HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի նախարարն ընդունեց Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Մայիսի 25-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին, ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանին և իր տիկին Սուսաննա Նահապետյանին, ՀՅԴ Բուենոս Այրեսի կենտրոնական կոմիտեի ղեկավար Ջանիկ Քեչյանին, ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամներ Էդուարդո Կոստանյանին և Էդուարդո Թորոսյանին, Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի ներկայացուցիչ Ֆլորենսիա Դեմիրճեանին, «Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճեանին, «Սարդարապատ» թերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանին, ՀԲԸՄ անդամ Խուան Կարլոս Մուրադյանին:

Ինչպես հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը` նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել նրանց նախարարություն այցելելու և հետագա համագործակցությունն ու առկա կապերն առավել ամրապնդելու պատրաստակամության համար: «Մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկը հայրենադարձությունն է: Մենք ունենք քաղաքական կամք բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար: Իհարկե, խոսելով հայրենադարձության մասին՝ գիտենք նաև, որ Սփյուռքը եղել է և մնալու է: Այսօր մենք Սփյուռքը յուրովի ճանաչելու խնդիր ունենք, քանի որ այն բազմերանգ է, բազմաշերտ և ունի առանձնահատկություններ:

Մեր գործունեության հաջորդ ուղղությունը հայապահպանությունն է, իսկ առանց ձեզ հետ սերտ համագործակցության Սփյուռքում հայապահպանության գործընթացը անարդյունք կլինի»,-նշեց Մխիթար Հայրապետյանը: Սփյուռքի նախարարն ընդգծեց նաև, որ համայնքների հետ աշխատանքին կհաղորդվի բոլորովին նոր որակ, նոր լիցքեր: «Այս ամենի համար մեզ պետք է միասնականություն: Թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է լինել միասնական: Մեր գործունեության առանցքում հայ մարդն է, հայ ժողովուրդը»,-հավելեց նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը Սփյուռքի նախարարին մաղթեց մեծ եռանդ հայերի երազանքի Հայաստանը կառուցելու գործում: «Մենք ցանկացած ձևով պատրաստ ենք նպաստել Հայաստանի զարգացմանը: Այդ աջակցության, համագործակցության ճանապարհը մենք տեսնում ենք Սփյուռքի նախարարության միջոցով»,-նշեց Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և նախարարին փոխանցեց արգենտինահայ համայնքի շնորհավորական նամակը:

ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանը կարևորեց, որ արգենտինահայ համայնքը գործունյա և միասնական համայնք է, միահամուռ գործում են հայկական կազմակերպությունները, ավանդական կուսակցությունների միջև հարաբերությունները բարեդրացիական են: «Հայապահպանություն ասելով՝ այդ բառի մեջ մենք հասկանում ենք, որ պիտի պահենք ու պահպանենք նաև Հայաստանն ու Արցախը: Հայրենիքի լավագույն զինվորներից մեկն էլ հայկական սփյուռքն է»,-նշեց Սեխիո Նահապետյանը:

«Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճեանն ընդգծեց. «Մեր զենքը գործը պիտի լինի: Բառերը պիտի թարգմանենք գործի և առաջ գնանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter