HY RU EN

Սեդա Ղուկասյան

Բոլոր մարզպետներն առաջիկայում կազատվեն պաշտոններից

Բոլոր մարզպետները պետք է ազատվեն պաշտոնից և նշանակվեն նոր մարզպետներ։ Այս մասին Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Առաջիկայում կնշանակվեն մարզպետները, վարչապետը սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի նոր մարզպետներին»,- ասաց նա։

Հարցին, թե հավաստի՞ են արդյոք այն տեղեկությունները, որ ՀՅԴ-ի ու «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները չեն նշանակվելու մարզպետներ, նախարարը պատասխանեց. «Այս պահին որևէ որոշում չկա»:

Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ ՀՀԿ-ական մարզպետները դեռևս հրաժարականի դիմում չեն ներկայացրել, միգուցե չե՞ն համակերպվել փոփոխված իրավիճակի հետ, նախարարն արձագանքեց․ «Բայց ինչո՞ւ չպիտի համակերպվեն, եթե իրադրություն է փոխվել: Մինչ այս պահը շարունակել են պաշտոնավարել, որովհետև եղել են մարզպետներ, հիմա կլինի որոշում փոփոխել, կփոխվեն: Բոլորը պիտի փոխվեն»: