HY RU EN

Դիանա Ղազարյան

Բուսաբանական այգում դեռևս տաղավարներ չեն տեղադրվի

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Բուսաբանական այգում կոնստրուկցիաների տեղադրման աշխատանքները դադարեցված են։

Հիշեցնենք, որ Բուսաբանական այգին 600քմ մակերեսով տարածք է վարձակալության տվել Գևորգ Աղաբալյան Ա/Ձ-ին՝ միջոցառումների անցկացման սրահ հիմնելու նպատակով։ Տարածքը տրամադրվել է 3 ամիս ժամկետով՝ ամսական 500 հազար դրամ վարձավճարով։ Ըստ այդ ծրագրի՝ այգում պետք է տեղադրվեն վրանային կիսաբաց տաղավարներ՝ հարսանյաց, ծննդյան միջոցառումներ և ճաշկերույթներ կազմակերպելու համար: 

Սանասարյանի փոխանցմամբ, մի շարք քաղաքացիների բողոք-դիմումներին արձագանքելով` այսօր իր հանձնարարականով Պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչն արագ արձագանքման կարգով գնացել է Բուսաբանական այգի, տեղում ծանոթացել խնդրին և հանդիպել Բուսաբանական այգու տնօրինության և բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենի հետ։

Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցը պարզել է, որ էսքիզային նախագծի համար սահմանված կարգով դիմում չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան, ինչը նշանակում է՝ մոնտաժման աշխատանքները սկսել են առանց իրավական գործընթացների պատշաճ իրականացման։

Այդ իսկ պատճառով մոնտաժման աշխատանքները դադարեցվել են։ Սանասարյանը հավաստում է՝ ՊՎԾ-ն հետևելու է, որպեսզի համապատասխան իրավական գործընթացներն անցնելուց հետո միայն այգում տեղադրվեն տաղավարներ։

ՊՎԾ ներկայացուցիչը նաև մանրամասն տեղատեսություն է կատարել տարածքում՝ բնապահպանների այն ահազանգին ի պատասխան, թե տարածքում ծառեր են հատվել և տնկիներ հանվել: Պարզվել է, որ ծառահատում չի կատարվել։

«Այնուամենայիվ, կարծում եմ, որ ոչ թե պատկան մարմինները պետք է դրոշակ օգտագործեն և հավաստիացնեն, որ ծառահատում չի եղել, այլ հատկապես Բուսաբանական այգու տնօրինությունն ու Երևանի քաղաքապետարանը համատեղ պետք է մշակեն լայնածավալ ծառատունկ անելու ծրագիր և վերջ դնեն այդօրինակ կարևոր նշանակության տարածքների անապատացմանը»,-գրառման մեջ նշել էր Դավիթ Սահակյանը։