Սուրենավանում հատած ծիրանենիների պատճառով կրքերը շիկանում են
Մինչ ոստիկանները կպարզեն, թե 2011 թ. դեկտեմբերի 30-ից 2012 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում ով է հատել Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Եղիշե Սեթյանին պատկանող 1 հա ծիրանի այգին, գյուղում հասունանում է թշնամանք նախկին եւ ներկայիս համայնքապետերի միջեւ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նյութ էինք հրապարակել, եւ Սուրենավանի գործող համայնքապետ Կարո Կարապետյանն ասել էր, թե տուժողն ու նախկին գյուղապետ Վաչիկ Աղազարյանը վատ հարաբերություններ ունեն դեռեւս 2008 թ. համայնքապետի ընտրություններից հետո, եւ չի բացառվում, որ հենց նախկին համայնքապետն էլ Ե. Սեթյանի ծառերը հատած լինի: «Հավանականություն կա, որ ինքն է, բայց դա իրավապահ մարմինները պիտի պարզեն, միգուցե ինքը չի»,- ասել էր Կ. Կարապետյանը:
Այսօր Վաչիկ Աղազարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այժմ Կարո Կարապետյանի վարկանիշը գյուղում զրո է, որպեսզի իր վարկանիշը բարձրացնի, այդ քայլին է գնացել եւ իր անունը վարկաբեկել է: «Ամբողջ կյանքս գյուղի համար ցավացել եմ: Մութ ու ցուրտ տարիներին հեծանիվով գնացել եմ գյուղի համար գործեր եմ արել: Կյանքս տվել եմ Սուրենավանին: Միշտ Հայաստանից դուրս գնալու հնարավորություն եմ ունեցել, բայց չեմ գնացել: 12 տարի գյուղապետ աշխատելուց հետո վստահ էի, որ ես նորից գյուղապետ կընտրվեի, բայց ներկայիս գյուղապետը 8 ձայնի առավելություն ստացավ: Մինչեւ ընտրությունները ձեռք-ձեռքի էինք տվել, որ ընտրությունների ժամանակ ոչ մի կաշառք չեն բաժանելու, սակայն գիշերով ալյուր, հեռախոսի քարտ ու գումար բաժանեց ու ընտրվեց»,- ասում է Վաչիկ Աղազարյանը:
Նա ներկայումս Արարատ քաղաքի զբաղվածության կենտրոնի տնօրենն է, իսկ կինը Սուրենավանի դպրոցի տնօրենն է: Վաչիկ Աղազարյանն ասում է, որ իրենց ընտանիքում բոլորը բարձրագույն կրթություն ունեն եւ իրենց չէին կարող նման արարք թույլ տալ եւ հատել համագյուղացու այգին:
Վաչիկ Աղազարյանի ասելով` Եղիշե Սեթյանը իր հարեւանն է եւ իրենց հարաբերությունների լարումը այլ պատճառներ ունի: «Ընտրություններից առաջ Եղիշե Սեթյանը եկավ ինձ ասաց, որ իրեն սուպերմարկետի համար հող տամ, ես էլ ասեցի, որ հնարավոր չէ այդ տարածքը բաժանել: Ներկայիս գյուղապետն էլ, առիթը օգտագործելով, Եղիշին ասել է` ինձ համար ընտրությունները կազմակերպեք ընտրվեմ, հաջորդ օրը փաստաթղթերը սեղանիդ կլինի: Ընտրություններն ավարտվեցին, բայց մինչեւ հիմա մարդը «բորդյուրին» է մնացել»,- ավելացրեց Վ. Աղազարյանը:
Այգին կտրելու կասկածանքները Սուրենավանի նախկին համայնքապետը վրա ընկել են նաեւ այն պատճառով, որ դեկտեմբերի 31-ին նա մեխով ձեռքը ծակել է ու վիրակապ է դրած եղել, դրանից ելնելով էլ լուրեր են տարածել, թե նա է ծառերը կտրել ու ձեռքը վնասել է:
«Ես չամուսնացած որդի ու աղջիկներ ունեմ եւ ինձ թույլ չէի տա սեւ բիծ գցեի իմ զավակների վրա»,- հավելեց Վաչիկ Աղազարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել