
Բուսաբանական այգուց 600քմ հատկացվել է միջոցառումների սրահին
Երեկվանից բնապահպաններն ահազանգում են, որ Բուսաբանական այգու տնկիները հանվել են և տեղում երկաթյա կոնստրուկցիաներ են տեղադրվել՝ հարսանյաց սրահ կառուցելու նպատակով։
Բուսաբանական այգին 600քմ մակերեսով տարածք է վարձակալության տվել Գևորգ Աղաբալյան Ա/Ձ-ին՝ միջոցառումների անցկացման սրահ հիմնելու նպատակով։ Տարածքը տրամադրվել է 3 ամիս ժամկետով՝ ամսական 500 հազար ՀՀ դրամ վարձավճարով։
Այգում կտեղադրվեն վրանային կիսաբաց տաղավարներ՝ հարսանյաց, ծննդյան միջոցառումներ և ճաշկերույթներ անցկացնելու համար:
Նշված միջոցառումները կազմակերպելու է «White Hall» բացօթյա միջոցառումների սրահը: Կառուցվելիք տաղավարը հնարավորություն կունենա հյուրընկալելու մինչև 500 անձի:
«Հետք»-ի հետ զրույցում ընկերության միջոցառումների կազմակերպիչը, ով չցանկացավ ներկայանալ, հայտնեց, որ սրահը բացվելու է մինչ հունիսի 15-ը և գործելու մինչև սեպտեմբերի վերջ:
Ընկերությունից տեղեկացրին նաև, որ 200 հյուրի համար նախատեսված հարսանյաց արարողություն կազմակերպելու դիմաց, սրահը կպահանջի 2 միլիոն դրամ՝ ձայնային և լուսային տեխնիկայի, բեմահարթակի տրամադրմամբ։
Ստորև ծանոթացեք, թե ինչ տեսք ուներ Բուսաբանական այգու՝ վարձակալության հանձնված տարածքը 2017թ․ և 2018թ․ մայիս ամիսներին։ Մկնիկի շարժումով կարող եք դեպի աջ և ձախ տանել սլաքը՝ ամբողջական նկարը տեսնելու համար։
Բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանի փոխանցմամբ՝ այգուց 600 քմ մակերես տարածք է տրամադրվել Գևորգ Աղաբալյան Ա/Ձ-ին: Այգու այդ տարածքը վարձակալվել է 3 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամսվա համար վարձավճար է սահմանվել 500 հազար դրամ: Ըստ Վարդանյանի՝ տեղադրվելու են կիսաբաց վրանային կոնստրուկցիաներ, լինելու է ժամանակավոր հանդիսությունների, մշակութային և էկոկրթական միջոցառումների անցկացման վայր՝ վրանի տեսքով:
Գևորգ Աղաբալյան Ա/Ձ-ի գործունեության հասցեում գործունեություն է ծավալում նաև «Էքսկլուզիվ իվենթ քոմպանի» միջոցառումների կազմակերպման ընկերությունը:
Ժիրայր Վարդանյանն ասում է՝ այգու ֆինանսական միջոցները սուղ են, և նշված տարածքի վարձավճարի գումարով աշխատանքի կընդունվեն 3-4 այգեգործ-բանվորներ՝ այգու գիտական հավաքածուների տարածքների բարեկարգման և խնամքի համար:
Տնօրենը հավաստում է՝ տարածքը վարձակալությամբ տրամադրելու հարցը քննարկվել է գիտական խորհրդում և որոշել են բաց, ամայի այդ տարածքը կարճաժամկետ և փորձնական ծրագրով տրամադրել վարձակալության. «Փորձնական տեսնենք՝ ինչքանով է որպես ժամանցային, մշակութային միջոցառումների համար ծառայում և ինչ ռիսկ է պարունակում: Երեք ամսով է՝ մինչ սեպտեմբերի վերջ: Պայմանագրում պարզ գրված է, որ պետք է ապամոնտաժվի»:
Ժիրայր Վարդանյանի դիտարկմամբ՝ ծրագիրը փորձնական է: Եթե տեսնեն այն արդյունավետ է, բնակչության արձագանքը դրական է, մյուս տարի առավել երկարաժամկետ ծրագրով, այգու հեռավոր հատվածում մեծածավալ միջոցառումներ իրականացնելու համար տարածքը վարձակալությամբ կտրամադրվի:
Դիտարկելով «White Hall»-ի ֆեյսբուքյան էջը՝ պարզ է դառնում, որ բնակչությունն արդեն իսկ բացասական է արձագանքել այգու տարածքը վարձակալությամբ տրամադրելուն։
Տնօրենը հերքում է այն տեղեկատվությունը, որ տաղավարները տեղադրելու համար տարածքում ծառեր են հատվել. «Ես՝ ծառագիտության պրոֆեսորս, ծառերը պետք է կտրեմ, տեղը վրան դնե՞մ»,- հարցնում է Ժիրայր Վարդանյանը:
Այգու այն հատվածում, որտեղ տաղավարներ են լինելու, հողային շերտի վրա մետաղական կոնստրուկցիաներ են ամրացվել: Տնօրինությունից պարզաբանում են, որ դրանք տեղադրվել են, քանի որ տարածքն անհարթ է և անհարմար՝ միջոցառումներ անցկացնելու համար:
Երևանի բուսաբանական այգում բացօթյա հանգստի, ժամանցի և զբոսաշրջային կենտրոն հիմնելու 2,5 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր է առաջարկել նաև Երևանի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Հետք»-ին հայտնեց, որ «White Hall»-ի կողմից իրականացվող ծրագիրն իրենց հետ որևէ կապ չունի։
Դիանա Ղազարյան
Անի Հովհաննիսյան
Սարո Բաղդասարյան
Առաքել Մինասյան
Մեկնաբանել