HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Շարմազանով․ «Լինելու ենք պետական ու կառուցողական ընդդիմություն, գոտկատեղից հարված չենք հասցնելու կառավարությանը»

Քաղաքական զարգացումները թևակոխել են նոր փուլ, կա նոր կառավարություն և նոր ընդդիմություն՝ ՀՀԿ-ն։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հուսով եմ, որ թե՛ կառավարությունը, թե՛ ընդդիմությունը կգործեն Հայաստանի ու Արցախի պետական շահից ելնելով։ Մենք՝ որպես քաղաքական ուժ, լինելու ենք բացառապես պետական ու ազգային շահի ջատագովը, լինելու ենք պետական ու կառուցողական ընդդիմություն, արհեստականորեն չենք խոչընդոտելու և գոտկատեղից հարված չենք հասցնելու կառավարությանը, բայց կան մի շարք ծրագրային կետեր, որտեղ քննարկումն ու սակարկումը չենք պատկերացնում, կան հարցեր, որտեղ անզիջում ենք լինելու»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ այդ հարցերից մեկը ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության բացակայությունն է։

«Ակնհայտ է, որ բոլոր թերություններով հանդերձ մեր կառավարման շրջանում դրանք զարգացել են, և նոր իշխանությունները քաղաքական բազմակարծության հարցում կարող են ընդօրինակել նախորդ իշխանությանը, քանի որ բազմակարծության մերժումն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա»,- ասաց նա։

Մյուս հարցը, որում, ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն չի կարող համակարծիք լինել իշխանությունների հետ, Արցախի խնդիրն է. «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը քննարկան ենթակա չէ, դա ոչ թե տարածքային հակամարտություն է Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ինչպես ցանկանում էին ներկայացնել ոմանք, այլ ինքնորոշման, մարդու իրավունքների ու ազատության պայքար, և Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր»։

Շարմազանովը հիշեցրեց, որ գործող կառավարությունը ժառանգել է 7,5% տնտեսական աճ ունեցող երկիր, ուստի իրենք որպես ընդդիմություն ակնկալելու են առնվազն տարեկան 7,5% աճ։

«Շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ժողովրդի, լինելու ենք կառավարության գործընկերը, բայց ոչ երբեք կցորդը»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter