HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Հարսանիք թիկունքում». ներկայացում՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմին

2016թ-ի ապրիլի 2-ի լուսաբացը «կարմիր» էր, տարածվող լուրերն` «այրող»: 2016թ-ի ապրիլի 2-ի երեկոն ծանր էր, գիշերն՝ անքուն: 2016թ-ի ապրիլի 2-ին սովորական հայ ընտանիքներից մեկում հարսանիք էր, իսկ սահմանին՝ պատերազմ: Արցախից Հայաստան հասնող լուրերը կցկտուր էին ու ոչ հուսադրող: Սահմանին զոհվում էին 19-ամյա պատանիներ ու այդ ամենին անտեղյակ՝ Գյումրիում ծնվում էր մի նոր ընտանիք: Մահն ու հարսանիքը կողք կողքի էին՝ այնքան մոտ ու այնքան հեռու միմյանցից՝ մեկը սահմանին, մյուսն այդ ամենին անտեղյակ՝ երկրի հյուսիսում:

Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման փորձերը Գյումրու դրամատիկական թատրոնում մոտենում են ավարտին: Դրամատուրգ Անահիտ Աղասարյանի «Ապրիլ եւ ապրել» պիեսը գրվել է աճեմյանցիների պատվերով: Ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը խոստովանում է, որ երբեւէ նախաձեռնած բեմադրություններից ամենապարտավորեցնողն է սա:

Լյուդվիգ Հարությունյանը

«Քառօրյա պատերազմից հետո թատրոնում անընդհատ խոսում էինք այն մասին, որ պետք է անդրադառնանք այս թեմային, որ պարտք ունենք: Սկզբունքորեն ուզում էինք, որ ստեղծվի մի պիես, որտեղ անդրադարձ կլինի պատերազմին մասնակից գյումրեցի մեր հերոսներին եւ ոչ միայն: Շատ երկար եմ փնտրել դրամատուրգին, ով այդ միտքը կվերածեր պիեսի: Ի սկզբանե խնդիր էի դրել անդրադառնալ ապրիլյան պատերազմին՝ չներկայացնելով մարտի դաշտ: Որոշվեց, որ առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի, ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացնել ապրիլյան քառօրյան»:

Ռեժիսորի համար հիմք էր հանդիսացել տեղական հեռուստատեսությամբ հեռարձակված ռեպորտաժներից մեկը, որ պատմում էր ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշում զոհված ծնունդով գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին: Ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը մինչեւ դրամատուրգի փնտրտուքը հանդիպել էր հերոսի` Գյումրիում բնակվող ընտանիքի անդամների հետ:

«Պատմությունն ինձ անչափ հուզել էր: Ե´վ նրա սիրո պատմությունն ու ամուսնությունը, ե՛ւ նրա կատարած հերոսությունը, ե՛ւ այն, որ երիտասարդ ընտանիքը երեխայի էր սպասում, ու հայրն այդպես էլ չէր տեսնելու առաջնեկին: Բայց ես չուզեցի, որ մենք կոնկրետ մեկ անձի պատմություն ներկայացնենք: Ի վերջո ե՛ւ պատերազմը, ե՛ւ զոհերը, ե՛ւ հերոսները բոլորը մերն էին ու առանձնացնել որեւէ մեկին ճիշտ չէր լինի,- նկատում է զուցակիցս,- հարց դրվեց, որ պիեսում ամեն ինչ լինի ընդհանրացված: Որոշվեց, որ դա կլինի գյումրեցի մի ընտանիքի պատմություն, որով կտայինք այն բոլոր հայ ընտանիքների պատմությունը, որոնց զավակները կամ սահմանին էին այդ ժամանակ, կամ կամավոր մեկնեցին պաշտպանելու հայրենիքը: Նաեւ որոշվեց, որ հարսանիքը պետք է տեղի ունենա ոչ թե Թալիշում, այլ Գյումրիում» :

Ներկայացման համար գրվել է հատուկ երաժշտություն. հեղինակը երգիչ, երգահան Հայկոն է: Նկարչական ձեւավորումը վստահվել է Գարեգին Եվանգուլյանին, զգեստների ձեւավորումը՝ Լուսինե Խաչատրյանին: Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի երեք սերնդի ներկայացուցիչներ ու թատերական ինստիտուտի ուսանողներ (մոտ 25-30 դերասան): Հանդիսատեսը բեմում կտեսնի ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանին, միջին սերնդի դերասաններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանին, Նառա Սանթոյանին, Դիանա Մածոյանին, Արկադի Կարագուլյանին, երիտասարդ դերասաններից՝ Տարոն Գրիգորյանին, Ջեմմա Ադամյանին, Մանե Մխոյանին եւ այլոց:  

«Շատ երկար եմ փնտրել Արմենի դերակատարին, երեւի մի 10 դերասանի փորձել ենք այդ դերում եւ վերջապես ընտրել Տարոն Գրիգորյանին,- անցած 2-3 ամիսների աշխատանքային ընթացքն է ներկայացնում Լյուդվիգ Հարությունյանը,- Գորան տատի կերպարի համար, օրինակ ոչ մի պահ չեմ տատանվել՝ պիտի Սուսաննա Բաղդասարյանը լիներ: Ճանաչված ու սիրված դերասաններ ունենք ներկայացման մեջ, որ շատ քիչ են լինելու բեմում, ինչպես օրինակ Անահիտ Քոչարյանը, սակայն այնքան հյութեղ է կերպարը, որ հաստատ մարդկանց տպավորելու է: Պիտի ասեմ, որ պիեսը դրամատուրգի համաձայնությամբ բավական փոփոխությունների է ենթարկվել: Խոսելով ապրիլյան քառօրյայի մասին՝ մենք չենք մոռացել նաեւ մեր արցախյան պատերազմի հերոսներին: Ներկայացման մեջ հարգանքի տուրք ենք տալիս նաեւ նրանց: Փորձերի ընթացքում տարբեր մարդկանցից ենք դիտողություններ լսել, դիտարկումներ, որ գուցե մեջը լինելով՝ չենք նկատել, դրանք նույնպես հաշվի ենք առել ու շտկումներ ենք արել: Մարդկանց հիշողություններում դեռ թարմ են այդ 4-օրյա պատերազմի հետ կապված զգացողությունները, կորուստների վերքը դեռ սպիացած չէ ամբողջովին եւ գրել այդ մասին, բեմ բարձրացնել այն՝ շատ պատասխանատու գործ է»:

Ողջ ներկայացման ընթացքում պատերազմի «ձայնը» հնչելու է միայն բեմում գտնվող հեռուստաէկրանից: Տագնապը, սպասումն ու չմարող հույսը հանդիսատեսին փոխանցվելու է կերպարների հեռախոսային կցկտուր զրույցների միջոցով, ու այդ ամենը լրացվելու է ներկայացման համար հատուկ գրված երաժշտությամբ: «Հաստատ արտասվելու են դահլիճում, մեծ մասը հուզվելու են, ու նույնիսկ մտածում ենք՝ գուցե շտապօգնության մեքենան հերթապահի առաջնախաղերի օրերին թատրոնի մոտ»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը: Ներկայացման առաջնախաղը սպասվում է մայիսի 30-ին: Աճեմյանցիները «Հարսանիք թիկունքում»-ը կխաղան նաեւ մայիսի 31-ին եւ հունիսի 8-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter