
Մշակույթի նախարարությունը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել բյուջեն ծախսելիս
Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2017 թվականին իրականացված ստուգումների արդյունքում Մշակույթի նախարարությունում և նախարարության ենթակայության տակ գտնվող հինգ կառույցներում արձանագրել է պետական միջոցներից ստացվող գումարների ծախսման 521.3 մլն դրամի խախտման փաստեր։
Ստուգումները վերաբերում են Մշակույթի նախարարության 2014-2016 թվականների գործունեությանը:
Հաշվետվության մեջ ներկայացված առանձին օրինակները թույլ են տալիս եզրակացնել, որ միլիոնավոր դրամներ Մշակույթի նախարարությունը պարզապես շռայլել է։
Հիշեցնենք, որ տեսչությունը ներկայացրել է Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը։
Ստուգվել է, թե որքանով են ճիշտ և օրինական ծախսվել պետական բյուջեից, հանրապետական հատուկ ֆոնդերից ու պետական այլ աղբյուրներից հատկացվող գումարները։
![]() |
Կարդացեք նաև՝ Բյուջեն մոտ 5 մլրդ դրամ խախտումներով է ծախսվել |
Ըստ հաշվետվության՝ Մշակույթի նախարարությունում արձանագրված 521.3 մլն դրամից 504.6 մլն դրամը ենթակա է վերադարձման (վերականգնման/վերաձևակերպման) պետական բյուջե։
Խախտման փաստերի գերակշիռ մասը արձանագրվել է հենց նախարարության ներսում՝ 321.7 մլն դրամի խախտում, մնացածը՝ ենթակայության տակ գտնվող հինգ ՊՈԱԿ-ներում։ Տեսչությունը հայտաբերել է, որ Մշակույթի նախարարությունը խախտումներ է թույլ տվել բազմաթիվ ծրագրեր իրականացնելիս։
«Մշակութային միջոցառումներ» ծրագրի շրջանակներում նախահաշիվներում ավել գումարներ նախատեսելու, հաշվետվություններում ավել ծախսեր ներկայացնելու արդյունքում թույլ է տվել պետական բյուջեից ավել ֆինանսավորման փաստեր։ Օրինակ, միջոցառումների իրականացման համար հատկացված գումարների հաշվին վճարվել են կատարողի գրասենյակի վարձակալության վճարները, որպես տրանսպորտային ծախսեր ներկայացվել է կատարողի կողմից ամբողջ տարին տաքսի ծառայությունից օգտվելու, անհատ անձանցից ավտոմեքենաներ վարձակալելու, բենզին ձեռք բերելու և միջացառման հետ կապ չունեցող այլ ծախսեր:
Մեկ այլ օրինակ՝ Հայաստանի օրենսդրության պահանջների խախտումով, առանց վարչապետի որոշումների, նախարարության աշխատակիցները (բացառությամբ նախարարի և տեղեկալների) մեկնել են արտասահման գործուղումների, որոնց վճարված գործուղման գումարը կազմել է 33.4 մլն դրամ:
Խախտումների մյուս «փաթեթը» վերաբերում է «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրին։ Արձանագրվել է կատարողական ակտերով ներկայացված պետական բյուջեից ֆինանսավորված, սակայն փաստացի պակաս կատարված աշխատանքներ (ծավալային հավելագրումներ): «Շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի, պայմանագրերի, կատարողական ակտերի փաստաթղթային ստուգմամբ արձանագրվել է ՀՀ պետական բյուջեից կապալառուներին ավել վճարման փաստեր:
Մասնավորապես, կատարողական ակտերով քարային աշխատանքներում օգտագործված քարի տեսակը հաշվարկվել է որպես անդեզիտ բազալտ, սակայն աշխատանքներն իրականացվել են ավելի ցածրարժեք`տուֆ քարով: Օգտագործված քարի արժեքը ճիշտ չհաշվարկելու արդյունքում կատարողականների գումարը էականորեն թանկացվել է: Նախագծով և պայմանագրերով եկեղեցու վեղարի բարդ պրոֆիլավոր քարերի տաշի և շարի աշխատանքների մակերեսը առանց հիմնավորումների հաշվարկվել է տաշած քարի տաշվածքի մակերեսի չափից, արդյունքում ավել է հաշվարկվել 18.6 քմ գումարով 2799.4 հազ. դրամ և այլն»,- նշված է ՖՆ ներկայացրած հաշվետվության մեջ։
Ընդհանուր առմամբ, Մշակույթի նախարարության ծրագրերը, որոնց մասով տեսչությունը պետական միջոցներից հատկացվող գումարների խախտման փաստերը ներկայացրել է հաշվետվության մեջ, մեկ տասնյակից ավելին են։ Հոդվածում ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
Պարզվել է, որ «Երաժշտական դպրոցներում ուսուցում» և «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրերերի շրջանակներում ծրագրերն իրականացնող «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» և «Երևանի պարարվեստի քոլեջ» ՊՈԱԿ-ները նախարարության հետ կնքված պայմանագրերով նախատեսված ծառայությունները թերի են մատուցել։ Սովորողների փաստացի թիվը պակաս է եղել պայմանագրերով նախատեսված թվից: Նշվածի արդյունքում պետական բյուջեից ավել ֆինանսավորված գումարը կազմում է 591 հազ. դրամ:
«Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» ծրագրի շրջանակներում էլ մեկ դեպքով պաշտոնական պատվիրակության հյուրերի թվի (89 անձ) համեմատությամբ ճաշկերույթին մասնակցած անձանց թիվը հաշվետությամբ ներկայացվել է գրեթե երկու անգամ ավել (170 անձ): «Մեկ այլ դեպքով ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված կարգի անտեսմամբ մեկ անձի համար սահմանված մինչև 12500.0 դրամի փոխարեն պաշտոնական ճաշկերույթի համար մեկ անձի հաշվով վճարվել է 25500 դրամ կամ կրկնակի անգամ ավել: Արդյունքում ավել գումար է վճարվել 1755.0 հազ. դրամի չափով»,- հայտնաբերել է տեսչությունը:
Խախտման փաստեր են արձանագրվել նաև այնպիսի ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք են՝ «Աջակցություն գրականության հրատարակմանը» և «Գրականության հրատարակում» ծրագրերը, «Գրադարանային ծառայություններ», «Թանգարանային ծառայություններ», «Թատերական ներկայացումներ» և «Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ» ծրագրերը և այլն։
Հայտնաբերված բազմաթիվ խախտումների վերաբերյալ ՖՆ ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել։ Առաջարկների փաթեթը բաղկացած է 17 կետից՝ «խիստ հսկողություն սահմանել կատարողների հետ կնքվող պայմանագրերում մշակութային միջոցառումների իրականացման ծախսերի նախահաշիվների հիմնավորության նկատմամբ», «կազմել հուշարձանների նորոգման և վերականգնման աշխատանքներում օգտագործվող նոր քարերի մշակման, տաշվածքի և տեղադրման աշխատանքների միավորի հիմնավոր գներ, առանձնացնելով այդ քարերի ավանդական եղանակով և մեքենայացված եղանակով մշակման միավորի գները, միաժամանակ խիստ հսկողություն սահմանել կատարողական ակտերում նոր տեղադրվող քարերի մշակման, տաշվածքի և տեղադրման աշխատանքները նախագծա-նախահաշվային փաստաթղթերին համապատասխան իրականացնելու նկատմամբ», «հանձնարարել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» և «Երևանի պարարվեստի քոլեջ» ՊՈԱԿ-ների տնօրեններին` ապահովել նախարարության հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, թերակատարման դեպքում համապատասխան չափով նվազեցնել պայմանագրային գումարները», «ապահովել ստուգմամբ արձանագրված գումարների վերականգնումները ՀՀ պետական բյուջե» և այլ առաջարկներ:
Միլիոնավոր դրամների խախտումներ՝ ՊՈԱԿ-ներում
Ինչպես նշեցինք, խախտումներ են հայտնաբերվել նաև Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող հինգ կառույցներում՝ ՊՈԱԿ-ներում։ Խախտումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 199.6 մլն դրամ։ Ամենամեծ ծավալի խախտումները թույլ է տվել «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն»՝ 106 մլն դրամի չափով, որից 100.6 մլն դրամը ենթակա է վերադարձման պետական բյուջե։ Նշված ՊՈԱԿ-ը կատարել է անարդյունավետ ծախսեր, ՊՈԱԿ-ի հաշվին չեն մուտքագրվել դահլիճի վարձակալական վճարներ, խախտվել է «Հաշվապահական Հաշվառման մասին» ՀՀ օրենքը և այլն։
«Հայաստանի ազգային պատկերասրահ»-ում արձանագրվել են պետական աղբյուրներից ստացվող գումարների ծախսման մոտ 53.5 մլն դրամի խախտումներ, իսկ «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն»-ում՝ մոտ 34 մլն դրամի։
Առաջիկայում կանդրադառնանք նաև մյուս նախարարություններում հայտնաբերված խախտումներին։ Տեսչությունից նշում են, որ 2017 թվականի իրականացված ծրագրային ստուգումներով ընդհանուր առմամբ ընդգրկվել են թվով 6 նախարարություններ։
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել