HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետի հանրային մատչելիությունը Հայաստանում

Ալվարդ Գասպարյան

Այսօր համակարգիչն ու ինտերնետը հայաստանյան իրականության կարեւոր բաղկացուցիչներից են. շատերի համար սրանք ընկերների հետ հաղորդակցվելու, աշխատելու, ժամանցի եւ աշխարհին կապված լինելու անփոխարինելի միջոցներ են։ Սակայն, եթե ստանձնեմ ավելի զգույշ կեցվածք, պարտավոր եմ հարցնել՝ իսկապես շատերի՞ն են հասու համակարգչի եւ իտերնետի ընձեռած բազում պատեհությունները եւ որքանո՞վ է կարեւոր այս տեխնոլոգիաների դերը մեր իրականության մեջ։

Դրանք ու՞մ են մատչելի եւ հատկապես՝ ի՞նչ է մատչելի։ Կարո՞ղ ենք մեր սեփական փորձի կամ ինչ-ինչ նախաձեռնությունների վրա հենվելով՝ հաստատել կամ միգուցե ժխտել գերիշխող այն տեսակետը, թե ժամանակակից տեղեկավատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) կարող են տնտեսական ու ընկերային զարգացման խթան հանդիսանալ։
Հետազոտական նախաձեռնության նշանակությունը

Ցավոք, մեր ձեռքի տակ չունենք նման հարցերի անդրադարձող գիտականորեն հիմնավորված հետազոտություններ։ Պատճառներից գլխավորը թերեւս այն է, որ մեր երկրում երբեք չի գիտակցվել նման հետազոտությունների իրականացման կարեւորությունը, ուստի՝ համապատասխան կարողություններ ստեղծելու համար ջանքեր չեն գործադրվել։ Սա արդեն իսկ հուշում է, որ ՏՀՏ-ի տեղական փորձառությունը թերի է, քանի որ միայն հետազոտական լուրջ աշխատանքները կարող են օգնել՝ մերձեցնելու այս տեխնոլոգիաները տեղական մշակութային եւ հասարակական իրադրությանը եւ ավելի արդյունավետ դարձնելու դրանց օգտագործումը։

Արժե ընդգծել, որ էական է, թե ով է նախաձեռնում եւ իրականացնում նման հետազոտությունը՝ դոնոր (որ մեր դեպքում հիմնականում արտասահմանյան կամ միջազգային կազմակերպություններն են) թե «ստացող» կողմը, քանի որ ելակետն անխուսափելիորեն ազդում է հարցադրումների եւ հետեւապես՝ հետազոտության արդյունքների վրա։ Ճիշտ է եւ այն, որ Հայաստանում ՏՀՏ-ին առնչվող համեմատաբար նշանակալի նախագծերը (որ գլխավորապես միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությամբ, հաճախ էլ՝ նախաձեռնությամբ են իրականացվել) մինչ այսօր գրեթե չեն ունեցել հետազոտական բաղադրիչ։

ՏՀՏ-ի եւ մասնավորապես' ինտերնետի տարածման սկզբնական շրջանում ակնհայտ դարձավ, որ հանրային մատչելության կետերը կամ հեռակենտրոնները (անգլերեն՝ ՚telecenter՚) պետք է ստանձնեն աղքատ երկրի միջին քաղաքացուն դեպի ժամանակակից տեղեկատվական ու հաղորդակցական ծառայություններ մուտք ապահովողի դերը։ Սա է պատճառը, որ շատ երկրներում նման կենտրոնների հիմնադրումը ազգային ծրագրերի մաս է կազմում, իսկ միջազգային կազմակերպություններն ակտիվորեն սատարում են դրանց տարածմանը։

Ուսանելի է թվում Կանադայի միջազգային զարգացման հետազոտական կենտրոնին (IDRC) օրինակը։ Կենտրոնի գործունեության ուղղություններից մեկը հեռակենտրոնների օգտագործումն ու դրանց գնահատման հետազոտական գիտելիքի զարգացումն է (քանի որ հեռակենտրոնը նոր հասկացություն է եւ դրա սոցիալական ազդեցությունների գնահատման փորձառությունը, հատկապես զարգացող երկրներում, շատ սահմանափակ է)։ Ասիայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում հիմնված հեռակենտրոնների աշխատանքին զուգահեռ, իրականացվում են տարբեր բնույթի գնահատման հետազոտական ձեռնարկներ՝ նպատակ ունենալով հնարավորինս բարելավել հեռակենտրոնների օգտակարությունը։

Սակայն հեռակենտրոնների հետազոտությամբ զբաղվող փորձագետները որոշակի վերապահումով են վերաբերվում իրենց աշխատանքի նշանակությանը՝ համարելով որ օգտագործման ուղեցույցները մշակվում են դոնորի տեսանկյունից, նրա ընկալման հիման վրա։ Միչդեռ, եթե դոնոր կազմակերպությունը ցանկանում է հասկանալ իր կողմից հիմնվելիք հեռակենտրոնի գործունեության հետեւանքները, նախապես պետք է կուտակի որոշ տվյալներ, որպեսզի հետագայում ի վիճակի լինի կատարելու համեմատություններ։ Սակայն սահմանելով գնահատման սկզբնակետը, հիմնադիրները խստորեն սահմանափակում են մասնակիցների հնարավորությունը՝ ստեղծելու իրենց սեփական ընկալումները նպատակների եւ ազդեցությունների մասին կամ որոշելու գնահատման այն մեթոդաբանությունը, որ հետազոտությունը փորձում է պարզել։

Որոշելով հետազոտության մեթաբանությունը, դրսի դոնորը եւ հետազոտողը ազդում են տվյալների եւ դրանցով ձեւավորվող տեղեկատվության վրա։ Սա իր հերթին սահմանում է, թե հեռակենտրոններն ինչպես պետք է ընկալվեն, իրականացվեն եւ օգտագործվեն տվյալ երկրներում։ Այնինչ, պետք էր հնարավորություն տալ հեռակենտրոններին, որ իրենք հետազոտեն եւ գնահատեն սեփական զարգացման ընթացքը։

Հեռակենտրոնը Հայաստանում

Այս ընդհանուր թեմայի համատեքստում համառոտ կերպով դիտարկենք Հայաստանում հեռակենտրոնների կամ ինտերնետի հանրային մատչելիություն ապահովող նախաձեռնությունների դերը։ Նախքան այդ, փորձենք որոշ չափով հստակեցնել այս հասկացությունները։ Եվրախորհրդի հանձնաժողովը տարբերակում է մտցնում «հանրային մատչելիության կետերի» եւ «հեռակենտրոնների» միջեւ։ Առաջինը սահմանվում է որպես համակարգչային ցանցեր, որոնք նախատեսված են ծառայելու մշակութային, կրթական, զվարճանքի ու բազմաբնույթ մասնագիտական նպատակների։

Սրանք տեղադրված են պետության կողմից ֆինանսավորվող այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են գրադարանները, մշակութային կենտրոնները եւ տեղեկատվական գրասենյակները։
Այնպիսի մասնագիտացված հաստատություններ, ինչպիսիք թանգարաններն ու արխիվներ են, նույնպես կարող են ունենալ հանրային մատչելիության կետեր, սակայն այս դեպքում հնարավոր են որոշակի բնական սահմանափակումներ։

Այսուհանդերձ, մատչելիության կառավարման շատ սկզբունքներ կիրառելի են նաեւ այստեղ։ Մինչդեռ հեռակենտրոնները բազմանպատակ տեխնոլոգիական միջավայրեր են, որոնք ապահովում են հեռախոս, ֆաքս, համակարգիչ, ծրագրային համակարգեր, մուտք Ինտերնետ ու նման ծառայություններ։ Ի տարբերություն առաջինի, հիմնական նպատակն այստեղ ավելի տնտեսական է, քան մշակութային։

Սխալված չենք լինի, եթե Երեւանում տարածված ինտերնետ ակումբները, որոնց ծառայությունների առաջարկն օրեցօր ընդլայնվում է, անվանենք հեռակենտրոններ, քանի որ սրանց գլխավոր նպատակը շահույթ ստանալն է։ Իսկ կա՞ն հանրային մատչելիության կետեր, այնպիսիք, որոնք որոշակի մշակութային ու կրթական նպատակներ են հետապնդում։

Մասնավորապես, ինչպե՞ս կարելի է բնութագրել Ինտերնետի մատչելիության եւ թրեյնինգի ծրագրի (IATP) (հետագայում՝ ԻՄՏԾ կամ Ծրագիր) շրջանակում գործող 13 կենտրոնները։ ԻՄԹԾ-ն ԱՄՆ-ի կառավարության Կրթական եւ մշակութային հարցերի բյուրոյի (հետագայում՝ Բյուրո) ծրագրերից է եւ իրականացվում է Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհրդի (IREX) (հետագայում՝ Այրեքս) միջոցով:

Այն փաստը, որ սրանք գլխավորապես տեղադրված են մշակութային կամ կրթական բնույթի հաստատություններում (Հայաստանի գրողների միություն, Հայաստանի ազգային գրադարան, Սպիտակի «Շողեր» մանկապատանեկան կենտրոն, Սիսիանի ուսուցիչների միություն եւ այլն), ակամա տպավորություն է ստեղծում Ծրագրի կրթական ու մշակութային հավակնությունների մասին։

Սակայն ավելի ճիշտ կլինի առաջնորդվել ձեւակերպված նպատակներով եւ գործունեությամբ։ Սկզբից եւեթ նկատեմ, որ Ծրագրի՝ հրապարակված նյութերում (որոնք մատչելի են http://www.iatp.irex.am, http://www.irex.org/programs/iatp/about/index.asp էջերում) տեղ գտած նպատակներն ու խնդիրները աչքի են ընկնում խիստ վերացական ձեւակերպումներով եւ շեշտադրումների կտրուկ փոփոխություններով։
Այսպես, օրինակ, նպատակների թվում է ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացմանն օժանդակելը՝ կապելով համայնքները գլոբալ տեղեկատվական ենթակառույցին։
Որպես խնդիրներ են ձեւակերպված համակարգչի եւ ինտերնետի մատչելիության ապահովումը, դասընթացների իրականացումը՝ սկսած համակարգչային գրագիտությունից մինչեւ վեբ ծրագրավորում ու ցանցի ադմինիստրացիա, այցելուներին օժանդակումը՝ ստեղծելու եւ տեղադրելու վեբ էջեր։ Ծրագրի մյուս առաջնային նպատակը Բյուրոյի ամերիկյան ծրագրերի շրջանավարտներին օժանդակելն է՝ «հնարավորություն ընձեռելով շարունակել իրենց մասնագիտական եւ կրթական զարգացումը ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց հետո»։

Այս ամենից զատ, Ծրագիրը «ծառայություններ է տրամադրում նաեւ Հայաստանի բնակչության այլ խավերի»։

Գործունեությանը ծանոթանալիս նկատում ենք, որ սկսած 1999թ. եւս մեկ նպատակ է ընդգրկվել. ստեղծել շահույթ չհետապնդող ցանց, «որը կծառայի որպես կենտրոնացված փոխկապակցման միջոց՝ մատչելի կապ ապահովելով Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Գորիսի եւ այլ քաղաքների գիտական, կրթական ու մշակութային հաստատությունների միջեւ»։

Հետագայում այս ցանցը սկսում է կոչվել՝ համայնքների զարգացման եւ տարածաշրջանային ցանց ։ Շեշտվում է, որ ցանկություն կա տեսնելու ԻՄԹԾ-ն ավելի որպես համայնքի վրա հիմնված տեխնոլոգիական նախաձեռնություն, քան արտերկի տեխնիկական աջակցության ծրագիր։

Ծրագրի էջում գտնում ենք միայն ամփոփիչ թվեր, օրինակ, որ այն ամսեկան 2500 օգտագործող ունի, 1997-2003թթ. ընթացքում ստեղծվել է ավելի քան 460 վեբ կայք, 800 դասախոսություն,167 սեմինար ու կոնֆերանս են իրականացվել։ Թեեւ Ծրագրի հետեւանքների մասին տեղեկություններ ներկայացվում են, բայց դրանք որակական վերլուծության չեն ենթարկվումի, իսկ առկա թվերն էլ վերաբերում են ոչ թե Հայաստանին, այլ ընդհանրացնում են 11 երկրներում Ծրագրի գործունեության տվյալները։

Այսուհանդերձ, մեջբերենք տեղեկություններից մի քանիսը. այցելուների 78% -ը մինչեւ 30 տարեկան են, նրանց 23%-ը նշել է, թե դասընթացների շնորհիվ գործ է գտել կամ պաշտոնի առաջխաղացում ունեցել, իսկ ահա 87%-ի ուսումն ու աշխատանքը դրանցից շահել են։ Թե ինչ աշխատանք են գտել, որտեղ եւ ինչքան են վճարվում, ինչպես են շահել որպես ուսանող կամ թե որքանով է մտահոգիչ, որ այցելուների միայն 4%-ն է 50-ից բարձր տարիքի, չենք կարող իմանալ։

Ներկայացման ընդհանուր ոճը բնորոշ է դրամաշնորհով կամ օտարերկրյա աջակցությամբ իրականացվող գրեթե յուրաքանչյուր ձեռնարկի. նպատակները վերացական են եւ հաճախ հավակնոտ, թվերը տպավորիչ են, արդյունքների (outcomes) ու հեռահար հետեւանքների մասին կամ խոսք չկա կամ շատ աղոտ է։

Գործունեության պատկերը կարծես իդեալական է, խոսք չկա սխալների, անհաջողությունների (որ անխուսափելի են ցանկացած ձեռնարկում) եւ դրանցից քաղած դասերի մասին եւ պակասում է թափանցիկությունը ռազմավարության կամ կարեւոր որոշումների կայացման գործընթացում (ասենք՝ ինչու՞ ԻՄԹԾ-ն որոշեց սկսել եւ ապա ինչու՞ որոշեց դադարեցնել ինտերնետ ռեսուրսների ստեղծմանն աջակցող փոքր դրամաշնորհների ծրագիրը)։

Աշխատակիցների հետ զրուցելիս փորձեցի պարզել, թե արդյոք կենտրոնի գտնվելու վայրը էապես ազդո՞ւմ է նրա առջեւ դրված խնդիրների բովանդակության վրա։ Ասենք, կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանի գրողների միության շենքում գտնվող կենտրոնը ունի որոշակի մասնագիտացում՝ ելնելով գրողների յուրահատուկ տեխնոլոգիական կարիքներից։

Որքան հասկացա, ճիշտ է, որ տեղի բերումով այս կենտրոնն առնչվում է գրողների հետ ավելի, քան մյուս կենտրոնները, սակայն նրա օժանդակությունը կամ դերը սկզբունքորեն մնում է նույն՝ վերը նշված երեք գործառույթների սահմաններում։ Այն հարցին, թե ինչպես են որոշում՝ ինչ դասընթացներ առաջարկել, ստացա պատասխան՝ այն, ինչ պահանջում են։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ այսօր դրանք HTML-ն ու Photoshop-ն են։

Սակայն հայտնի է, որ առաջարկն է ձեւավորում պահանջարկը, հատկապես եթե սա վերաբերում է նոր տեխնոլոգիաներին։ Տպավորությունն այն է, որ կենտրոններն իրենց առջեւ չեն ունեցել իրենց համայնքների հետ կապվելու, նրանց ներգրավելու, տարբեր ոլորտների մասին նրանց տեղեկացվածությունը բարելավելու խնդիրներ։ Մարդիկ իրենք են գալիս եւ այնքան շատ են, որ հերթագրվելով միայն կարող են ունենալ շաբաթական 1-2 ժամ ինտերնետի մատչելիություն։

Համագործակցության մասին խոսելիս փորձեցի պարզել պետության դերը։ Չզարմացա, որ Ծրագիրն ու որեւէ ազգային ռազմավարություն երբեւէ չեն զուգամիտել, քանի որ հայտնի է, որ չունենք կրթության կամ մշակույթի ասպարեզում հստակ ձեւակերպված, ծրագրերի վրա հիմված ռազմավարություններ, որտեղ կարելի կլիներ հասկանալ դոնոր կազմակերպություններից ակնկալվող դերակատարումը։

Այս համատեքստում կարելի էր ակնկալել, որ հատուկ ուսումնասիրություններ, որոնք կփորձեին գնահատել համայնքի կրթական, մշակութային, տնտեսական եւ այլ կարիքները եւ կապել դրանք կենտրոնի տեխնոլոգիական ներուժի հետ, չեն եղել։ Կենտրոնը ներկայացել է դրամաշնորհով սահմանված որոշակի կառուցվածքի մեջ՝ իր մեջ չներառելով սկզբունքորեն նոր հարցադրումների եւ մոտեցումների պրպտումը, որը թույլ կտար նախնական մոդելի շարունակական ադապտացում եւ տեխնոլոգիական կարողությունների էլ ավելի արդյունավետ օգտագործում։

Սակայն եթե անգամ համարենք, որ կենտրոնները միայն մատչելիության եւ հիմնական գիտելիքների համար էին սահմանվել, ապա դարձյալ կարելի էր ակնկալել հետազոտական նախաձեռնություն, որը կօգներ հասկանալ Ծրագրի 7 տարվա գործունեության առաջ բերած որակական փոփոխությունները ընկերային ոլորտում։

Ամփոփելով, կարելի է ասել, որ չնայած իրականացված լայն գործունեությանը, Ծրագիրը չի դարձել հասարակական, մշակութային կամ որեւէ այլ ենթակառույցի մաս, որպես հաստատություն այն մնացել է առանձին միավոր եւ պահպանել որոշակի հեռավորություն (անտարբերություն) համայնքից ու նրա զարգացման խնդիրներից։ Այս իրողությունը հասարակության եւ պետության՝ ՏՀՏ-ի ընկերային նշանակության հանդեպ չձեւակերպված դիրքորոշման արտացոլումն է։

Ստորեւ համառոտ բերվում է մի ակնարկ Հունգարիայի փորձի մասին։ Նպատակս համեմատության հնարավորություն տալն է։

Հեռակենտրոնը Հունգարիայում

1993թ. գյուղերից մեկի համայնքի զարգացման մի ծրագրի ընթացքում մասնակիցներին ակնհայտ դարձավ, որ մի գրասենյակի կարիք կա, ուր կարելի լինի գնալ տեղեկատվություն ձեռք բերելու, համակարգիչ օգտագործելու, զանգելու, ֆաքս ուղարկելու, բիզնեսի կարիքները հոգալու եւ տարբեր միջոցառումներ իրականացնելու համար։

Այս համայնքային նախաձեռնությունը, որ ներառում էր կամավորներ, տեղական կառավարության ֆինանսական օժանդակությունը, գործարար ոլորտը, իսկ ազգային մակարդակով՝ Բարեկեցության նախարարությունը (Welfare Ministry), առաջին թելեքոթեջը հիմնեց 1994թ.-ին։ Այստեղ էր, որ հասկացան, թե ինչու էին ձախողվել նախկին նմանատիպ նախաձեռնությունները։ Այն ժամանակ տեղական համայնքները չէին հասկացել եւ ոչ էլ ցանկացել էին դրանց մասնակիցը դառնալ:

Այսօր թելեքոթեջների թիվն անցնում է 400-ից, դրանք ծածկում են Հունգարիայի ողջ գյուղական տարածքը։ Հիմնական ներդրողներն են տեղական իշխանությունը, կառավարությունը, հասարակական եւ բիզնես կազմակերպությունները։

Հետաքրքիր է, որ պետական դրամաշնորհ ստանալու համար նախաձեռնողից (որը հասարակական մարմին է) ակնկալվում է ներկայացնել ռազմավարություն, որը կապահովի թելեքոթեջի ինտեգրումը տեղական զարգացման պլաններին: Թելեքոթեջը նաեւ պետք է ձգտի ինտեգրվելու առկա հասարակական ու մասնավոր կազմակերպություններին (institutional integration)։

Ֆինանսական աջակցությունից բացի, կառավարությունը Թելեքոթեջների ընկերակցության հետ միասին հիմնել է համազգային ցանցային ծառայություն եւ ներառել թելեքոթեջները ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարության մեջ։ Այն նաեւ հնարավոր է դարձրել մի շարք հանրային ծառայությունների սպասարկումը թելեքոթեջի միջոցով։

Բազում ծառայությունների շարքում թելեքոթեջը մասնավորապես առաջարկում է. Ինտերնետի մատչելիություն, ֆաքս եւ այլ փոստային ծառայություններ, պետական, գյուղատնտեսական եւ տուրիստական տեղեկատվական ծառայություններ, համայնքի զարգացման ծրագրեր, կրթության ու թրեյնինգի հնարավորություն, թարգմանություն, գովազդ, կատալոգներ, հանրագիտարաններ, նոր ու օգտագործված գրքերի վաճառք, հաշվապահական ծրագրեր, գործարար բրոկերություն եւ էլէկտրոնային բիզնես, օժանդակություն պետական կառավարման խնդիրներում՝ կապված սոցիալական ապահովության, երեխայի խնամքի, շրջակա միջավայի պաշտպանություն եւ այլ ոլորտների հետ, համակարգչով միջնորդավորված դպրոցական դասընթացների անցկացում, թերթ կարդալու սենյակ, սուրճ ու թեյ, արյան ճնշման չափում, երեխաների խաղասենյակ եւ համակարգչային խաղեր եւ այլն։

Ներկայումս թելեքոթեջները հավաքում են անմիջական օգտագործման տեղեկատվություն, օրինակ՝ անշարժ գույքի վաճառքի, առ ու ծախի առաջարկների, աշխատատեղերի մասին, նպատակ ունենալով դառնալ տեղական տեղեկատվական կենտրոն կամ նպաստել դրա զարգացմանը։
Ակնկալվում է, որ քոթեջների դերը պետական քաղաքականության մշակման գործում պետք է աճի ժամանակի հետ։ Կան դեպքեր, երբ դրանք, մոտ լինելով համայնքին, ի հայտ են բերել խնդիրներ, առաջարկել տեղերում պետական ծառայությունների մատուցման այլընտրանքային տարբերակներ եւ հանդես եկել որպես պետության գործակից տեղական մակարդակի վրա։
Այս առումով, դրանք ապահովում են նշանակալի ներդրում ոչ միայն որպես տեխնոլոգիական կենտրոններ, այլեւ դառնալով տեղական ծառայության հուսալի մատակարարներ։

Այս ձեռնարկը պետության ջանքերին ավելացնում է այնքան անհրաժեշտ եւ հաճախ բացակայող «քաղաքացիական տեխնոլոգիան», ինչպես օրինակ՝ էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային ստորագրություններ, հարկի էլեկտրոնային հայտարարագրում եւ օնլայն քաղաքային վարչարարություն։ Ձեւավորելով համայնքի տեղեկացվածությունը այս ոլորտներում՝ թելեքոթեջն օգնում է, որ պետության նորարարական նախաձեռնությունները հեշտությամբ ընդունելություն գտնեն գյուղերում։

Ամփոփում

Դժվար է երեւակայել հանրային նախաձեռնության հաջողությունը առանց հասարակության լայն մասնակցության եւ հասարակության կարիքներն ու առանձնահատկությունները հասկանալու անկեղծ ու հետեւողական աշխատանքի։ Ինտերնետն ու համակարգիչը չեն կարող նշանակալի առաջընթաց հարուցել հասարակության ընկերային ու տնտեսական կյանքում, եթե դրանց տարածումը թողնվի օտարերկրյա աջակցության ծրագրերի հայեցողությանը։ Թերեւս դժվար է Հայաստանում ակնկալել ՏՀՏ-ի հանդեպ հասարակական այն ոգեւորությունը եւ ակտիվությունը, որ Հունգարիայի գյուղի համար արդիականացման ճանապարհ բացեց։ Սրանում իր ընդգծված դերն ունի մշակութային մտածողության ավանդությունը։ Չմոռանանք սակայն, որ պետք է ակտիվ ու շահախնդիր դերակատարում ակնկալել կառավարությունից, որը լիազորված է հոգալու հանրության սկզբունքային կարիքները։ Այն կարող է համախմբել տեղական մտավոր եւ հասարակական ներուժը եւ նպաստել այնպիսի նախագծերի գործարկմանը, որոնք կտային անաչառ պատկերացում հասարակությունում ՏՀՏ-ի ներկա դերի եւ ազդեցությունների մասին եւ կօգնեին ավելի արդյունավետ օգտագործել դրանց մշակութային եւ կրթական կարողությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter