
Ավստրալիական ընկերությունը օրական արդյունահանելու է 10 կգ ոսկի
Մեղրու Այգեձորի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու լիզենզիան 1999 թ. տրվել է «Սիփան-1» ընկերությանը: Վերջինս կառուցել է ոսկու կորզման ֆաբրիկա եւ շուրջ 4 տարի շահագործել հիշյալ հանքերը: 2005 թ. «Սիփան-1» ՍՊԸ-ն գնել է ավստրալիական «Այբիրիան Ռիսորսիզ» («Iberian Resoueces») ընկերությունը, որի բաժնետոմսերի 86,21 տոկոսն ավելի ուշ ձեռք է բերել ավստրալիական մեկ այլ ընկերություն` «Թամայա Ռիսորսիզը» («Tamaya Resoueces»):
Մանվել Բագրատյանը 2004 թ.-ից զբաղեցնում է «Սիփան-1» ՍՊԸ-ի ֆինանսական եւ վարչական տնօրենի պաշտոնը: Իսկ 2006 թ. օգոստոսից նա նաեւ «Այբիրիան Ռիսորսիզ»-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարն է:
Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը:
Պրն Բագրատյան, Այգեձորի եւ Տերտերասարի հանքավայրերը հիմա ո՞վ է շահագործում:
Այդ հանքերի շահագործման լիցենզիան տրված է հայաստանյան կազմակերպությանը՝ «Սիփան-1»-ին, որն էլ, կարելի է ասել, արտադրական կառույցն է: Իսկ ֆինանսական կառույցն ավստրալիական ընկերություններն են` «Այբիրիան» եւ «Թամայան»: Սրանք, որպես ռեգիստրում գրանցված առանձին ԲԲԸ-ներ, արժեթղթերի բորսայում միաձուլվել են, եւ մեզ համար դիտվում են որպես մեկ` սեփականատեր կառույց:
Հանքարդյունահանման ոլորտում հիշյալ ավստրալիական ընկերությունները հայտնի՞ անուններ են: Այլ երկրներում նրանք հանքավայրեր շահագործո՞ւմ են:
«Այբիրիան» (որն արդեն «Թամայա»-ինն է) հանքեր ունի Պորտուգալիայում, Մարոկկոյում: «Թամայան» գործող պղնձի հանքեր եւ ֆաբրիկա ունի Չիլիում, մտադրություն ունի նոր հանքավայրեր գնել Աֆրիկայում, Բրազիլիայում:
«Թամայա Ռիսորսիզ»-ի արժեթղթերը գրանցված են ավստրալիական բորսայում, եւ ընկերությունը պատրաստվում է դրանք տեղադրել նաեւ կանադական բորսայում: Որովհետեւ եւ՛ Ավստրալիան, եւ՛ Կանադան խոշոր հանքարդյունահանող երկրներ են:
Հայաստանում ավստրալիացի սեփականատերերը նոր հանքավայրեր գնելու մտադրություն ունե՞ն:
Մեր մոտեցումը հետեւյալն է. նախ` պետք է եղածը կայացնենք, ցույց տանք, որ ոչ թե «խոսքի», այլ «գործի» կազմակերպություն ենք, հետո նոր` անելիքների մասին կբարձրաձայնենք: Որովհետեւ Հայաստանն այդ դառը փորձն ունի, երբ մարդիկ վերցնում են հանքեր, հետո վաճառում, վաճառում … Մենք չենք սիրում վաճառողներին, մենք սիրում ենք արտադրողներին:
Իսկ ի՞նչ եք արել այս ընթացքում:
Սկսել ենք ոսկի արտադրել: Նախկին սեփականատիրոջ ժամանակ արտադրվել է միայն խտանյութ: Երբ ավստրալիացիները եկան, ֆաբրիկան մոտ 1,5 տարի կանգնեցրին, վերազինեցին նորագույն սարքավորումներով: Այն վերագործարկվել է ընդամենն ամիսներ առաջ: Արդեն հասել ենք նրան, որ 14 կիլոգրամանոց ձուլակտոր ունենք, որի մեջ ոսկու պարունակությունը 85-ից 95 տոկոս է: Մինչեւ հիմա ներդրվել է 18,7 միլիոն ԱՄՆ դոլար, եւ սա դեռ սկիզբն է: Ներդրվելու է եւս 64-65 միլիոն: Հին ֆաբրիկայի կողքին շատ արագ կառուցելու ենք նորը, ավելի հզորը: Եթե այսօր ամսական արտադրում ենք մոտ 10 կգ ոսկի, ապա 2009 թ. աշնանն այս ցուցանիշը կապահովենք օրական:
Հետաքրքիր է` «Այբիրիան Ռիսորսիզ»-ն ինչքանո՞վ է գնել «Սիփան-1» ընկերությունը:
Եկեք կոնկրետ թիվ չնշեմ: Ասեմ միայն, որ վերոհիշյալ 18,7 միլիոնի մեջ մտնում է նաեւ այդ գինը:
Մեղրու հանքավայրերում ոսկու պաշարները որքա՞ն են:
Պաշարների հետախուզման աշխատանքները շարունակվում են: Բայց, անշուշտ, դրանց ծավալների մասին պատկերացում ունենք: Այսպես ասեմ` նման հսկայական գումարներ 1-2 կամ 5-10 տարվա համար չէին ներդրվի:
Իսկ 1 տ հանքաքարում ոսկու պարունակությունն ինչքա՞ն է:
Տերտերասարի հանքավայրում տոննայում միջինը 10 գ է, Այգեձորում` 5 գ:
Ի՞նչ եղանակով է ոսկին կորզվում:
Հայաստանյան սեփականատիրոջ ժամանակ ֆաբրիկան աշխատել է գրավիտացիոն եւ ֆլոտացիոն եղանակով: Գրավիտացիայի ժամանակ առհասարակ որեւէ նյութ չի օգտագործվում: Ֆլոտացիայի դեպքում կիրառվում են որոշ քիմիական նյութեր, որոնք, սակայն, բնապահպանական որեւէ խնդիր չեն առաջացնում:
Հիմա ոսկին կորզում ենք միայն գրավիտացիոն եղանակով: Բայց նոր ֆաբրիկան կաշխատի ավելի բարդ տեխնոլոգիաներով, եւ կորզման մեջ կօգտագործվի նաեւ ցիան, ինչը նույնպես էկոլոգիապես անվտանգ է:
Ի՞նչ պարբերականությամբ են անցկացվում բնապահպանական ստուգումները, եւ այլ կազմակերպություններ ստուգումներ կատարու՞մ են, ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվել:
Երբ ֆաբրիկան աշխատում էր ֆլոտացիոն եղանակով, Մեղրու դատախազության հանձնարարականով սանէպիդկայանը մշտապես ստուգումներ է կատարել: Որեւէ բացասական բան չի հայտնաբերվել: Ստուգումներ է անցկացնում նաեւ Բնապահպանության նախարարությունը: Վերջինը եղել է անցյալ տարվա հուլիսին: Մենք եռամսյակը մեկ պարտադիր հաշվետվություններ ենք կազմում` ընդերքի, պաշարների օգտագործման, բնապահպանական վճարումների վերաբերյալ: Ստուգման ժամանակ ուղղակի պաշարների օգտագործման հաշվարկային, թվաբանական անճշտություններ են եղել, որոնք արդեն հաջորդ հաշվետվության մեջ ճշգրտված, թերությունները շտկված ներկայացրել ենք:
Էկոլոգիական ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:
Ասեմ, որ նոր սեփականատերերը բնապահպանական հարցերին առանձնակի ուշադրություն են դարձնում:
Մեր հանքից ջուր է բխում եւ լցվում գետը: Ավստրալիացիներն առաջին օրվանից պայմանագիր կնքեցին «Լեռնամետալուրգիայի ինստիտուտի» հետ, որն ամեն ամիս ջրից նմուշարկում է վերցնում` ակունքից, մինչեւ գետ հասնելը եւ դրանից հետո:
Նախատեսել ենք գետի վրա ֆիլտրացման մեծ կառույց տեղադրել, որպեսզի Մեղրին գետից խմելու ջուր ստանա: Իսկ հանքի մոտ տեղադրելու ենք մի սարք, որը, պարբերաբար օդից նմուշ վերցնելով, կորոշի աղտոտվածության ու դրա վտանգավորության աստիճանը:
Բացի այդ, եթե նախկինում բնապահպանական խնդիրներով զբաղվող հատուկ մասնագետներ չունեինք, հիմա պայմանագիր ենք կնքել Հայաստանի լավագույն մասնագետներից մեկի հետ: Շուտով կունենանք նաեւ առանձին բնապահպանական բաժին: Իսկ այս պահին Մեղրիում աշխատում է արտասահմանից հրավիրված մասնագետ: Նրա օգնությամբ կազմելու ենք ծրագիր` էկոլոգիական խնդիրների հետ կապված, որով էլ առաջիկայում կառաջնորդվենք: Ծրագիրը լինելու է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, եւ ներկայացնելու ենք Բնապահպանության նախարարության հաստատմանը:
Պրն Բագրատյան, որքա՞ն հարկ եք վճարում պետությանը:
Քանի որ մեր արտադրանքը դեռ չենք իրացնում, շահույթ չունենք: Հետեւաբար, շահութահարկ առայժմ չենք վճարում: Բայց հետագայում այդ վճարումները մեծ թիվ կկազմեն: Հիմա հիմնականում վճարում ենք եկամտահարկ` աշխատավարձից, եւ սոցիալական հատկացումներ: Այդ 2 հարկատեսակով ամսական առնվազն 25 միլիոն դրամ վճարում ենք: Այս թիվն աստիճանաբար աճել է եւ էլի աճելու է: Որովհետեւ, երբ ավստրալիացիները «Սիփան-1»-ը գնեցին, աշխատողների թիվը 82 էր: Հիմա հասել է մոտ 400-ի եւ մոտ ապագայում առնվազն կկրկնապատկվի:
Նշեմ նաեւ, որ աշխատողները Հայաստանի տարբեր շրջաններից են: Բայց մոտ կեսը տեղացիներ են: Մենք ինքներս շահագրգռված ենք, որպեսզի հնարավորինս շատ մեղրեցիներ աշխատեն: Որովհետեւ Մեղրին մեզ համար շատ կարեւոր դեր ունի. այն Հայաստանի հարավային դարպասն է:
Մեղրիում համայնքային օժանդակության, բարեգործական ծրագրեր իրականացնո՞ւմ եք:
Հիմա ֆինանսավորում ենք Մեղրու, Վարդանիձոր եւ Լեհվազ գյուղական համայնքների մանկապարտեզները, Մեղրու 2 դպրոցները: Դրանցից յուրաքանչյուրում համակարգչային դասարաններ ենք բացել: Էլ ընթացիկ օգնությունների մասին չեմ նշում: Բայց սա շատ չնչին մասն է մեր ծրագրերի: Երբ իրացում եւ շահույթ ունենանք, ամեն ինչին էլ կմասնակցենք` սկսած բնապահպանական խնդիրներից, վերջացրած սոցիալ-կենցաղային հարցերով:
Իսկ ոսկին որտե՞ղ եք իրացնելու:
Արտահանելու ենք, որովհետեւ հարկային օրենքները բարենպաստ պայմաններ չեն ստեղծում տեղում իրացնելու համար:
Ոսկին արտահանելու դեպքում ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) դրված է զրոյական դրույքաչափ: Իսկ ներքին շուկայում իրացնելիս ԱԱՀ-ից ազատված է: Այսինքն` դրսում իրացնելու դեպքում փաստաթղթերը ներկայացնում ենք կառավարությանը, եւ պետությունը մինչեւ հիմա մեր վճարած ԱԱՀ-ն (որը վճարել ենք, ասենք, ներմուծված սարքավորումների համար) վերադարձնում է: Ներքին շուկայում իրացնելիս այդ գումարները էլ հետ չենք ստանում, ինչը ստիպված պետք է ավելացնենք ոսկու ինքնարժեքին: Արդյունքում կստանանք ոչ մրցունակ գին: Իսկ տեղում գնորդներ կան` ոսկու շուկա, ոսկերչական ֆաբրիկա … Հիմա նրանք Շվեյցարիայից են գնում:
Մեկնաբանել