HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային աշխարհայացք

Հայոց հայրենասիրական հռետորաբանությունում Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունն ու կարեւորությունը շեշտվել է բազմիցս: Սակայն հեղինակների ճնշող մեծամասնության շրջանում այդպես էլ հասանելիորեն չի մանրամասնվում՝ ինչ ասել է ազգային գաղափարախոսություն։ Կան անձինք, ովքեր համարում են, թե ազատության գաղափարը ինքնին գաղափարախոսություն է։ Այլոք եւս թյուրիմացաբար պնդում են՝ Ազատ, անկախ Հայաստան։

Մինչդեռ գաղափարի ու գաղափարախոսության միջեւ տարբերությունները էական են: Գաղափարը կյանքի ու մեզ շրջապատող երեւույթների մասին պատկերացումների ամբողջություն է՝ խիստ սուբյեկտիվ եւ ենթակա փոփոխության:
Գաղափարախոսությունը ենթադրում է որոշակի աշխարհայացք, ազգային գաղափարախոսությունը՝ ազգային աշխարհայացք՝ տիեզերքի, տեսանելի և անտեսանելի երեւույթների մասին որոշակի պատկերացումների ամբողջության տիրույթում: Ի տարբերություն գաղափարի, գաղափարախոսությունը առաջանում է տասնամյակների, երբեմն հարյուրամյակների ընթացքում՝ համապատասխանեցվելով այս կամ այն էթնոսի ընհանրական դիմագիծ-հոգեբանությանը եւ ընդունվելով նրա կողմից դառնում արժեհամակարգ՝ չգրված օրենքների հանրագումար։

Այստեղ կուզեի մեջբերել մի քանի բնորոշիչ օրինակ.

ԱՄՆ գաղափարախոսություն

«Երջանկության ձգտելու ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Նշված գաղափարախոսությունը թեև ազգային չէ, սակայն անհերքելի է ուրիշների՝ երջանկության ձգտելու ազատությունն ապահովելու ոգեղեն հակումը։ Վերջինս հնարավորություն է տվել ստեղծելու նյութական բարօրության՝ մարդկության պատմության մեջ դեռեւս հավասարը չունեցող քաղաքակրթություն։

Սիոնիզմ

«Հաջորդ տարի Երուսաղեմում»

Հրեաների պարագայում Սիոնիզմը հանդիսանում է ազգային գաղափարախոսության դասական օրինակ։ Ունենալով բազմադարյա ոգեղենա-գաղափարական հենք՝ Սիոնիզմը հիմնված էր ցեղակրոն աշխարհայացքի վրա, ըստ որի հրեաները համարվում էին ընտրյալ ազգ (Եհովայի կողմից), իրենք պիտի վերադառնային ու տիրեին Եհովայի կողմից իրենց խոստացված հողատարածքին (Երուսաղեմ)։ Կարիք չկա մանրամասնելու, թե դեռեւս 20-րդ դարի սկզբներին թափառաշրջիկ հրեաներն ինչպիսի բեկումնային զարգացում ապրեցին՝ սիոնիզմն ընդունելուց շուրջ մեկ հարյուրամյակ հետո:

Ազգային գաղափարախոսության հաջողված մեկ այլ օրինակ է չինականը։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ տնտեսությունն ազատականացնող Չինաստանին հաջողվեց ոչ միայն շրջանցել նույնը փորձող, սակայն ողբերգական փլուզում ապրած ԽՍՀՄ-ին, այլև մի քանի տասնամյակ հետո տնտեսական որոշ ցուցանիշներով նույնիսկ գերազանցել ԱՄՆ-ին։ Պատասխանը մեկն է. Չինաստանն ուներ Կոնֆուցիոսականության ազգային գաղափարախոսությունը եւ չնայած տնտեսական ռեսուրսների սակավությանը, շնորհիվ զուտ գերկարգապահ աշխատուժի կարողացավ դառնալ քաղաքատնտեսական կարեւորագույն բեւեռ։

Ամփոփելով նշեմ, որ ազգային գաղափարախոսությունը ազգային աշխարհայացքի վրա հիմնված ոգե-գաղափարական համակարգ է, որը որդեգրելով՝ տվյալ էթնոս-ազգը ձեռք է բերում նպատակայնություն եւ կարճագույն ժամանակահատվածում տեր դառնում տնտեսական, քաղաքական, հայրենիք-սփյուռք կապերի, մշակութային զարգացման աննախադեպ հնարավորության։

Հաջորդ հոդվածում անդրադառնալու եմ հայկական աշխարհայացքին, փորձելով ուրույնս բացահայտել, թե ի վերջո ինչ է նշանակում լինել հայ՝ իր բոլոր գերկարևոր հետևանքներով:

Արարատ Ստեփանյան

Տնտեսագետ, հոգեբան, անհատ ձեռներեց

Ք. Վաշինգտոն

19.05.2018

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter