HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսանողը Հայաստանում և Գերմանիայում. արտոնյալի կարգավիճակ, թե՞ ինքնուրույն կյանքի սկիզբ

6:31: Սառնարանից վերցնում եմ ընդմիջման ուտելիքս ու դուրս թռչում տանից: 6:39 տրամվայը կանգառում կլինի, սուրճերով զինված մարդիկ արագ կտեղավորվեն, ու հաշված վայրկյաններում տրամվայը կսլանա: Եթե նույնիսկ  6:40 հասնեմ կանգառ, կուշանամ տրամվայից էլ, աշխատանքից էլ: Իսկ ես չեմ ուզում որևէ աշխատանքային օր կորցնել, որովհետև աշխատանքային ամիսս բաղկացած է 4 օրից՝ 11-ական ժամով: Ամեն ամիս 44 ժամ աշխատում եմ, իսկ մնացած ժամանակ ես ուսանող եմ:

Դպրոցը Վրաստանում եմ ավարտել: Հայաստանի բուհերից մեկում՝ բակալավրի աստիճան ստացել: Ու ճիշտ այն ժամանակ, երբ կարելի էր հիմնական կրթությունս ավարտված համարել, սկսեց թվալ, որ ընդհանուր գրագիտությունս ու մասնագիտական պատրաստվածությունս անբավարար են: Բուհին հաջորդեց տրամաբանական հաջորդ փուլը. պրակտիկայի անցա Հայաստանի առաջատար թերթերից մեկում, բաց չէի թողնում ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորությունները, երիտասարդ լրագրողների համար կազմակերպված տարբեր սեմինարների էի հաճախում, բայց ինչ-որ բան կիսատ էր...

Հիմա դժվարանում եմ ասել, արդյո՞ք անարդարացի խիստ չէի ինքս իմ նկատմամբ: Համենայն դեպս, այդ (ան)արդարացի խստությունս ստիպեց, որ կարճ ժամանակում գումար տնտեսեմ, սովորեմ նոր լեզու, մշակեմ մարտավարություն, թե ինչպես կարելի է ընդունվել գերմանական որևէ համալսարան: Այսպես, 25 տարեկանում հայտնվեցի Բրեմենի համալսարանում:

Ակնկալիքներ և իրականություն

Հայաստանում ես չեմ մասնակցել իմ ուսման կազմակերպմանը: Ամեն բան արդեն իսկ կազմակերպված էր, ես չէի որոշողը որ սեմինարին երբ հաճախել, կիսամյակի ընթացքում քանի Credit Point կուտակել, առաջարկվող ծրագրից ինչ ընտրել: Անգամ դասացուցակն էր պատրաստի տրվում դեկանատից:

Ու ահա ես հայտնվում եմ մի միջավայրում, որտեղ բառացիորեն ամեն ինչ իմ պատասխանատվության տակ է: Դատա՞րկ է սառնարանս՝ ես եմ մեղավոր, քննությունս ձախողե՞լ եմ՝ ես եմ մեղավոր, ուզածս սեմինարին ազատ տեղ չի մնացե՞լ, դարձյալ ես եմ մեղավոր: Ես եմ մեղավոր նույնիսկ այն բանի համար, որ դասախոսության զգալի մասը չեմ հասկանում:

Երբ ես արագ տեմպերով գերմաներեն էի սովորում, չէի էլ գուշակում, թե լեզվի գերազանց իմացությունը համալսարանում ինչքան կարևոր է լինելու: Մի կողմից գերմաներենս էր կաղում, մյուս կողմից էլ անծանոթ էի կրթական համակարգին: Բարեբախտաբար, առաջին շաբաթվա ընթացքում մի շարք տեղեկատվական միջոցառումներ ու հանդիպումներ ունեցանք: Մինչև քո ուսերին բազմաթիվ պարտականություններ ու պատասխանատվություն դնելը, համալսարանը նախ քեզ տեղեկատվություն է տրամադրում, թե որ իրավիճակում ուր դիմել, ումից օգնություն ակնկալել:

Գոյություն ունեն սկսնակներին բնորոշ սխալներ,  ի՞նչ անել, եթե նախընտրածդ երկու սեմինար համընկնում են, եթե ժամանակին չես գրանցվել քննություններին, եթե խմբիդ անդամների հետ հաղորդակցությունը չի ստացվում: Սկզբում նույնիսկ սեմինարի գրանցվելը կարող է հարթ չընթանալ: Ես «Մեդիա ու հաղորդակցություն» ֆակուլտետի ուսանող եմ, մեզ մոտ մեծ պահանջարկ ունեն թվային մարկետինգի սեմինարները: Ծիծաղելի է, բայց փաստ, որ մի ամբողջ տարի չէի հասցնում ժամանակին գրանցվել այդ սեմինարին: Տեղերը սահմանափակ էին, ու դասընթացի՝ համալսարանի կայքում առցանց դրվելուց հաշված րոպեներ անց տասնյակ ուսանողներ գրանցվում էին ինձանից շուտ:

Մյուս դժվարությունն այն էր, որ ես կրեդիտային միավորներից գլուխ չէի հանում: Հայաստանյան իմ դիպլոմում գրված է, որ ուսումնառության ընթացքում կուտակել եմ 240 Credit Point: Բայց թե ինչ է դա նշանակում գործնականում, թե ինչպես է մեկ ակադեմիական կրեդիտը հաշվարկված, չգիտեի:

ECTS , այսինքն՝  European Credit Transfer System

Կրեդիտների համակարգը եվրոպական բուհերում ներդրվել է Բոլոնյան հռչակագրով, 1999-ին: Բոլոնյան բարեփոխման նպատակը բարձրագույն կրթության միասնական եվրոպական տարածքի ստեղծումն էր: ՀՀ կառավարությունն էլ 2005 թվականի դեկտեմբերի 22-ին է հաստատել  «ՀՀ բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին» որոշումը:  

Քանի որ ես չէի պատկերացնում, թե մեկ կրեդիտ վաստակելու համար ինձնից ինչ ծավալի աշխատանք է ակնկալվում, առաջին կիսամյակս մղձավանջային էր: Տագնապի զգացումը հանգիստ չէր տալիս, թվում էր, որ չեմ հասցնում տեմպին: Փրկության հասավ նույն ինքը՝ կրթության բոլոնյան համակարգը, որը քեզ թույլ է տալիս ինքնուրույն բաշխել կիսամյակներիդ ծանրաբեռնվածությունը: Այդպիսով, ես առաջին կիսամյակում միայն 9 ակադեմիական կրեդիտ կուտակեցի: 9 կրեդիտ, այն դեպքում, երբ ուսումնական ամբողջ ծրագիրը 180 կրեդիտից է բաղկացած: Լիակատար ձախողություն:

Միայն երկրորդ կիսամյակից հասկացա, որ 1 ակադեմիական կրեդիտը ենթադրում է 25-30 ժամ աշխատանք: Այսինք, եթե դու ունես սեմինար, որի համար կարող ես 3 կրեդիտ կուտակել, նշանակում է՝ քեզանից կիսամյակի ընթացքում ակնկալվում է 75-90 ժամ աշխատանք: Խորհուրդ է տրվում (բայց չի պարտադրվում) բակալավրի ծրագիրն ավարտել վեց կիսամյակի ընթացքում, այսինքն՝ յուրաքանչյուր կիսամյակին կուտակել 30 կրեդիտ: Փաստորեն, ես պարտավոր էի ամեն շաբաթ 40 ժամ պարապել: Գերմանական չափանիշներով շաբաթական 40 ժամը համապատասխանում է նորմալ աշխատանքային շաբաթին: Այսինքն՝ բուհը համարժեք է լրիվ դրույքով աշխատանքին: Իսկ աշխատա՞նքը:

Ֆինանսավորում

Կրթաթոշակ չունեմ: Ինքս եմ ֆինանսավորում կրթությունս: Գերմանական բուհեր դիմելիս հստակ որոշել էի, որ կրթաթոշակ չգտնելու պարագայում օգնություն չեմ խնդրելու ընտանիքիս անդամներից: Երբ  Հայաստանում էի, կարծես արտոնյալ լինեի, ուսմանս համար վճարում էին, ամեն ինչ անում, որ անհոգ լինեմ, կենտրոնանամ միայն սովորելու վրա: Բայց արդյո՞ք դա ամենաճիշտ մոտեցումն է:

Գերմանիայում համարյա բոլոր ուսանողները անմիջապես կրթությանը վերաբերող հարցերից բացի նաև կազմակերպում են իրենց առօրյան, աշխատում, լուծում բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ, բնակարան ու պրակտիկայի տեղ գտնում, զբաղվում ապահովագրության, պայմանագրերի, մի շարք փաստաթղթերի և այլ բյուրոկրատական հարցերով:

Առաջին կիսամյակիս ձախողման պատճառները բազմաթիվ էին. նոր համակարգ, օտար լեզու, կենցաղային-կազմակերպչական նոր պարտականություններ, իսկ ամենակարևորը՝ ֆինանսական բեռ, աշխատանք-ուսում համատեղելու դժվարությունը:

Դժվար էր գտնել համալսարանի ժամացուցակիս չխանգարող աշխատանք: Սկզբում մի քանի տեղ՝ քիչ ժամերով էի աշխատում: Սխալ մարտավարություն: Շատ ժամանակ էի կորցնում՝ քիչ վաստակելով: Երրորդ կիսամյակում ընկերներիցս մեկը` Լիզան, հուշեց, որ պետք է աշխատել միանգամից շատ ժամեր՝ բաշխված քիչ օրերի վրա. «Փորձիր կիրակի ու հանգստյան օրերին աշխատել, տես, թե ժամդ ինչ բարձր կգնահատվի»,- ասաց նա:

Բրեմենում ուսանողներն իրավունք ունեն աշխատել ոչ շատ, քան ամսական 40-45 ժամ: Այսպիսով, ես գտա 4 օրանոց աշխատանք, ամեն աշխատանքային օրը՝ 10 կամ 11 ժամ: Ահա թե ինչու էի վերևում ասում, որ իմ ամեն մի աշխատանքային օրը կարևոր է: Ընդհանուր առմամբ՝ ամսական մոտ 700-750 եվրոն ուսանողներին լիովին բավարար է:

Տխրությունը կամպուսում

Եթե հայաստանցի ուսանողներն ապրում են ծնողների հետ ու վերջիններից տարատեսակ «ծառայություններ» ստանում, գերմանացի ուսանողների բացարձակ մեծամասնությունը մենակ է ապրում: Ու դա երբեմն կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել, եթե ամուր նյարդեր ու լավ ընկերներ չունես: Բայց անգամ այդ դեպքում ապահովագրված չես, որ օրինակ՝ նոյեմբերյան մի մութ երեկո տուն վերադառնալիս թախիծն ու միայնությունը չեն պաշարի քեզ...

Տխրությանս մասին կարող եմ Անիին ու Ստելլային պատմել: Հայաստանցի ընկերներս են: Ընկերությունն այստեղ նոր իմաստ ստացավ, մենք միմյանց համար մի քիչ ընտանիք ենք, մի քիչ խորհրդատու, արտակարգ իրավիճակներում՝ պատասխանատու անձ: Մի անգամ ծանր հիվանդացա, պարզվեց, որ ընկերներս ի թիվս այլ ունակությունների, նաև հնարամիտ ու ճկուն բժիշկներ են:

Երեքով քննարկում ենք բարդ առաջադրանքները, կիսում ֆինանսական խնդիրներն ու Հայաստանից ստացած լավաշը, ծիծաղում դժվարությունների վրա ու սրտանց ուրախանում միմյանց հաջողություններով:

Շատ գերմանացիներ Անի ու Ստելլա չունեն, ընկերների հետ զգացմունքներից խոսել անհարմար են զգում: Երևի լավ է, որ համալսարանը հոգեբանական անվճար ծառայություն ունի: Ես այդպես էլ չայցելեցի մեր հոգեբանին, չնայած որոշ փուլերում դրա կարիքն ունեի: Վերջերս ընկերներիցս  Աննան պատմեց, որ իրեն ուսումն ընդհատելուց հետ է պահել հենց հոգեբանի հետ զրույցը:

Սթրեսը կամպուսում

2016-ին 18.000 ուսանողի շրջանում հարցում էր իրականացվել, հարցված ուսանողների 53 տոկոսը խոստովանել էր, որ բարձր սթրեսի է ենթարկվում: Այդ սթրեսն առաջանում է, քանի որ մրցակցությունը բարձր է, հաջողությամբ ավարտելու համար ուսանողից, սովորելու ունակությանը զուգահեռ, այլ որակներ են պահանջվում. ժամանակդ ու ռեսուրսներդ պետք է ճիշտ տնօրինես, խիստ կարգապահ լինես, ճիշտ կազմակերպես կիսամյակներդ ու սոցիալական կյանքդ: Որոշ քննադատներ համարում են, որ ուսանողական սթրեսի պատասխանատուն Բոլոնյան համակարգն է՝ իր բարձր պահանջներով:

Վերևում նշածս ակադեմիական կրեդիտներ կուտակելու կարգը պարզապես թղթի վրա գրված պահանջ չէ, ուսանողի համար սա հետևողական, երբեմն էլ լարված աշխատանք է նշանակում: Մեկ ակադեմիական ժամին մեծ ծավալի նյութ է մատուցվում: Ընդ որում՝ դասախոսութունը չի պարունակում սովորելու ամբողջ նյութը: Դասախոսի աշխատանքը կարծես առաջին ուղղորդում անելն է: Դու պարտավոր ես նշված հոդվածներն ինքնուրույն գտնել գրադարանից ու աշխատել «հում նյութի» հետ: Անգամ արձակուրդներին դու չես հանգստանում, որովհետև գիտական հոդվածներդ պիտի ավարտին հասնես:

Ի տարբերություն Հայաստանի բուհերի, որտեղ կան լավ սովորողներ, վատ սովորողներ և չսովորողներ, այստեղ կան շատ լավ սովորողներ ու լավ սովորողներ: Իսկ նրանք, ովքեր հասկանում են, որ չեն համապատասխանում համալսարանին, ընդհատում են ուսումը:

***

19:30: Վերադառնում եմ տուն: Շա՜տ հոգնած, բայց գոհունակության մեծ զգացումով...

***

Արդեն սովորում եմ  վերջին՝ վեցերորդ կիսամյակում: Ինձ համար այս ճամփորդությունը կավարտվի շուտով: Երբ հիշում եմ ինձ առաջին կիսամյակում, ժպիտս չեմ կարողանում պահել: Այն ժամանակվա ինձ՝ անպատրաստ ու մոլորված ուսանողին, ես սիրով եմ նայում: Քանի՜ անգամ եմ անզորությունից ու բարկությունից լաց եղել, հետո խորը շունչ քաշել ու շարունակել կարդալ տեքստերը, որոնք այն ժամանակ ես միայն կիսով չափ էի հասկանում:

Մեկնաբանություններ (4)

Մալվինա
Արմինս գրկաբաց կընդունենք քեզ, դու շատերի համար օրինակ ես: Երբեք չեմ մոռանա մեր փիլիսոփայության պարապմունքները ՝ :
Սարգիս
Այսօրվա Հայաստանում տիրում է բուրժուական տնտեսակարգը (ընդ որում մեր մոտի կապիտալիստների մեծամասնությունը կոմպրադոր ու սոցիալապես քիչ պատասխանատու անձիք են), այն դեպքոմ, երբ օրինակ Չինաստանում գերիշխում է սոցիալիստական տնտեսակարգը, իսկ Արմինեի նկարագրած Գերմանիայում մի քիչ ուրիշ պատմություն է.պետական սեկտորը Գերմանիայի տնտեսության մեջ կազմում է երկրի բաժնետիրական կապիտալի մոտ 20 տոկոսը, բայց ինչպես եւ այլ նմանատիպ երկրներում (Նորվեգիայում, Ֆինլանդիայում և այլն) տնտեսության պետական կարգավորման հիմնական գործիքը պետական բյուջեն է, որի միջոցով վերաբաշխվում է ազգային եկամուտի ավելի քան 40%-ը:
Vahe
Շատ ծանոթ երևույթ է: Երբ Շվեցարիայում մասնակցում էի ամառային ինտենսիվ կուրսերի ուղղակիորեն 30 րոպեով այլ բանով զբաղվելու ժամանակ չունեի: Այդ կուրսերն մասնակցող յուրաքանչյուր ուսանող սկսած 3-րդ օրից ամեն օր պետք է կարդար 40-60 երբեն էլ 80 էջ, որ հաջորդ օրվա լեկցիային պատրաս լիներ: Հայաստան վեռադանալուց հետո հասկանում ես որ շատ տեղեր կորող էիր այցելել անգամ քո քաղաքում, բայց ժամանակ չես ունեցել: Իսկ դեպրեսիան սկսվում է Հայաստանում, երբ հասկանում ես, որ քո գիտելքները Հայաստանում գրեթե ոչ մեկին/բացառոևթյամբ մի քանի միջազային կազմակերպությունների/ պետք չեն:
Մհեր
Լավն էր,կարդացվող )))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter