HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է

Հայաստանը «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Որպես փոխահտուցում՝ Հայաստանը տուժող կողմին վճարելու է 2500 եվրոյին համարժեք դրամ: Կառավարությունն այսօրվա նիստի որոշեց, որ այդ գումարը կփոխանցի իր պահուստային ֆոնդից:

ՄԻԵԴ-ը այս գործով վճիռը կայացրել է հունվարի 11-ին և հատուցման գումարի վճարման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 11-ը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հարցը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ արդյոք կարող են կանխատեսել, թե որքան նման փոխահուցման դեպքեր կլինեն, որպեսզի հասկանան բյուջեի վրա ունեցած բեռը: Սակայն Զեյնալյանը նշեց, որ անկանխատեսելի է, թե ՄԻԵԴ-ը գործով քանի վճիռ կկայացնի և արդարացի հատուցման ինչ չափեր կսահմանի:

«Սակայն կարծում եմ, որ այս ոլորտում շատ լուրջ ռեֆորմներ անելու անհրաժեշտություն ունենք, որովհետև հարյուրավոր գործեր կան Եվրոպական դատարանում, որոնցով շատ մեծ հավանականությամբ իրավունքի խախատում կճանաչվի, և մարդկանց իրավունքը ըստ էության մնում է խախտված»,- նշեց Զեյնալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Զեյնալյանին հայտնեց, որ այդ ոլորտում արվելիք բարեփոխումները շատ կարևոր են, բայց վերջին 20 տարվա ընթացքում դատաիրավական համակարգում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց դատաիրավական համակարգի էությունը շատ չի փոխվել. «Ես կարող եմ արձանագրել, որ մենք հիմա արել ենք արդեն իսկ ամենակարևոր բարեփոխումը և դա արել ենք մեկ օրվա ընթացքում: Արձանագրվել է հետևյալը, որ Բաղրամյան 26-ից և ընդհանրապես որևէ կառավարական և իշխանական կաբինետից, որևէ տեղից դատարանների վրա ապօրինի ներգործություն պետք է չլինի և պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի»:

Ինչ գործով է Հայաստանը պարտվել ՄԻԵԴ-ում

2007 թվականի մայիսի 5-ին դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ փողերի լվացման մեղադրանքով: Մեղադրանք առաջադրելուց երկու օր հետո դիմումատուն ձերբակալվել է, իսկ օրեր անց երկամսյա ժամկետով կալանավորել: Դիմումատուին ձերբակալել են՝ հաշվի առնելով նրան վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը եւ այն հանգամանքը, որ ազատության մեջ մնալու դեպքում նա կարող էր թաքնվել կամ խոչընդոտել քննությունը՝ անօրինական ազդեցություն գործադրելով դատավարությանը մասնակցող անձանց վրա:

Դիմումատուն առարկություն է ներկայացրել իրեն ձերբակալելու միջնորդության դեմ՝ պնդելով, որ քննիչը չի ներկայացրել որեւէ հիմնավոր փաստարկ, որ նա ազատության մեջ մնալով կարող էր թաքնվել կամ խոչընդոտել արդարադատության իրականացմանը՝ հաշվի առնելով, որ նա նախկինում դատապարտված չի եղել, ունեցել է լավ բնութագիր, մշտական բնակության վայր եւ կայուն հասարակական կյանք է վարել, ինչպես նաեւ եղել է հայտնի հանրային անձ:

Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, որոշել է անփոփոխ թողել վարչական շրջանի դատարանի որոշումը և դիմումատուին ազատ չարձակել:

2007 թվականի հուլիսի 2-ին և օգոստոսի 31-ին երկուական ամիսներով երկարաձգվել է դիմումատուի կալանքի ժամկետը:

Սակայն սեպտեմբերի 3-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը բավարարվել է և քննիչը որոշել է դիմումատուի կալանքը փոխարինել իր բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ եւ ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով այն փաստը, որ քննչական միջոցառումներն իրականացնելու համար որոշ ժամանակ կպահանջվեր, եւ դիմումատուին կալանքի տակ պահելն այլեւս անհրաժեշտ չէր:

Ինչ է պարզել ՄԻԵԴ-ը

Դիմումատուն պնդել է, որ դատարաններն իր կալանավորման համար չեն ներկայացրել հիմնավոր եւ բավարար պատճառներ: Այս հանգամանքով ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ ներպետական դատարանները հիմնավորել են դիմումատուի շարունակական կալանքը՝ միայն մեջբերելով ներպետական օրենսդրության իրավական սկզբունքները եւ անդրադառնալով հանցագործության ծանրությանը՝ առանց ներկայացնելու նրա գործի հատուկ փաստերը կամ ներկայացնելու մանրամասներ այն մասին, թե ինչպես է հիմնավորվում թաքնվելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ կրկին հանցագործություն կատարելու ռիսկը:

ՄԻԵԴ-ի եզրահանգմամբ՝ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր եւ բավարար պատճառներ՝ դիմումատուի նկատմամբ կալանք նշանակելու եւ դրա ժամկետը երկարաձգելու մասին իրենց որոշումների համար:

Գործի քննության արդյունքում մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 2000 եվրո ոչ նյութական վնասի և 500 եվրո ծախսերի և ծախքերի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter