HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Երեւանի ավտոկայանատեղերը

Երեւանի տարբեր համայնքներում գործող վճարովի ավտոկայանատեղերն ապահովում են հսկայական գումարների շրջանառություն: Յուրաքանչյուր համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքապետը համապատասխան որոշմամբ տրամադրի տարածքներ:

Դրանից հետո միայն թաղապետարանը կարող է պայմանագիր կնքել տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի հետ՝ այդ տարածքները շահագործելու համար: Ավտոկայանատեղերի շահագործման հիմնական վերահսկողությունը դրված է տվյալ համայնքի թաղապետարանի վրա: Մեր թաղապետարանները, անշուշտ, իրենց համայնքում գործող վճարովի ավտոկանգառների նկատմամբ վերահսկողություն իրականացնում են: Բայց այն, ըստ էության, տարածվում է միայն ոլորտում շրջանառվող գումարների վրա, որոնց մեծ մասը, սակայն, այդպես էլ ստվերից դուրս չի գալիս (Սկիզբը՝ Երեւանի ավտոկայանատեղերը. Նոր Նորք համայնք ):

Մալաթիա–Սեբաստիա համայնք

Երեւանի քաղաքապետի 2001 թ. որոշմամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու նպատակով հատկացվել է 5000 քմ հողատարածք: Այն տեղակայված է Մալաթիայի փողոցին կից տարածքում՝ Սեբաստիայի փողոցից մինչեւ Ջիվանի փողոցն ընկած հատվածում:

Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի տրամադրած փաստաթղթի համաձայն՝ ավտոկայանատեղ շահագործելու համար պայմանագիր է կնքվել «Էռաֆատ» ՍՊԸ-ի հետ: Թաղապետարանը վերջինիս հանձնել է քաղաքապետի որոշմամբ տրամադրված նույն՝ Մալաթիայի փողոցին կից հողատարածքը: Սակայն` ոչ թե 5000, այլ 1485 քմ ընդհանուր մակերեսով, որի դիմաց «Էռաֆատ»-ն ամեն ամիս համայնքային բյուջե է վճարում մոտ 56 հազար դրամ:

Թաղապետարանի ավագանու որոշմամբ՝ 1 քմ-ի համար տարեկան սահմանվել է մոտ 450 դրամ վարձավճար: Սա, կարելի է ասել, խորհրդանշական գին է եւ համեմատած Երեւանի մյուս համայնքներում գործող վարձավճարների հետ՝ 4-ից 16 անգամ պակաս է:
«Էռաֆատ» ՍՊԸ-ին պատկանող ավտոկայանատեղում աշխատում են ընդամենը 2-3 հսկիչներ: Իրականում, սակայն, համայնքում գործող հիմնական եւ ամենախոշոր ավտոկանգառը տեղակայված է Մալաթիայի փողոցին զուգահեռ Րաֆֆու փողոցում: Դեպի «Մալաթիա» տոնավաճառ տանող այս փողոցի աջ եւ ձախ մասերում միմյանց բավականին մոտ կանգնած աշխատում են ավտոկանգառի հսկիչները՝ 11 հոգի: Նրանց մեծ մասը, իբրեւ «օրվա պլան», վճարում է 5, իսկ ոմանք` նույնիսկ 8 հազար դրամ: Ավտոկանգառի հսկիչներից գանձվող ընդհանուր գումարն ամսական կազմում է մոտ 1,5 միլիոն դրամ, որից պետությունը ոչինչ չի ստանում:

Մեզ հետ զրույցում հսկիչները տեղեկացրին նաեւ, որ «ավտոկանգառի «շեֆերը» կռված տղերքն են՝ երկրապահները», եւ «օրվա պլանն» իրենցից հավաքում են Մարզպետն ու Արթուրը:

«Էս երկրում ի՞նչն է նորմալ, որ ավտոկանգառների վիճակը նորմալ լինի: Մեր ունեցածը մի հատ ավտոկանգառ է, էլի… Ինչի՞ հետեւից եք ընկել»,- հարցրեց Մարզպետը եւ այդ «մի հատ» ավտոկանգառի գործունեության հետ կապված մեր հարցերը թողեց անպատասխան:

Նրա փոխանցմամբ՝ իրենք թեեւ երկրապահներ են, սակայն Երկրապահ կամավորականների միությունից առանձնացել եւ ստեղծել են «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

«Այդ ավտոկանգառի եկամուտներով օգնում ենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին»,- շեշտեց Մարզպետը եւ այդպես էլ իր ազգանունը չհայտնեց:

«Այդ ավտոկանգառները «Ոգու փորձության» հետ բացարձակապես կապ չունեն: Ով ինչ ասում է, սուտ է: Իսկ Մարզպետը պատերազմ տեսած, կոնտուզիա տարած մարդ է: Նրա ասածները չի կարելի հիմք ընդունել»,- ասաց Արթուր Ղազարյանը: Նշենք նաեւ, որ ինչպես վերջիններս, այնպես էլ «Էռաֆատ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանը «Ոգու փորձություն» ՀԿ-ի անդամներ են: ՍՊԸ-ի տնօրենին հանդիպելու մեր փորձերն արդյունք չտվեցին:

Թաղապետարանում քաջատեղյակ են, որ «Էռաֆատ» ՍՊԸ-ի ավտոկանգառից բացի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործում են նաեւ այլ ավտոկայանատեղեր: 
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի Առեւտրի բաժնի պետ Դավիթ Օհանյանի խոսքերով՝ անօրինական շահագործվող ավտոկայանատեղերի գործունեությունը դադարեցնելու լծակներ թաղապետարանը չունի. ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքները մեզ նման լիազորություն չեն տալիս»,- հավաստիացրեց Դ. Օհանյանը:

Նշենք, սակայն, որ հիշյալ օրենքներն ամենեւին չեն արգելում թաղապետարանին պաշտոնապես դիմել Ոստիկանությանը եւ խնդրել, որպեսզի կասեցվի համայնքում ապօրինի գործող ավտոկանգառների շահագործումը: Բայց Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանը նման քայլի չի դիմում: Որովհետեւ այդ պարագայում նա պարզապես կզրկվի ամսական առնվազն 1,5 միլիոն եկամտի իր մասնաբաժնից:

Շենգավիթ համայնք

Մեր հարցմանն ի պատասխան ՝ Շենգավիթի թաղապետարանից հայտնել են, որ «համայնքում ավտոկայանատեղերի կազմակերպման առնչությամբ Երեւանի քաղաքապետի որոշում չի կայացվել»: Ուստի, թաղապետարանն ավտոկանգառ շահագործելու համար որեւէ մեկի հետ պայմանագիր չի կնքել:

Սա նշանակում է, որ Շենգավիթում գործող վճարովի ավտոկանգառներն ապօրինի են: Իսկ դրանցում «պտտվում» են հսկայական գումարներ: Սա փաստելու համար բավական է բերել միայն Գարեգին Նժդեհի հրապարակի շրջակայքում գործող ավտոկայանատեղերի օրինակը: Այստեղ աշխատում են 7 հսկիչներ, որոնց հետ մեր զրույցից պարզեցինք, որ, միասին վերցրած, նրանք ավտոկանգառի «սեփականատիրոջն» ամեն օր մուծում են մոտ 40 հազար դրամ:

Թաղապետարանում այս մասին, իհարկե, տեղյակ են: Բայց որեւէ բան չեն անում՝ գոնե այդ գումարների ինչ-որ մասը համայնքային բյուջե բերելու համար: Պատճառն այն է, որ որեւէ տեղ չարձանագրվող այս գումարներից թաղապետարանում ունեն իրենց մասնաբաժինը: Այլապես դժվար չէ միջոցներ ձեռնարկել եւ հասնել նրան, որ համայնքում տեղակայված ապօրինի ավտոկայանատեղերի գործունեությունը օրինականացվի կամ կասեցվի:

Կենտրոն համայնք

Կենտրոն համայնքում գործող վճարովի ավտոկայանատեղերի մասին որոշակի տեղեկություններ ստանալու ակնկալիքով հարցում էինք գրել թաղապետ Գագիկ Բեգլարյանին: Թաղապետարանից ստացանք ոչ միայն մեր հարցերին պատասխան չտվող, այլեւ, առհասարակ, որեւէ կոնկրետ բան չասող, «լղոզված» մի պատասխան: Ի վերջո, մեզ հաջողվեց հանդիպել թաղապետարանի Առեւտրի, սպասարկումների եւ ծառայությունների բաժնի պետ Արա Միքայելյանին: Նրա տեղեկացմամբ՝ թաղապետարանն ավտոկայանատեղ շահագործող տնտեսվարող սուբյեկտի հետ կնքում է պայմանագիր, ըստ որի՝ յուրաքանչյուր քմ-ի համար վերջինս համայնքային բյուջե տարեկան վճարում է 6000 դրամ: Սակայն պայմանագիրը չի սահմանում, թե մեքենան կայանելու համար վարորդից ինչքան գումար պետք է գանձվի: «Դա արդեն տնտեսվարող սուբյեկտի որոշելիք հարցն է»,- ասում է Ա. Միքայելյանը:

Փոխարենը հիշյալ պայմանագրում հստակ ամրագրված է, որ տնտեսվարողը պարտավոր է ապահովել ավտոկայանատեղին անհրաժեշտ բոլոր պայմանները՝ գծանշումներ, ճանապարհային նշաններ, տեղեկատվական ցուցանակներ, վճարման դիմաց վարորդին տրվող հատուկ կտրոններ եւ այլն: Կենտրոնում գործող ավտոկանգառների մեծամասնությունը, եթե չասենք՝ բոլորը, պայմանագրում նշված այս կետերը չեն իրագործում: Իսկ նրանց գործունեության հիմնական վերահսկողությունը դրված է թաղապետարանի վրա:

«Ես էլ չգիտեմ՝ ի՞նչն ենք վերահսկում: Ասենք՝ խախտում արձանագրեցինք, լծակ չունենք, որ կարողանանք տվյալ սուբյեկտին տուգանել ու դրանով ինչ-որ բան փոխել»,- պարզաբանում է Ա. Միքայելյանը:

Նրա խոսքերով՝ ավտոկայանատեղ շահագործելու համար Կենտրոն համայնքի թաղապետարանը պայմանագիր է կնքել տնտեսվարող 44 սուբյեկտների հետ, եւ նրանց մուծած վարձավճարից համայնքային բյուջեն տարեկան համալրվում է 12-13 միլիոն դրամով: Ա. Միքայելյանը, սակայն, առանց թաղապետի թույլտվության հրաժարվեց տրամադրել այն տեղեկատվությունը, թե համայնքում գործող ավտոկայանատեղերի սպասարկումը ո՞ր ընկերություններն են իրականացնում, յուրաքանչյուրին քանի՞ քմ տարածք է հատկացվել, եւ որտե՞ղ են դրանք տեղակայված:

Ինչո՞ւ է Գագիկ Բեգլարյանը հրաժարվում հայտնել այն ընկերությունների անունները, որոնց հետ նա պայմանագիր է կնքել: Գ. Բեգլարյանը, սովորության համաձայն, թաքցնում է միայն այն տեղեկությունները, որոնք կապված են իր կամ իր շրջապատի մարդկանց հետ: Թե այդ ընկերություններից քանի՞սն են իրենը, եւ քանի՞սը՝ իր հարազատներինն ու ընկերներինը, թաղապետը խիստ գաղտնի է պահում:

Երեւանի քաղաքապետի 2001թ. որոշմամբ՝ Կենտրոն համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու նպատակով տրամադրված հողամասերի ընդհանուր մակերեսը 2850 քմ է: Եթե այս թիվը բազմապատկենք 6000 դրամով, ինչը 1 քմ-ի դիմաց տարեկան համայնքային բյուջե վճարվող գումարի չափն է, ապա կստանանք 17 մլն 100 հազար դրամ: Մինչդեռ, ըստ Ա. Միքայելյանի, համայնքային բյուջեն ավտոկանգառներից տարեկան ստանում է 12-13 միլիոն դրամ: Այսինքն՝ համայնքում շահագործվող ավտոկայանատեղերի ընդհանուր մակերեսը դեռ մի բան էլ քի՞չ է քաղաքապետի որոշմամբ տրամադրված հողատարածքից:

Կենտրոն համայնքում գրեթե յուրաքանչյուր քայլափոխի՝ զանազան օբյեկտների մոտ տեղակայված են վճարովի ավտոկանգառներ: Դրանք ոչ միայն բազմաթիվ են, այլեւ շատերը բավականին մեծ են զբաղեցրած տարածքով: Միայն «Վերնիսաժի» շրջակայքում գործողը մի քանի 100 քմ է: Հսկայական տարածքներ են զբաղեցնում նաեւ շուկաների, առեւտրի կենտրոնների, տոնավաճառների մերձակայքում գտնվողները: Այնպես որ, իրականում կենտրոնում շահագործվող ավտոկայանատեղերի տարածքը մի քանի անգամ ավելի մեծ է: Հետեւաբար, նույնքան անգամ շատ են նաեւ դրանցից գանձվող գումարները: Պարզապես, դրանց մեծ մասը ստվերում է եւ մտնում է ինչպես թաղապետարանի աշխատակիցների, այնպես էլ թաղային հեղինակությունների գրպանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter