HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանից՝ Լեռնագոգ. ամուսինները որոշել են սեփական թռչնաֆաբրիկան ունենալ

Արմինեն առավոտից գետնից հավաքում և պարկերի մեջ էր լցնում արդեն սատկած ճտերին, որպեսզի դուրս տանեն տարածքից: Պետք է փոխեր նաև ճտերի տակի չոր խոտը, ամբողջովին թաց էր: Սելավից հետո թեև ճտերի մեծ մասը փրկվել էին, սակայն նկատելի էր, որ ջրից փրկվածների մի մասն էլ սատկելու է մրսածությունից: Ցույց տալով ճտերին` Արմինեն ասում էր, թե որ մեկն է հիվանդացել. «տես թևերը կախվել են, արդեն վիճակը վատ է»:

Պատմեց, որ ամբողջ գիշեր հարևանի հետ վարսահարդարիչով փորձել են ճտերին չորացնել, որ կորուստներ քիչ ունենան:

Արմինե Խաչատրյանն ու ամուսինը մասնագիտությամբ անասնաբույժներ են: Մոտ 30 տարի աշխատել են տարբեր թռչնաֆաբրիկաներում: Որոշել են այլևս ուրիշի մոտ չաշխատել և սեփական ֆաբրիկան ունենալ, բիզնես սկսել: Ժամանակավոր, կամ ինչպես Արմինեն է ասում՝ գուցե հիմնական, Երևանից տեղափոխվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնք: Տուն են վերցրել և գյուղում վարձով են բնակվում: Չեն դժգոհում, հարմարվել են տեղին ու մարդկանց:

Իրենց նորաստեղծ թռչնանոցի ճտերին բերել են Եկատերինբուրգ քաղաքից՝ ածան հավեր ստանալու համար: Կանխատեսվում է, որ ներկրված հատուկ ցեղատեսակի ճտերը, մեծանալով մինչև 97% ձվատվություն են ապահովելու, ունենալու են մուգ կարմիր ձու: Այդ ցեղատեսակի հավերն ունենում են նաև բարձր իմունիտետ և հեշտ են հարմարվում:

Ներկրված ճտերը բավականին թանկ արժեն, մեկ օրականը՝ 585 դրամ: Արդեն պահում են մեկ ամիս: Կատարել են զգալի ծախսեր: Տարածքը մինչ օրս ջեռուցվում է էլեկտրական տաքացուցիչներով՝ վճարելով մեծ գումարներ։ Բայց դրանից ամուսինները չեն դժգոհում, քանի որ հաշվարկել են ռիսկերը և ոլորտում նորեկ չեն:

Արմինեն պատմեց, որ մեծ դժվարությամբ են ճտերին հասցրել Հայաստան, և հիմա յուրաքանչյուրի համար դողում է: Ամբողջ օրը ճտանոցում է անցկացնում։ Ասում է՝ նաեւ խոսում է ճտերի հետ։ Իրենք որոշել են, երբ գա ածի ժամանակը, հավերին փակ տարածքից դուրս հանեն, դրսում պահեն: Տնական ձու ստանալու համար հավերը պետք է նաև կանաչով սնվեն:

«Լինում եմ Երևանի խանութներում, ֆաբրիկաներից բերում են և ասում, որ տնական ձու է, ինչ է թե ձվի գույնը մի քիչ «կրեմվի» է: Բայց այդպես չի կարելի, հիմա էլ այդպես են խաբում ժողովրդին: Դա ճիշտ չի»,- ասում է Արմինե Խաչատրյանը:

Արմինեի ամուսնուն տեսնել չհաջողվեց: Նա հիվանդ պառկած էր տանը: Կինը պատմեց, որ երեկ Լեռնագոգ համայնքում անձրևաջրերի սելավից տուժել են նաև իրենց տնտեսությունը: Ամուսինը մինչև ժամը 04.30-ը ոտաբոբիկ ջրերի մեջ փորձել է փրկել խեղդվող ճտերին:

Դեռ չգիտեն, թե քանի ճուտ է սատկել, քանիսին է ջուրը քշել, լցրել թռչնանոցի հարևանությամբ գտնվող ձորը: Միայն գիտեն, որ ընդհանուր 1600 հատ ճուտ ունեին: Արմինեն ասում է, որ թռչունների մոտ այժմ սթրեսային վիճակ է, թաց են և չեն կարող հավաքել, հաշվել, վնասի չափը պարզել:

Կորուստների փոխհատուցման մասով կառավարությունից շատ լուրջ սպասելիքներ չունի՝ հաշվի առնելով, որ նոր է ձևավորվել կառավարական կաբինետը: «Որոշումն իրենցն է, ես չեմ պարտադրում, ոչ մի բան չեմ կարող ասել»,- հավելում է Արմինեն:

Նա հույս ունի, որ նոր կառավարությունն ուշադրության կենտրոնում կպահի թռչնաբուծության ոլորտը: Արմինեն կոչ է անում վարչապետին, գյուղատնտեսության նախարարին քննարկում կազմակերպել բոլոր թռչնաբույծների, ֆաբրիկա ունեցողների հետ, որպեսզի հասկանան, թե ինչպես կարող են ոլորտը զարգացնել, փրկել կործանումից: Օրինակ է բերում Բաղրամյանի թռչնաֆաբրիկային և նշում, որ վերջինս փակվել է, որովհետև շուկայում չի դիմացել: Ասում է՝ շուկան խեղաթյուրված է, արտերկրից ցածր գներով հավեր են ներմուծվում, տեղականի անվան տակ փաթեթավորվում են և էժան վաճառում, ինչին չեն դիմանում տեղական արտադրողները:

«Ես մասնագետ եմ, թռչուն եմ պահում, գիտեմ ինքնարժեքը, ինչպե՞ս կարող են այդ գնով տեղական հավ վաճառել: Թող էլի ներկրեն, բայց չխաբեն: Թող բերեն դրսի փաթեթավորմամբ: Այնպես չէ, որ դրսից բոլոր բերված հավերն են վատը: Բայց մի բան ասեմ. լավ է` իմ երեխան կարտոֆիլ, մակարոն ուտի, քան ֆարմալինով մշակած հավի բուդ: Դա դանդաղ մահ է: Հորմոններ են լրիվ: Հայաստանում գրեթե բոլոր ֆաբրիկաներում աշխատել եմ, այստեղ ոչ մեկ հորմոնով չի պահում: Իսկ բդերը լրիվ հորմոն է, դնում ես թավայի մեջ ջուրը դուրս է տալիս բնական չէ»,- ասում է Արմինեն:

Ա. Խաչատրյանը պատմեց, որ տնտեսություն ստեղծելու համար մոտ 2 մլն դրամ վարկ են վերցրել «Արդշինբանկ»-ից բավականին բարձր տոկոսադրույքով: Գրավադրել են Ստեփանավան քաղաքի իրենց տունն ու դրանով հանդերձ վարկի տոկոսադրույքը կազմել է 24%:

«Ամսական վճարումներ ենք անում, մեկ տարին լրանում է արդեն, գնում, հարցնում եմ, թե որքան է մնացել վարկի մնացորդը, ասում է՝ մայր գումարից 200,000 դրամ գումար եք վճարել: Բայց ինչպե՞ս կարելի է: Եթե մարդը ամիսը 55,000 դրամ վճարում է, ինչպես կարելի է մայր գումարից պակասացնել 200,000 դրամ: Սա արդեն թալան է, հիմնական վճարումը գնում է տոկոս»,- նշում է Արմինե Խաչատրյանը և հավելում, որ թռչնաֆաբրիկաների գործունեությունը Հայաստանում կարող է հեռանկարային լինել, եթե գյուղվարկերը տրվեն ցածր տոկոսադրույքով: