HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը կալանքի տակ կմնա

«Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց Խաչատուր Գիչյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ իր որոշումը։ Այն է` կալանքը որպես խափանման միջոց, թողնել անփոփոխ։

Նիստի ընթացքում Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց իր պաշտպանյալին ազատել կալանքից` նշելով, որ նա առողջական խնդիրներ ունի, սակայն գումար չունի կալանքը գրավով փոխարինելու համար:

«Գիչյանն անօրինական է պահվում կալանավայրում, նա ունի լրջագույն առողջական խնդիրներ, բազմիցս դատարանում նրա վիճակը վատացել է: Նրան կալանավորելու համար չի եղել իրավական հիմք: Գիչյանը և մյուս ամբաստանյալները հայտնվել են անազատության մեջ ժողովրդի իշխանությունը զավթած պետության կողմից կայացված քաղաքական որոշման արդյունքում: Միջնորդում եմ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին, եթե դատարանը հնարավոր չհամարի ընդհանրապես ոչ մի խափանման միջոց չընտրելը»,- միջնորդությանը միանալով` ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Առաջարկում եմ այն գրավը, որ ինձ նշանակեցիք, տարածել բոլոր ամբաստանյալների նկատմամբ և էլ գրավ չկիրառել: Հաշվի առեք, որ 10 մլն դրամը չափազանց շատ է և բավական է բոլորի համար»,- առաջարկեց  ամբաստանյալ Կարո Եղնուկյանը, որի նկատմամբ Խ. Գիչյանի միջնորդությունից րոպեներ առաջ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց՝ 10 մլն դրամ գրավ։

Հիշեցնենք, որ Խաչատուր Գիչյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի` միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց Խաչատուր Գիչյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակել։ 

71-ամյա Խաչատուր Գիչյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի: Դատավորը բավարարեց պաշտպան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը: Հետազոտությունը կպարզի, թե ինչ հիվանդություն ունի Գիչյանը, արդյոք դրանք վտանգավոր են կյանքի համար և որքանով են համատեղելի կալանքի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter