Հրաշքը
Մհեր Արշակյան
Հրաշքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն հնարավոր է: Ե՞րբ է տեղի ունեցել առաջին հրաշքը: Մենք գիտենք, որ այն ինչ-որ իմաստով իռացիոնալ մի բան պետք է եղած լինի, բայց հրաշքը երբեք էլ մետաֆիզիկական չէ: Առաջին հրաշքն անշուշտ բառի ծնունդն էր' երբ մարդը պայթեց ներսից, երբ հոգին, ԲԱՆԸ, աներեւույթը, անշոշափելին գտավ ելքը, ֆիզիկական ելքը: Այդ ծնունդը միաժամանակ պոեզիայի ծնունդն էր, քանի որ արտահայտվելով մարդը գերազանցեց իր ընկալմանը: Բայց բառը ոչ թե ասելու պահանջից է առաջացել, այլ' արտահայտվելու պահանջից, քանի որ արտահայտվելն ավելին է, քան' ասելը: Արտահայտվելու մեջ կրթություն կա, իսկ ասելու մեջ' տեղեկատվություն: Արտահայտվում էր Մովսեսը, Սողոմոնը, արտահայտվում էին հույն իմաստունները, արտահայտվում էր հայր Ալեքսանդր Մենը, Անդրեյ Տարկովսկին, Լեւոն Ներսիսյանը, Պողոս Առաքյալը, Ժողովողը:
Բոլոր մարգարեներն էին արտահայտվում, իսկ ասում էր Նոստրադամուսը, քանի որ նա մեզ էր փոխանցում ոչ իր հոգին, ոչ իր աշխարհը, այլ ինչ-որ կանխատեսելի, հողեղեն մի իրականություն, որտեղ ահազանգ չկա, չկա ճիչ, կա կատարված փաստ: Նա գրով չստեղծեց մի իրականություն, որտեղ ԲԱՆԸ, արյան, աղետների, չարիքի միջով առաջնորդում է մարդուն, հեղափոխում նրան, նա մեզ առերեսեց թող որ ոչ այնքան ակնհայտ փորձանքներին, որոնք փորձություն չէին դառնալու: «Հովհաննու Հայտնությունը բանաստեղծական տեքստ է»,-ասում էր Անդրեյ Տարկովսկին: Որովհետեւ Հայտնությունը խոսում էր ոչ թե անառարկելիից, այլ' միս ու արյուն ունեցող անկանխատեսելիից: Որովհետեւ Հայտնությունը չէր դավաճանել արարչագործության 6 օրը, դեպի որը առաջանալուն մենք այլընտրանք չունենք:
Լեզուն ինքնին պատրաստ է եղել բառին, բայց այն եղել է մարմնի մաս, որը սուսուփուս գոյակցել է քթի, աչքի կամ ականջի հետ: Նրանք եղել են համակեցության մեջ: Անասունը նույնպես ունի լեզու, աչք, ականջ եւ քիթ: Նրանք նույնպես արտահայտվելու իրենց եղանակներն ունեն' որոշ իմաստով փրկչական' աղետների ժամանակ: Բայց հանկարծ առաջացավ պատասխանատվությունը: Սկզբից Ադամը պատասխան տվեց, հետո' Կայենը: Երկուսն էլ ինչ-որ իմաստով այդ պատասխանատվությամբ ցույց տվեցին մարդու անասնականին մերձ լինելը: Ադամի քմահաճույքը չէր, որ նա պտուղը կերավ, Աստծո պատկերով եւ նմանությամբ արարվածը դեռեւս ՉԳԻՏԵՐ, որ կարելի է լինել քմահաճ: Կայենը մահ չէր տեսել, նա ՉԳԻՏԵՐ, թե ինչ է մահը, երբ սպանում էր: Աստված նրանից պատասխան պահանջեց Աբելի բացակայության համար: «Ես իմ եղբոր պահակը չեմ»,-ասաց Կայենը: Ըստ իս այդ ժամանակ դեռ խոսք չկար հարության հնարավորության կամ մեկ այլ կյանքի մասին, եւ չի լինելու մինչեւ մարգարեների ի հայտ գալը, որոնք կնշմարեն ծնունդը մեկի, ում սպանությունը հնարավոր է, բայց մահը' ոչ: Դա ֆիզիկական նոր իրողություն էր, ոչ թե' հետմահու կյանքը կամ անմահությունը, այլ' Հիսուս Քրիստոսը: Եվ դա նոր իրողություն է ոչ թե Աբելի մահով, այլ' Կայենի նախանձով, քանզի այդ պահից աշխարհը մտնում է նոր չափման մեջ, սպանությունն ավելի հեշտ է խոստովանել, քան' նախանձը:
Ցանկացած անասուն Կայենի հետ ունի հետեւյալ ընդհանրությունը' Կայենը ոչինչ չասաց: Բայց մարդն անասունից տարբերվում է ոչ թե խոսելու ընդունակությամբ, այլ' լռելու: Անասունը չի լռում: Նա, միգուցե, բնականից ոչինչ ի վիճակի չէ ասելու, բայց չի լռում, որովհետեւ լռությունը ֆիզիկական կենսավիճակ չէ, այն լեզուն գործողությունից զերծ պահելը չէ, այն հոգեկան իրողություն է, արտահայտվելու մյուս կերպը, լռությունը զգացում է, որը խոսքը դարձնում է արտահայտություն: Այսպիսով առաջին հրաշքն այն էր, որ արտահայտվելով մարդը կենդանացրեց լռությունը, մի տեսակ շարժման մեջ դրեց այն, ինչպես ժամացույց: Ի դեպ, դա շատ նման էր Իմացության ծառից պտուղը կծելու Եվայի անպատկառությանը, որով գործողության մեջ դրվեց ժամանակը: Հետո, իհարկե, ԲԱՆԸ դարձավ բառ եւ մարդիկ այն ամենին, ինչին անուն տվեցին, ավելացրին իրենց շահը: Հետո բառը կնահանջի եւ այն, ինչ մենք կորցրել ենք, կգտնենք Աստվածաշնչում: Նախկինում հրաշքների փոխարեն եղել են առասպելներ: Ինչու՞: Որովհետեւ աստվածներն ավելի շատ էին, քան' մարդիկ: Որոշ ժողովուրդների գրականություններում կային նաեւ կիսաստվածները: Եվ նույնիսկ մարդն էր առասպելակիր: Նա ժայռ էր բարձրացնում' դինոզավրերի դարաշրջանի զգացողությունն ապրած եւ այդ դարաշրջանին այս կամ այն չափով մոտ մարդու առասպել: Հետո հրեաները մի քանի դարում կստեղծեն ՄԵԿ ԳԻՐՔԸ, բայց նախ եւ առաջ' Հին Կտակարանը:
Գաբրիել Գարսիա Մարկեսն ասում է, որ Հին Կտակարանում ամեն ինչ հնարավոր է, այնտեղ ոչ ոք ոչնչից չի վախենում: Նույնը տեղի կունենա «Մենության հարյուր տարին» վեպում: Ինչու՞: Որովհետեւ այնտեղ մարդիկ չկան, կան հերոսներ: Հին Կտակարանը չի պատմում Աստված եւ մարդ հարաբերակցության մասին: Դա համադաշնություն էր' Կարմիր ծովը երկու կես է լինում, որպեսզի Մովսեսը Եգիպտոսից դուրս բերի իր ժողովրդին: Սա, իհարկե, առասպել է, քանի որ մարդու գործ չէ: Այստեղ ավելի օբյեկտիվ կամ հնարավոր է ոչ թե Աստծո եւ մարդու համագոյակցությունը, որում դժվար է ասել, թե ով է ումից ավելի ռեալ, այլ հենց' Կարմիր ծովի, այսպես ասած, այլակերպումը: Որովհետեւ ծովի երկատումը Աստված-մարդ ամենաուղղակի հարաբերության դաշտում է, ոչ թե' Աստծուց մարդու համար արված հրաշքի:
Հին կտակարանն այլեւս չունի հրաշքներ, այն ունի միջամտություններ, Աստված միջամտում է իր ժողովրդի կյանքին: Իսկ խոսքին չի միջամտում, քանի որ պոռթկումն անհատական, ներսից բխող իրողություն է: Խոսքը մի բան է, որի մասին հաստատ չես ասի, թե որտեղից է գալիս, կոկորդի՞ց, սրտի՞ց, թե մեկ այլ տեղից: Հետո, իհարկե, ԲԱՆԸ կպատսպարվի գրի մեջ, ոչ, իհարկե, Նոստրադամուսի, այլ Ժողովողի, առասպելների, Հայտնության, հույն երգասացների, նաեւ' Հոմերոսի, բոլոր, բայց երեւի առաջին ազգերի էպոսների, Ավետարանների, Պողոս Առաքյալի թղթերի, Շեքսպիրի, Չարենցի եւ այլոց: Այնուամենայնիվ, հրաշքը նորկտակարանյան ընկալում է: Մինչեւ Հիսուս Քրիստոսի ծնունդը Աստված, որ դեռ Հայր Աստված չէր, ուղղորդում է հրեաներին: Դա այն ժողովուրդն էր, որն Աստծո մտահղացումն է, այսինքն, ինչ-որ իմաստով նա արդեն Հայր Աստված էր: Ի՞նչ վիճակվեց Քրիստոսին, երբ նա մկրտվեց: Փորձվեց Սատանայից: Սատանան Աստծո Որդուց հրաշքներ էր պահանջում: Բայց մենք գիտենք, որ Քրիստոսը Սատանային մերժեց ոչ թե Հրաշքը, այլ' փորձությունը: Դա հենց այն էր, ինչը մարդիկ մերժելու էին Քրիստոսին, քանի որ փորձության հրաշքն անճանաչելի էր: Եվ Քրիստոսը որոշեց բացել խաղաքարտերը: Ինչ-որ ապարդյուն բան կար այս զիջման մեջ: Բայց նա զիջեց ողջ հոգով, որպեսզի մարդիկ դառնան ոչ թե հրաշքի, այլ' սիրո վկա: Նա ինքը Ոգու արտահայտությունն էր, չէ՞, բայց դա քո անձով չես բացատրի մարդուն, որը չունի տարբերակիչ նշանը:
Պետք է ծովի վրա փոթորիկ կասեցնել, պետք է բժշկել բորոտին ու ոտքի կանգնեցնել դիվահարին, պետք է հարություն տալ մեռած Ղազարոսին: Այս ամենով հանդերձ դու կծիծաղես Նրա վրա, եթե ասի' քանդեք այս տաճարը եւ ես այն կկառուցեմ երեք օրում: Այսպիսով Քրիստոսի բոլոր հրաշքները, որոնք մերժվեցին Սատանային, մարդու դեմ էին: Եվ նա ողջ հոգով արտահայտեց մի ապարդյուն բանաձեւ' երանի նրանց, ովքեր առանց տեսնելու կհավատան: Այն, ինչ նա անում էր, արարչագործության կուսական վիճակն էր, որը հրեաներն ընկալեցին իբրեւ ոտնձգություն իրենց հավատքի դեմ: Ու խաչեցին: Հիսուս Քրիստոսով Աստված դարձավ մարդու նվաճումը, որովհետեւ կգա օրը, երբ հնարավոր կլինի վիճարկել Աստծո գոյությունը, բայց «բոլոր օրերում մինչեւ աշխարհի վերջը» անվիճարկելի կմնա իմաստը Աստծո:
Ինչու՞ Քրիստոսը դարձավ մարդ. որովհետեւ մարդկայնորեն հնարավոր էր այն ամենը, ինչ նա անում էր: Այսպիսով, հրաշքը հնարավոր էր ճիշտ այնպես, ինչպես' Հիսուս Քրիստոսը: Այսինքն, հրաշքը ինքն էր, որ դեմ հանդիման էր մարդկանց: Բայց մարդիկ աղաղակում էին «իրավ որ Որդին է Աստծո» միայն այն ժամանակ, երբ լսում էին չնախատեսված ինչ-որ մի միտք, տեսնում էին զարմացնող մի բան: Այսինքն, հրաշքն անկանխատեսելին էր, զարմացնողը, անհնարինը, իռացիոնալը: Այսինքն, անճանաչելին, իրենցից դուրս կատարվողը: Նրանք Քրիստոսին ստիպեցին իր իրականությունը, իր Որդի լինելը դարձնել ապացուցելի: Նկարագրելով հրեաների անհավատությունը' Հովհաննեսն ասում է' թեպետ այնքան հրաշքներ էր արել նրանց առջեւ: Նա, որ եկել էր Աստծո փառքը մարդունը դարձնելու կոչումով, մարդ, որ այլ բան ի վիճակի էլ չէր: Հրաշքը միջոց էր մարդուն անկրկնելի դարձնելու: Բայց Քրիստոսը եկել էր ցույց տալու ոչ թե հրաշքը, այլ' հրաշալին: Եկել էր փրկչականությունը դարձնելու մարդու գործը, մինչդեռ մարդիկ պահանջում էին հարություն տալ մեռյալին, կանխել փոթորիկը, մի խոսքով առանց մատը մատին խփելու պահանջում էին փրկել, զարմացնել:
Բայց հրաշքը չի կարող զարմացնել: Երբ կանխվում է փոթորիկը ծովի վրա, բժշկվում է կույրը, ոտքի է կանգնում դիվահարը եւ հարություն է առնում մեռյալը, մենք գործ ունենք ոչ թե անսովորի, վերերկրայինի, այլ' հրաշալիի հետ: Հիմա էլ են բժշկվում դիվանահարներ, կարելի է ետ, դեպի այս կյանք բերել քթիդ տակ մեռածին, կույրը տեսնում է այս աշխարհի լույսն' առաջին անգամ հասկանալով, թե ինչ հրաշալի է այն, հիմա էլ են հատուկ տեխնոլոգիաներով ազդում եղանակի վրա, որպեսզի փոթորիկներ չլինեն, ուզածի պես կարելի է զարմացնել մարդուն, դրա համար կան հատուկ ինստիտուտներ, որոնք բացում են արարչագործության տողատակերն ու տեխնոլոգիապես կատարելագործում մեր ամեն օրը, որի ամեն ակնթարթում դարանակալած է մահը: Ղուկասը, Մարկոսը եւ Մատթեոսը պատմում են Հայրոսի աղջկա հարության մասին: «Որովհետեւ մի միածնունդ աղջիկ ուներ, իբր տասներկու տարեկան եւ նա մեռնում էր»,-գրում է Ղուկասը: Եվ մեռնում է: «Եվ ամենքը լաց են լինում եւ նորա վերայ սուգ անում»: Լացում էին մարդիկ, եւ տեղյակ էին, որ կա մեկը, ով հարություն կտա մեռյալին: Բա որ հիմա այդ մեկը չկա՞: Ինչու՞ չկա, որովհետեւ այն իրականությունում, որտեղ Աստված հնարավոր է, էլ ավելի պակաս հնարավոր է դարձել մարդը: Եվ մարդը մեռնում է խեղճ ու ապերջանիկ: Մեռնելու ջանքով է մեռնում մարդը: Էլ ի՞նչ հրաշք նրա համար: Եվ մեր Վիլյամ Սարոյանը կգրի, որ մարդը հրաշքով ապրող էակ է եւ առօրյայում յուրաքանչյուրն իր անհասանելի սիրուն կտա այդ բանաստեղծական բառը' հրաշք: Որովհետեւ պետք եղած պահին մարդն աչքին չի հավատում, որ նման աղջիկը հնարավոր է:
Քրիստոսի բոլոր հրաշքները ցուցադրական են: Բայց հրաշքը ականատեսներ չի սիրում: Այն հավասարեցնում է բոլոր վկաներին: Իրականում ցանկացած հրաշք հնարավոր է դարձնում մեզանից յուրաքաչյուրի հարությունը, անմահությունը: Հրաշքին պետք է առերեսվել: Ոչ հատկապես քո անձով, այլ' ինքնուրույն: Այսինքն, քո ողջ ինքնությամբ: Ինչպես կույրի կամ բորոտի դեպքում է: Ինչպես Հայրոսի հարություն առած աղջկա դեպքում է: Լուի Արմսթրոնգը երգում է «Ինչ հրաշալի է այս աշխարհը», որովհետեւ ի՞նչ երաշխիք, որ մենք հարություն առածներ չենք: Բայց դա այն աշխարհը չէ, որում մարդիկ նոր տեխնոլոգիաներով իշխանություն ունեն միմյանց ոչնչացնելու առանց մեկ կաթիլ արյուն թափելու, դա աշխարհն է, որտեղ կուսական է արարչագործության 6 օրը' տիեզերքը, բնությունը, ջրերը, երկինքը, լուսաբացը, գիշերը, աստղերը, մարդը: Դա այն աշխարհն է, որտեղ մարդը մարդու հարությունն է, տրամաբանություն, որի փրկությունը Աստվածաշունչն է ու արվեստը, քանի դեռ մեկս մյուսով հարություն առնողը չենք: Դա այն աշխարհն է, որի մասին օրը ցերեկով սիրեցյալն իր սիրածին ասում էր' երկնքից աստղեր վար կբերեմ: Եվ այդ բառերում նրա' սիրահարի հավակնոտ սրտի պոռթկումը չէր անհնարինին դեմ հանդիման, դա հրաշալիի նրա ընկալումն էր, դա նոր արյան բաբախյունն էր երակներում, երեք օրում քանդված տաճարը կանգնեցնելուն համազոր հրաշքը:
Դա հրաշալիին' որտեղից որտեղ ի հայտ եկած սիրած էակին, արժանի ընծան է: Դա այն իրականությունն է, որը կրելու համար մենք ունենք անհրաժեշտ մարմինը, Բորխեսի բառերով, մեր աչքերը բաց են այդ իրականության համար: Իսկ ինչու՞ են բաց. որովհետեւ երջանիկ ենք: Ահա թե ինչ է մեզ պետք հրաշքին մասնակից լինելու, մեր ողջ մահկանացու մարմնով այն հնարավոր դարձնելու համար' երջանկություն: Դա հենց անմահության մեր դեղատոմսն է: Իսկ ի՞նչ է երջանկությունը' ճանապարհ դեպի անհնարինը, այսինքն' Դրախտ: Որովհետեւ վերադարձ չկա: Դա այն Դրախտը չէ, որտեղ կարելի է ընկնել, այլ այն Դրախտը, որին արժանանում ես: Որովհետեւ ընկնում են հրաշքով, բայց արժանանում են հրաշալիին: Իսկ հրաշալիին արժանանալու համար մահը սահման չէ: Մահն անխուսափելի է, միգուցե' պատ, բայց երջանկությունը ճեղքում է մահը, ինչպես, ասենք, աճպարարն է անցնում չինական պատի միջով: Հենց այդ իմաստով պետք է ընկալել Դրախտը եւ հենց այդ պատճառով, ի վերջո փաստենք, Դժոխք չկա: Կամ արժանանում ես Դրախտին, կամ չես արժանանում: Դժոխքը հետմահու հասկացություն է, իսկ Դրախտը մահ չի ճանաչում: Դրախտը հրաշք է, քանի դեռ հրաշալին չի ընկալվում: Այսպիսով առանց երջանկության հրաշքը հնարավոր չէ: Հնարավոր չէ երկինքը, հավատը, որը պետք է կռել, ոչ թե ժառանգել գիտելիքի, մեր հայրերի ասածի, եկեղեցու քարոզածի համաձայն: Որովհետեւ, ի վերջո, կարելի է իմանալ գիտելիքին հակադրվող մեկ այլ գիտելիք, մեր հայրերի ասածը կարող է չդիմանալ մեր իրականության չասածին, եկեղեցու քարոզները միշտ չէ, որ քարոզից ավելին են նշանակում: Բայց միեւնույն է, առանց հավատի չես երջանկանա, կույրը երջանիկ է այն հավատով, որը հնարավոր է դարձնում աշխարհի լույսը սեփական աչքերով տեսնելու հրաշքը, բորոտը երջանիկ է նույն հավատով, մեռյալը հարություն է առնում, որովհետեւ... չի կարելի մեռնել առանց հավատի, իսկ հավատով մեռնելն անհնար է: Որովհետեւ հնարավորը հավատի հաղորդիչն է, կույրի ցուպը, բորոտի սպեղանին, մեռածի մարմնում դեռեւս շարունակվող այս աշխարհը: Բայց նրանք ավելի ճիշտ ոչ թե հավատում են, այլ' կասկած չունեն: Սիրահարը ոչ մի կասկած չունի, որ աստղեր վար կբերի, քանզի այլեւս չունի տարածություն աստղերի եւ իր միջեւ եւ այդ սերը նրա դաշինքն է երկնքի հետ, արդեն այնտեղ գտնվելու փաստը:
Այս պահից մենք հասկանում ենք վերստին, որ աստղեր վար բերելն անհնարին չէ, քանի որ ինչ-որ իմաստով սիրահարն արդեն երկնքում է եւ այդ սերը հարության նրա աշխարհն է: Այն պահից, երբ մարդը հարություն է առնում իր նմանի աչքի առաջ, մենք պետք է պատրաստ լինենք նոր հրաշքի, մենք պետք է մերժենք հաջորդ հարությունն իբրեւ կլիշե, քանզի առջեւում ոչ թե հաջորդի հարությունն է, այլ' Նոր Հարությունը: Առջեւում հարությունն է առանց մահվան: Քանի որ ասված է' եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչեւ աշխարհի վախճանը: Իսկ մինչ այդ ասել էր, չէ՞, երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու: Մեծագույն հրաշքը, որ արեց Հիսուս Քրիստոսը, մեր հիշողությանը նոր արյուն ներարկելն էր' ապրել հանուն ուրիշների, հանուն նրա, ում համար պատասխանատու չես, հանուն նույնիսկ նրա, ում չգիտես, չես տեսել: Այս առաքելությամբ նույնպես նա սրբագրում է Հորը, որը Նոյին պատվիրեց տապան վերցնել միայն հարազատներին: Որովհետեւ արյունն այդ պահից ոչ թե իմ Հայրն ու Մայրն են, իմ եղբայրը, որի պահակը չեմ, այլ' Հիսուս Քիստոսը, ոչ իր անձով, քանի որ անձը սահմանափակ է եւ կարելի է ուրանալ, այլ' իր գոյությամբ: Երբ Նա ասում է' թող քո Հորն ու Մորը եւ արի իմ հետեւից, ուրացիր քո անձը, կամ սիրիր ուրիշին, ինչպես ես քեզ սիրեցի, սրանք վարդապետության բառապաշար չեն, վարդապետության տրամաբանության բառերը չեն: Սրանք նոր արյան բառերն են:
Բայց ինչու՞ է հրաշքն այսօր ավելի անհնար, քան' Հիսուս Քրիստոսի օրոք: Մի՞ թե այն պատճառով, որ հրաշագործ մարդիկ չկան: Ինչու՞ է մարդն այնքան բառացի ընկալում Աստվածաշունչը եւ աղոթքի ուժով, միգուցե, ոչ առանց հավատի, Աստծուն փորձում ծառայեցնել իրեն: Չեմ ուզում շատ վստահ լինել, բայց ինձ թվում է, որ մենք հրաշքի սխալ ընկալում ենք ժառանգել: Մենք ժառանգել ենք փոթորկի կանխումը եւ մեռյալի հարությունը, ժառանգել ենք Հովհաննեսի խոսքը' թեպետ այնքան հրաշքներ էր արել նրանց առջեւ: Եվ մենք կարծում ենք, ոչ առանց հիմքի, որ իսկական հրաշք կլինի, եթե անբուժելի հիվանդը չմեռնի, մինչդեռ հրաշքն այն է, որ նա ընդհանրապես չհիվանդանա, ոչ, իհարկե քաղցկեղով, այլ' չարությամբ, մեղքով, քանզի քաղցկեղն ածանցյալ է, իսկ չարությունը' վարակիչ, այն իր նման է դարձնում նրան, ում ուղղված է: «Երբ որ չարին հակառակ ես կանգնում, դու բազմապատկում ես չարը»,-ասում է բանաստեղծը: Միգուցե Քրիստոսն այսօր հարություն շնորհեր քաղցկեղից մեռածին, դա, այո, հրաշք է, քանի դեռ մենք չգիտենք, որ անմահությունը նույնքան հնարավոր է: Ենթադրում եմ, որ հրաշքը հնարավոր է հրաշալիի ընկալումից հետո: Միայն դրանից հետո կարելի է բառացի հասկանալ այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում ընդհանրապես, Ավետարաններում' մասնավորապես: Բայց հնարավո՞ր են հրաշագործները: Ենթադրում եմ' ոչ: Հրաշագործությունը պատասխանատվություն է, քանզի ոչ ոք միայնակ չի կարող լինել հրաշագործ:
Այն չի ենթադրում հրաշք գործել ի տես բոլորի, այն ենթադրում է արարչագործություն, որը հաջորդելու է հրաշալիի քրիստոնեական ընկալմանը: Ինչպիսին էլ որ այն լինի, այլեւս չի կարող լինել այնպես, ինչպես քրիստոնեության արշալույսին էր: Հենց այդ իմաստով հրաշքը չպետք է զարմացնի: Դրան պետք է առերեսվել, ոչ թե վկա լինել: Վկայել հրաշքի մասին, նշանակում է լինել դրա մասնակիցը, ինչպես առաքյալներն էին վկայում Քրիստոսի մասին: Դրանից հետո մեզանից յուրաքանչյուրը կարող է մասնակից լինել Հայտնության յուրաքանչյուր դրվագին, որը, ինչ էլ գուժի, ավետում է մարդու եւ Աստծո հաղթանակը: Եվ, ի դեպ, այդ հաղթանակով է մարգարեությունը տարբերվում գուշակությունից, որը պատմում է անցողիկի մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել