HY RU EN

Արաքս Մամուլյան

Ոստիկանությունը ցանկանում է Սասնա ծռերին առաջիկա նիստերին չներկայացնել ու հիշեցնում ուժ կիրառելու իր իրավունքի մասին

Ոստիկանությունը «Սասնա ծռերի» գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել միջնորդություն, որում առաջարկում է առաջիկա օրերին այս գործով ամբաստանյալ անձանց դատարան չներկայացնել։

Միջնորդության մեջ ոստիկանությունը նշել է, որ մեկ շաբաթ առաջ՝ այս գործով նախորդ դատական նիստին, «Սասնա ծռերի» համախոհները շրջափակել էին դատարանի շենքն ու օրեր շարունակ այն շրջափակման մեջ պահելով ՝ թույլ չէին տվել ամբաստանյալներին ուղեկցել այն քրեակատարողական հիմնարկներ, որտեղ նրանք պահվում են։ Ոստիկանությունը նշել էր նաև, որ միայն մայիսի 19-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառման շնորհիվ է հնարավոր եղել իրականացնել ամբաստանյալների տեղափոխումը, հիշեցրել, որ «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերով «Սասնա ծռերի» համախոհները շրջափակել են նաև դատախազության շենքը՝ այսպիսով խոչընդոտելով Դատախազության աշխատակիցների ելումուտը։

«Հաշվի առնելով այս ամենը՝ ոստիկանությունը մտավախություն ունի, որ կարող է տեղի ունենալ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածով սահմանված պարտականությունների կատարման խոչընդոտում, որի ընթացքում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ոստիկանությունն իրավական հիմքով պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ եւ հրազեն, ինչը կհանգեցնի անդառնալի հետեւանքների»,- միջնորդության մեջ նշել է Ոստիկանությունն ու առաջարկել քննարկել առաջիկա նիստերին «Սասնա ծռերին» դատարան չներկայացնելու հարցը։

Դատարանը, սակայն, արձանագրեց, որ Ոստիկանությունը դատավարության կողմ չէ, և ըստ էության, այս գործի շրջանակներում միջնորդությամբ հանդես գալու իրավասություն չունի։

Նշենք, որ «Սասնա ծռերն» այսօր դատարան չէին ներկայացվել։ Վերջիններս նախորդ դատական նիստի ընթացքում դահլիճից տասը ժամով հեռացվել էին։

Նախկինում նիստից որոշակի ժամանակով հեռացված ամբաստանյալները բերվել են դատարան, սակայն դահլիճ ներկայացվել են միայն այն դեպքերում, երբ որևէ հարցում նրանց դիրքորոշումը ճշտելու անհրաժեշտություն է առաջացել, որից հետո նորից տարվել են դահլիճից։

Առնվազն մեկ անգամ էլ դահլիճից հեռացված ամբաստանյալները դահլիճ են վերադարձվել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանը պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա վերանայել է նրանց դահլիճից հեռացնելու իր որոշումը։

Մինչև այսօր չէր գրանցվել որևէ դեպք, երբ նիստից որոշակի ժամկետով հեռացված ամբաստանյալները առհասարակ դատարան չբերվեին։ Այս գործով հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը ոչ իրավաչափ գնահատեց ամբաստանյալներին առհասարակ դատարան չներկայացնելու հանգամանքը, ապա պաշտպանական կողմը միջնորդեց նրանց չներկայացնելու հիմքով հետաձգել դատական նիստը։

Թեև դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ ոստիկանությանը համապատասխան գրությամբ կհանձնարարի կատարել ամբաստանյալներին դատարան ներկայացնելու իր պարտականությունը, սակայն դիրքորոշում հայտնեց, որ նիստից տասը ժամով հեռացված ամբաստանյալներին դատարան չներկայացնելու հանգամանքը գործի քննությունը շարունակելու խոչընդոտ չէ, քանի որ եթե անգամ նրանք դատարան ներկայացվեին, կարող էին դահլիճ չբերվել․ նրանց հեռացնելու տասը դատական ժամը դեռևս չի լրացել։

Պաշտպաններ Հարություն Բաղդասարյանը, Հրանտ Գևորգյանն ու Արա Ղարագյոզյանն, այնուամենայնիվ, շարունակեցին պնդել, որ դատական նիստը հետաձգվի իրենց պաշտպանյալների բացակայության պայմաններում, ապա, նկատի ունենալով, որ իրենց պահանջը չկատարվեց, լքեցին նիստերի դահլիճը, որի պատճառով դատարանը նրանց նկատմամբ կիրառեց  դատական սանկցիա՝ նկատողություն։

Դահլիճում շարունակեցին գտնվել գործով երեք հանրային պաշտպաններ՝ Լիանա Գասպարյանը, Անյուտա Մկրտչյանն ու Արմինե Ֆանյանը։ Վերջինս հայտնեց, որ իրենք Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից լիազորվել են ներկայացնել ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի շահերը։

Նկատի ունենալով, որ Ավետիսյանը դատարան չէր բերվել, և վերջինիս դիրքորոշումը իր համար գործում հանրային պաշտպաններ ներգրավելու հարցում հնարավոր չէր ճշտել, դատարանը հետաձգեց այսօրվա դատական նիստը։

Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 30-ին։

Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում դահլիճում ներկա անձինք պարբերաբար, իբրև բողոքի նշան, բացականչում էին «դատավոր, հեռացիր», «ազատություն» և նմանատիպ այլ կոչեր։ Դատավորը զգուշացրեց, որ նման վարքագիծ դրսևորելու դեպքում դատական նսիտը դռնփակ անցկացնելու որոշում է կայացնելու՝ դրան թույլատրելով միայն լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունը։