումարը հասել է 434 միլիոն դրամի: Նրա տարեկան աշխատավարձը 7 միլիոն դրամ է եղել, սակայն եկամտի մի քանի աղբյուր է ունեցել՝ մոտ 167 միլիոն դրամ եկամուտ ստացել է երկու ընկերությունների շահաբաժնից, 13 միլիոն դրամ՝ վարձակալության դիմաց ստացած վճարներից, 207 հազար դոլար գումար էլ՝ այդ տարվա փոխառությունից:
Հիշեցնենք, որ Արման Սահակյանը հրաժարական է տվել մայիսի 10-ին, երբ ձևավորվում էր նոր կառավարություն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել