Ի՞նչ ուղիով շարժվել
Աշխարհում տեղի են ունենում շատ լուրջ փոփոխություններ: Մարդկությունը սկսել է գիտակցել, որ այն տնտեսական համակարգը, որը ներկայումս գործում է, տանում է կործանման: Ի՞նչ ուղիով շարժվել, ի՞նչ տնտեսական համակարգ կիրառել եւ ի՞նչ սկզբունքներով: Ահա այս հարցերը դարձել են աշխարհի բոլոր քաղաքական գործիչների, տնտեսագետների եւ հասարակության ակտիվ քաղաքացիների համար մեկ հարցը:
Փորձեմ որոշակի վերլուծության ենթարկել պատմությանը հայտնի հիմնական տնտեսական համակարգերը եւ ներկայացնեմ իմ տեսակետը:
Նախ հարկ է նշել, որ ցանկացած պետությունում գործող տնտեսական մոդելը մեծապես կախված է տվյալ հասարակության հասարակական կարգից: Այսպես, ստրկատիրական ժամանակահատվածում բնականաբար հիմքը անվերջ պատերազմներն էին եւ մարդկանց առեւտուրը: Այստեղ առկա էր մարդու կողմից մեկ այլ մարդու ուղղակի շահագործումը՝ ստրկացումը: Ֆեոդալական ժամանակահատվածում ուղղակի ստրկացումից անցում կատարվեց անուղղակի ստրկացման կամ ճորտացման: Այս դեպքում ֆեոդալների կողմից ստեղծվում էին այնպիսի պայմաններ, որ բնակչության մեծ մասը, հատկապես գյուղացիությունը ստիպված էր իր աշխատանքի գերակշիռ հատվածը տրամադրել ֆեոդալին:
Այս շղթայի գյուխգործոցը եղավ շուկայական տնտեսական համակարգի հայտնվելն իր զարգացման տարբեր փուլերով: Ի՞նչ է իրենից ներկայացնում շուկայական տնտեսական համակարգը: Դասական ձեւակերպմամբ այն մի համակարգ է, որտեղ հիմքում դրված է շուկան, որը կառավարվում է «անտեսանելի» ձեռքի միջոցով: «Անտեսանելի» ձեռքի վերաբերյալ կարծիքները միշտ տարբեր են եղել: Եթե վերադառնանք դասական ձեւակերպումներին, ապա «անտեսանելի» ձեռքը շուկայի կարգավորումն է հիմնականում առաջարկի եւ պահանջարկի օրենքներին համապատասխան, այսինքն տնտեսությունը արտադրում է որեւէ ապրանքից այնքան, որքան որ դրա առաջարկը կա: Տեսականորեն հնարավոր տարբերակ, բայց…արդյո՞ք դա այդպես է: Եթե խոսքը գնար բնության որեւէ տարրի կամ էկոհամակարգի մասին, իհարկե սա կլիներ բացարձակ ճշմարտություն, քանի որ բնությունն ինքը գտնվում է հրաշալի ներդաշնակության եւ հավասարակշռության մեջ /բնության հետ միակ աններդաշնակ տարրը դեռեւս հանդիսանում է մարդը/: Սակայն տնտեսական համակարգերը մարդկային փոխհարաբերությունների արդյունք են եւ, վերլուծելով մարդկության պատմությունը մինչ մեր օրերը, գալիս ենք այն եզրահանգման, որ նման ներդաշնակություն ուղղակի չէր կարող լինել: Շուկայական համակարգի հիմքում թաքնված է մարդու կողմից մեկ այլ մարդու ստրկացման ավելի զարգացած, ավելի պարզ եւ հեշտ տարբերակ, որն է թղթադրամային հիմքի վրա կառուցված մի հսկա ֆինանսական համակարգ, որն էլ հանդիսանում է հենց այդ չարաբաստիկ «անտեսանելի ձեռքը»: Իրականում հենց այս ֆինանսական համակարգն է որոշում ի՞նչ, ինչպե՞ս եւ ե՞րբ անել: Ներկայումս արդեն ցանկացած գիտակ անձի համար սա պարզից էլ պարզ է:
Այսպիսով, երեք հիմնական տնտեսական համակարգերի հիմքում դրված է մարդու կողմից այլ մարդու ստրկացման երեք տարբեր ձեւեր:
Բնական է, որ շուկայական համակարգի ի հայտ գալու ժամանակահատվածում պետք է հայտնվեր մեկ այլ, այլընտրանքային համակարգ, որը կփորձեր մարդու կողմից մեկ այլ մարդու շահագործման դեմ հանդես գալ եւ հիմքում դրվեր իրավահավասարության սկզբունքը: Խոսքն իհարկե սոցիալիստական տնտեսական համակարգի մասին է, որը, պետք է հատուկ շեշտեմ, մի քանի անգամ ավելի բարձր բարոյական եւ տնտեսական հիմք ունեցող համակարգ էր, սակայն այստեղ եւս «անտեսանելի» ձեռքի հեղինակները կամ նրանց «ընդդիմադիր» գործընկերները չէին կարող թույլ տալ մարդկանց լրիվ իրավահավասարությունը, ինչի ականատեսը եղանք սոցիալիզմի անվան տակ բոլշեւիզմի կամ կոմունիզմի ի հայտ գալուն, որի ժամանակ ուղղակի կիրառվեց մտրակի քաղաքականությունը:
Վերլուծելով վերոնշյալը տեսնում ենք, որ բոլոր թվարկված համակարգերի հիմքում դրված է մարդ էակի ամենաբացասական հատկանիշները. մարդու կողմից այլ մարդու շահագործումը, հետեւաբար ագահությունը, ատելությունը, դաժանությունը, խաբեությունը եւ այլն: Նման համակարգերում բարոյական արժանիքներով օտված ոչ մի մարդ չի կարող ունենալ էական դեր, քանի որ դրանք դեմ են մարդու դրական հատկանիշներին:
Երկրորդ, մարդկությունը կարծես թե մոռացել էր, որ ինքը հանդիսանում է բնության մի մասնիկը եւ ուզի, թե չուզի, պարտավոր է բնության հետ գտնվել ներդաշնակության մեջ: Այս պարզ գաղափարի գիտակցումը երեւի թե անտեսվել է նաեւ այն պատճառով, որ մինչեւ քսաներորդ դարը մարդկությունը բնության վրա ունեցել է տեղային ազդեցություն, բայց ոչ գլոբալ եւ բնությունը կարողացել է արագորեն ասիմիլացնել հասցված վնասներն ու վերականգնել իր ամբողջականությունը: Սակայն վիճակը այլ է ներկայումս. մարդն իր տնտեսական գործունեությամբ դարձել է լուրջ եւ ազդեցիկ գործոն, որը վտանգում է ոչ միայն մարդկային հասարակության գոյությունը, այլ Երկիր մոլորակի գոյությունն ընդհանրապես:
Սրա գիտակցումով նախորդ դարի ութսունականներին մի խումբ գիտնականների կողմից մշակվեց կայուն զարգացման տեսությունը, որի հիմքում դրված էր էկոլոգիական, ավելի ճիշտ ռեսուրսային գործոնը. այն է՝ տարբեր սերունդների միջեւ ռեսուրսների հավասարաչափ բաշխման գաղափարը: Բավականին դրական եւ առաջընթաց ապահովող գաղափար: Սակայն այն եւս կյանքի չկոչվեց տարբեր պատճառներով, եւ՛ տեսության գործնական առումով անկատարության, եւ՛ տարբեր պետությունների քաղաքական ղեկավարների եւ իհարկե «անտեսանելի» ձեռքի համառ դիմադրության պատճառով: Ներկայումս կայուն զարգացման տեսությանը գալիս է լրացնելու համեմատաբար նոր գաղափար. տնտեսության էկոլոգիզացումը, ավելի ճիշտ կանաչ էկոնոմիկան, որի հիմքում եւս պետք է դրված լինեն բնական ռեսուրսների եւ բնության ասիմիլյացիոն պոտենցիալի սահմանափակ լինելը: Արդյո՞ք այն կաշխատի: Իմ կարծիքով, կանաչ էկոմոնիկայի գաղափարի ներմուծումը շատ դրական տեղաշարժ է, սակայն ոչ բավարար: Սրանով փորձ է արվում շուկայական համակարգը վերափոխել եւ դարձնել էկոլոգիապես ավելի ընդունելի: Բայց հիմքում էլի մնում է մարդում կողմից այլ մարդու շահագործման գաղափարը…Ամենաէական խանգարող հանգամանքը…
Ամեն դեպքում կանաչ էկոնոմիկան կարող է դառնալ անցումային մոդել ավելի զարգացած եւ նոր մոդելի անցնելու համար, քանի որ համաշխարհային մասշտաբով անթույլատրելի է շոկային թերապիայի միջոցով փոփոխություններ իրականացնելը:
Իմ կարծիքը հետեւյալն է. մարդկությունը պետք է անցնի նոր, ԲԱՆԱԿԱՆ զարգացման տնտեսական համակարգի, որի հիմքում դրված է ամենապարզ ու բնության կողմից մարդկությանը շնորհված ամենամեծ առանձնահատկությունը՝ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Շարունակելի…
Արման Վերմիշյան
Բնապահպանության փորձագետ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել