HY RU EN

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյան․«Առաջարկում եմ համաներման հարցի քննարկումը, վաղ թե ուշ գալու ենք սրան»

Խորհրդարանում քննարկվեց Քրեակատարողական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում և «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը։ Նախագծի հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց, որ խնդիրը վերաբերվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին։ Փոխնախարարի խոսքով՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով է պայմանավորված փաթեթի անհրաժեշտությունը։ Քրեակատարողական օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը։

«Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալը պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ իրավունք ունի գրավոր դիմում ներկայացնել պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին: Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ պարտավոր է դատապարտյալին գրավոր կերպով ծանուցել դիմում ներկայացնելու կարգի մասին»,- ասված է նախագծում։ Փաթեթի վերաբերյալ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ համոզմունք հայտնելով, որ չնայած օրենսդրական փոփոխություններին, միևնույն է, պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրն այսօր էլ կա։

«Մենք երկար ենք սպասել նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունմանը, որ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծվի։ Ես ինչ պատգամավոր եմ, այդ օրենսգիրքը չի ընդունվել։ Հիմա երկու բան ունենք անելու՝ Քրեական դատավարության օրենսգիրքը պետք է ընդունենք, որով կալանքը որպես այդպիսին խափանման միջոց միայն չկիրառվի, այլընտրանք ունենանք»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ ժամանակն է համաներման նախագիծ ուղարկել խորհրդարան։

«Քաղաքական իրավիճակից ելնելով` կարող ենք ուսումնասիրություն կատարել և համաներման հարց քննարկել, որովհետև ՔԿՀ-ները գերբեռնված են, մեծ պահանջարկ կա։ Մինչև դատարանները սկսեն անկախ աշխատել՝ նախկին իներցիայից դուրս, մենք գոնե կարող ենք համաներում առաջարկել և ՔԿՀ-ների գերբեռնվածության հարցը լուծել, որից հետո նոր Քրեական դատավարության օրենսգիրքը և դատարանների ճիշտ աշխատանքը կբերի նրան, որ ՔԿՀ-ներում գերբեռնվածություն չի լինի, պետական բյուջեի վրա ծախս և մարդու իրավունքների զանգվածային խնդիրներ չեն լինի։ Առաջարկում եմ համաներման հարցի քննարկումը, վաղ թե ուշ գալու ենք սրան»,- ասաց Մարուքյանը՝ խոսքն ուղղելով Արդարադատության փոխնախարարին, որպեսզի կառավարությունը համաներման նախագիծ ուղարկի խորհրդարան։