
Արման Սահակյանի կատարած ծառահատման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Մայիսի 24-ին գլխավոր դատախազությունը «Հետք»-ի՝ «Պետգույքի կառավարման վարչության նախկին պետը առանց թույլտվության ծառահատում է իրականացրել» վերտառությամբ հրապարակումը ուղարկել է ոստիկանության Մաշտոցի բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար:
Այս մասին «Հետք»-ին հայտնեց գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը: Հրապարակումն ուսումնասիրվելու է Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով՝ պարզելու, թե արդյոք Արման Սահակյանի կատարած ծառահատման փաստում առկա են հանցագործության տարրեր:
Հիշեցնենք, որ մարտ ամսին պետական գույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանին պատկանող Հալաբյան հ.20/1 հասցեում առանց թույլտվության ծառահատումներ են իրականացվել: Այստեղ նախկինում գործում էր նրան պատկանող «Դոլչե» ընտանեկան ժամանցի կենտրոնը: Որքան էլ քաղաքապետարանը փորձել էր թաքցնել պաշտոնատար անձի կատարած ծառահատման անօրինականության փաստը, մեր երկու գրավոր հարցումներից հետո խոստովանել էին, որ ծառահատումն իրականացվել է առանց բնապահպանության վարչության հսկողության, քանի որ համապատասխան թույլտվություն չի եղել:
Նշված տարածքում ծառահատումներն իրականացվել են, երբ Արման Սահակյանը դեռևս պետական գույքի կառավարման վարչության պետ էր: Հիշեցնենք, որ նա հրաժարական է տվել մայիսի 10-ին, երբ ձևավորվում էր նոր կառավարություն:
Հավելենք, որ Հալաբյան փողոց 20/4, 20/8, 20/12, 20/13 և 20/14 հասցեներում Արման Սահակյանը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, որի ներսում լինելու է առևտրի կենտրոն, հասարակական սպասարկման սննդի կետ, գրասենյակային, ժամանցի և զվարճանքի կենտրոններ, սննդի արտադրություն:
Մեկնաբանել