HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչներին

Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող ախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի:

Ըստ նախագահի պաշտոնական կայքի՝ Հայաստանի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դիմելով ներկաներին` նախագահ Սարգսյանն ասել է, որ Վրաստանում է որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, Անկախության հռչակման 100-ամյակի առթիվ շնորհավորելու մեր վրաց բարեկամներին։ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին կառավարությունը ստեղծվել է Թբիլիսիում և Անկախության հռչակագիրը ծնունդ է առել հենց այս քաղաքում, որը հայ ժողովրդի համար մշակութային, հոգևոր ու քաղաքական կենտրոնն էր։

Նախագահն ասել է․ «Չեմ մոռանա այն ջերմությունը և սերը, որ տեսնում եմ ձեր աչքերում: Այսօր, որպես Նախագահ, առաջին անգամ եմ այստեղ, սակայն այս այցը վերջինը չի լինելու, հաճախ եք ինձ տեսնելու և ձեզանից շատերը հաճախ Երևանում իմ հյուրն են լինելու: Նման տաճարում սկսում ես մտածել մեր հոգևոր ուժի, հայոց ոգու անմահության մասին: Դարերով մենք ապրել ենք մեր հայրենիքից հեռու, չունենալով մեր պետականությունը, երազել ենք դրա մասին: Սակայն դարերով պահպանել ենք մեր մշակույթը, հայ կրոնը, հայ երեխայի կրթությունը: Պահպանել ենք այսօրվա համար: Աստված մեզ ուղղորդել է դեպի ազատ ու անկախ հայրենիք։ Եվ այն, ինչ այսօր ունենք Հայաստանում, դարերից եկած ու դարերի ընթացքում մեր մեջ հավաքված ոգու ու մշակույթի պոռթկումն է»:

Հանրապետության նախագահը խոսել է նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների մասին եւ նշել, որ դրանք քաղաքական ու տնտեսական հեռանկարային հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար։ Դիմելով հայկական եկեղեցում հավաքվածներին` նա ասել է․ «Ձեզանից յուրաքանչյուրն այսօր պետք է հպարտ լինի, որովհետև Հայաստանը ցույց տվեց, որ այն եզակի երկրներից է, որ կարող է հսկայական փոփոխություն անել, որը շատերն անվանում են հեղափոխություն, թավշյա հեղափոխություն․․․ ես ասում եմ՝ հեղափոխություն հայկական ձևով, առանց մի կաթիլ արյան։ Հիմա եկել է ժամանակը, որ մենք կառուցենք այն հայրենիքը, որին մենք արժանի ենք»:

Արմեն Սարգսյանի խոսքով` մենք փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ ենք: Համաշխարհային՝ մեր ոգով, մեր մշակույթով ու այն ազդեցությամբ, որ թողնում ենք աշխարհում: Վիրահայերը, դարերով ապրելով Վրաստանում, մեծապես նպաստել են հայկական մշակույթի զարգացմանը: Նրա խոսքով`«Թբիլիսիում ծնվել ու ապրել է մեր մշակույթի ահռելի մի շերտ, հայտնի անուններ: Այն մեծ ներդրումը, որ նրանք ունեցել են մեր մշակույթի ու կրթության ոլորտում, մեր բոլորի պարծանքն է»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter