Ո՞ւմ է պատժելու Արսենյանը
Ազգությամբ եզդի Ալիխան Կարոյանը Զովունի գյուղում՝ իր տան կողքին, ունի փոքրիկ արտադրամաս: Այստեղ մեկ տասնյակից ավելի մարդիկ զբաղված են լիմոնադի եւ ջերմուկի արտադրությամբ: Սեպտեմբերի 14-ին Ալիխանի բջջային հեռախոսին զանգահարել է ինչ-որ մեկը, ներկայացել որպես «Ջերմուկ Գրուպի» տնօրեն եւ սպառնացել, որ եթե Ալիխանը չդադարեցնի ջերմուկի արտադրությունը, նրան կնստեցնեն «հենց շշի վրա»:
«Բայց դա մեր ապրուստի միջոցն է: Ես աշխատողներ ունեմ, նրանց աշխատավարձ եմ տալիս, մենք իրավունք չունե՞նք ապրելու»,- ընդդիմացել է Ալիխանը:
«Դե լավ, հիմա գալիս ենք»,- հնչել է պատասխանը:
«Միջադեպի ժամանակ ես աշխատանքի եմ եղել: Երեկոյան վերադարձա տուն, եւ ինձ պատմեցին, որ այդ զանգից շատ չանցած Զովունի է մտել 45 «Ջիպ»` ավելի քան 100 մարդկանցով: Եկվորներն Ալիխանին ու նրա աշխատակիցներին հայհոյանքներ տալով ծեծել են, նույնիսկ քաշքշել են կանանց: Իսկ Ալիխանին մեկ օր ժամանակ են տվել, որպեսզի լքի Հայաստանը,- ասում է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը եւ շարունակում:- Նրանք այնքան վախեցած էին, որ նույնիսկ ոստիկանությանը չէին դիմել: Ես զանգեցի Եղվարդի ոստիկանություն եւ դեպքի մասին հայտնեցի: Դրանից հետո Ալոյից (խոսքը Ալիխան Կարոյանի մասին է – Ա. Դ.) ցուցմունք են վերցրել, բայց նա ամեն ինչ շատ մեղմ է նկարագրել: Չի ասել, որ ջիպավորները զինված են եղել, որ իրեն ծեծել են, սպառնացել: Որովհետեւ այդ նույն տղաները նորից զանգել են ու այս անգամ սպառնացել, որ եթե հանկարծ բողոքի, նրան կվերացնեն»:
Սկզբում մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ալիխանը հաստատեց, որ նման միջադեպ է տեղի ունեցել, եւ պատրաստակամություն հայտնեց ամեն ինչ մանրամասն պատմել: Բայց հաջորդ օրը երբ հանդիպեցինք, նա մի քանի եզդի տղամարդկանց հետ մոտ 15 րոպե խորհրդակցելուց հետո, ի վերջո, որոշեց լռել: «Ոչ մի բան էլ մի գրեք. պետք չի: Ամեն ինչ արդեն կարգավորվել է,- պարզաբանեց Ալիխանը եւ հավելեց,- հեն ա, Վանաձորում դատախազին սպանեցին, թերթերն էլ ամեն օր էդ մասին գրում են: Ի՞նչ ա փոխվում: Էդ մարդն էլ չկա, չէ՞»:
«Նրանք ուղղակի վախենում են: Որ դուք գնացել էիք Զովունի, Ալոյի հայրը` Մաջիթ Կարոյանը, զանգել էր ինձ ու ասում էր` Թամոյա՛ն, պետք չի բողոքել. էդ մարդիկ մեզ անընդհատ զանգում, զգուշացնում են, որ կգան կխփեն-կսպանեն: Չենք ուզում լրագրողներին ինչ-որ բան պատմել»,- հիշում է Ա. Թամոյանը:
««Ջերմուկ Գրուպի» տնօրենը ես եմ, ու առաջին անգամ եմ այս պատմությունը լսում: Այսօր 100 հատ կազմակերպություն ջերմուկ է լցնում, թող մեկն էլ եզդի լինի, ի՞նչ խնդիր կա,- զարմանում է Սամվել Արսենյանը:- Եվ հետո, եթե ամեն ինչ օրինական է, ո՞վ կարող է նրանց արգելել: Իսկ եթե օրինական չէ, դա արդեն օրենքի խնդիրն է: Նման դեպքում մենք կդիմեինք համապատասխան մարմիններին: Ուրեմն, բան ու գործ չունենք, պետք է 45 «Ջիպ» ուղարկեի՞նք: Սա պարզապես ֆանտաստիկ սուտ է»:
Ս. Արսենյանը նշեց նաեւ, որ ինքն անպայման կխոսի Ա. Թամոյանի հետ, եւ եթե, իրոք, նման միջադեպ է եղել, նույնիսկ կօգնի դրա հեղինակներին գտնելուն, որպեսզի ««Ջերմուկ Գրուպի» վզին անմեղ տեղը շառ չփաթաթեն»:
Թամոյանի փոխանցմամբ` Ս. Արսենյանն իր հետ խոսելիս նախ նշել է, որ դեպքի հետ «Ջերմուկ Գրուպը» կապ չունի: Հետո, այնուամենայնիվ, շեշտել է, որ եթե հանկարծ պարզվի, որ դա «իր տղաների ձեռքի գործն է», վերջիններիս անպայման կպատժի:
«Հետո պարզվեց, որ հենց «Ջերմուկ Գրուպի» տղաներն են եղել: Իսկ Ալոյին որ զանգել են, համարներից մեկը հենց տնօրենի բջջային հեռախոսահամարն է եղել»,- վստահեցնում է Ա. Թամոյանը:
«Ասել եմ, որ դա մեր բջջային հեռախոսահամարն է, բայց ոչ թե կոնկրետ իմ ձեռքինը,- պարզաբանում է «Ջերմուկ Գրուպի» տնօրեն Ս. Արսենյանը եւ մանրամասնում:- Այդ օրերին ես արձակուրդում էի: Զանգողը եղել է մեր մենեջերը` Արման Միրզոյանը: Նրանք տղաներով գնացել են ռեստորան, որտեղ այդ պահին ապրանք դատարկելիս են եղել: Հանկարծ տեսել են, որ «Ջերմուկ Գրուպի» շշերի մեջ լիմոնադ է լցված: Պիտակի վրա գրված հեռախոսահամարով զանգել են ու բարկացած մի երկու բան ասել: Հետո գնացել են տեղում պարզելու, թե ինչ քանակությամբ են մեր շշերն օգտագործել: Նրանք չեն էլ իմացել, որ այդ արտադրամասի ղեկավարը եզդի է: Ընդամենը չորս հոգով են գնացել ու ոչ մեկին ոչ խփել են, ոչ էլ: Փոխարենը եզդիները նրանց դիմավորել են կամերաներով ու չգիտես` ինչերով: Բայց ոչ մի միջադեպ էլ չի եղել: Եթե Ալիխանի հետ խոսեք, ինքն էլ դա կհաստատի»:
«Իրականում 45 «Ջիպ» է եղել. մարդիկ հաշվել են: Ալոյենք էլ տեսախցիկով գաղտնի նկարել են: Որոշ մարդկանց ու մեքենաների համարները ֆիքսվել են: Այդ շայկայի նպատակը մեկն է եղել` մարդկանց վախեցնել ու խեղճացնել, ինչպես հիմա արել են: Ու եթե նրանք չեն բողոքում, միեւնույնն է՝ ես չեմ լռելու: Այդպիսի խմբերի դեմ պետք է պայքարել»,- ընդգծում է Ա. Թամոյանը եւ նշում, որ ինքը դիմելու է Հայաստանի ղեկավարությանը, իսկ եթե արդյունքի չհասնի, նաեւ՝ միջազգային կազմակերպություններին:
«Եթե մի բան արած լինեինք, կասեի` հա: Ոչ մի բան չի եղել: Ավելի շատ Թամոյանն է այս ամենը շոուի վերածում: Եթե ինչ-որ բան էլ կա անելու, այդ մենք պետք է դիմենք դատարան: Որովհետեւ նրանք վնաս են հասցրել «Ջերմուկ Գրուպին» ու նրա հեղինակությանը: Փաստորեն, սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում»,- եզրափակում է Ս. Արսենյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել