
Մի վերադարձի պատմություն
Չեք կարող սեղմել այն ձեռքը, որը բռունցքված է։
Ի․ Գանդի
«Վերցրա, չէ, մի վերցրա, լավագույնը տուր հիվանդիդ, կարևորը գոհ լինեն, ու մեզ բողոք չհասնի»։
Չեմ ուզում ու չեմ կարող վատ աշխատել ու մանավանդ հաշմանդամության ունեցող փոքրիկի հետ, որի ծնողը ստիպված է անհասանելի հասարակական տրանսպորտի պատճառով ամեն անգամ տաքսի վարձել, վճարել վերականգնողական կենտրոն հասնելու համար․․․
Պետք էլ չի վերցնել, քանի որ գիտեի, որ պետպատվերի սահմաններում մատուցածս ամեն սեանսի համար պետության կողմից հիմնարկին է փոխանցվել 4500 դրամի չափ գումար, ինձանից պահանջում էին ամսական նվազագույնը 100 սեանս։
«Իմ բերած եկամտից մաս հանեք ինձ ևս»։
Անչափ ուզում ես ալտրուիզմի շարունական մարմնացում լինել, սակայն առաջին իսկ նպարավաճառը կամ երթուղային տաքսու վարորդն ակամայից ցած է ձգում պարանը, երբ գալիս է գնված ապրանքի կամ երթուղավճարի մուծելու պահը։ Համաձայնեք, որ ամսական 60 000 դրամ աշխատավարձը և հավելյալ 250 դրամ դասախոսության ժամավճարը մասնագիտական ալտրուիզմի ներշնչման լավագույն աղբյուրը չեն։
Իհարկե, փորձել եմ ըմբոստանալ և պետվճարի գոնե 1/3-ի չափով աշխատավարձ պահանջել։ Տիկին Մանուշակ Երիցյանը (ներկայիս Ազգային ժողովի նախագահ պարոն Արա Բաբլոյանի տիկինը), որը կենտրոնի տնօրենն է մինչ օրս, ընդդիմացավ` հարցնելով, թե ի՞նչ եմ անելու այդ գումարը, միևնույն է` ամուսնացած չեմ:
Դա միգուցե տիրող համատարած կարծիքի արտահայտման ճնշման հետևանքն էր, որը քայլ առ քայլ հաստատվել էր ընտրություններից առաջ անձնագրային տվյալների հավաքագրումով, ՀՀԿ-ական ցույցին Հանրապետության հրապարակում մասնակցելու և ներկա-բացակա անելու հայտարարությամբ (2008 թվական), աշխատողի իրավունքների իսպառ բացակայությամբ, երկրորդ կարծիքի նկատմամբ քամահրության բաց ու հստակ արտահայտությամբ։
Լավ մասնագետ էի արդյոք, չեմ կարող ասել, սակայն ամեն տարի իմ արձակուրդների հաշվին վերապատրաստվում էի Եվրոպական կլինիկաներում և փորձս ներդնում էի «ԱրԲեՍ» վերականգնողական կենտրոնում, ամեն վերապատրաստումից հետո կազմակերպում էի տեղեկատվական սեմինարներ հարակից մասնագետների և համագործակցության պոտենցիալ ունեցող վիրաբույժների, այրվածքաբանների և բուժհաստատությունների բուժական գծով պատասխանատուների հետ։
Չնայած քառակողմ պայմանավորվածությանը և մնացած երեք կողմերի (որից մեկը ես էի)՝ «ԱրԲեՍ» կենտրոնը երբեք այդպես էլ չֆինանսավորեց և ոչ մի ծախս, չնայած որ ամենաուղղակի շահառուն էր ֆինանսական, ինչպես նաև կենտրոնի «ռեպուտացիայի» բարձրացման տեսակետից։ Ծրագիրը սկսել էինք մեկ վիրաբույժի հետ համագործակցելով, իսկ 2009-ին արդեն 9 բուժկենտրոնների հետ ակտիվ համագործակցություն էր առկա, որը նշանակում է վճարովի հաճախորդների աճ։
Մեր գործում կիրառվում են բավական թանկ նյութեր, որոնք, սակայն, անփոխարինելի են, և այս նյութերի հայթայթման գործը պետք է իրականացվեր կենտրոնի կողմից՝ պայմանով, որ հետագայում ծախսը պետք է ներառվեր ապրանքի ինքնարժեքի մեջ։ Ցավոք, այդ կետը նույնպես չիրագործվեց ավելի քան չորս տարիների ընթացքում, և ես ինքս էի միջազգային և արտասահմանյան մասնագիտական կազմակերպությունների ու անհատների բարեգործության շնորհիվ հայթայթում անհրաժեշտ նյութերն ու գործիքները և վճարովի ծառայության 50 %-ը, գումարած եկամտահարկը գանձում կլինիկային։
Ինձ գտել և հրավիրել էին որպես մասնագետ և ներկայացուցիչ ուսանող` մասնակցելու Եվրախորհրդի կողմից ֆինանսավորվող ուսումնական ծրագրի։ Տնօրեն Մանուշակ Երիցյանն ինքն էր խոստացել ինձ ներկայացնել և երաշխավորել արտասահմանում մանուալ թերապիայի ուսուցման կուրսերի՝ լուծելով նաև ֆինանսավորման հարցը։ Սակայն սա նույնպես տարիների ընթացքում մոռացվեց, և ինձ անհայտ պատճառով ծրագրին ներկայացվեց ու մասնակցեց բժիշկ-մասնագետ, որի աշխատանքային բնույթին, ըստ էության, չէր համապատասխանում առկա ուսուցանվող նոր մասնագիտությունը։
Իհարկե, իմ հիասթափությունն ակնհայտ էր, և արդեն զգացվում էր, որ ես դիտվում եմ որպես օտար մարմին, որին «սիրուն չի» հեռացնելը, համենայն դեպս` կտրուկ հեռացնելը, և որը շարունակում էր վերականգնողական ծառայություն մատուցել դեսպանատների աշխատակիցներին։
Չնայած մեր նախնական պայմանավորվածությանը և քաջ տեղյակ լինելով, որ հետաքրքրված չեմ մտավոր և ճանաչողական խնդիրներ ունեցող մանկահասակ երեխաների հետ աշխատելով՝ 2008 թվականի վերջին ամիսներին առաջակվեց պետպատվերի սահմաններում այցելել հենց նման փոքրիկների՝ պահպանելով նույն աշխատավարձն ու ապահովելով մինիմում ամսական վերը նշված 100 սեանսը։ Սա հստակ մինչ նախկին պայմանագրի սպառումն աշխատանքից դուրս գալու դիմում գրելու հրավեր էր արդեն։
Աշխատավարձի բարձրացման իմ լոգիկ պահանջի (պահանջված 100 սեանսը բազմապատկած 4500 դրամով ստացվում է 450 000 դրամ մուտք միայն պետպատվերի սահմաններում ) մերժումը պատճառաբանվում էր նաև կոմունալ և պահակին տրվող ծախսերով։ Աշխատանքիս ընթացքում ցերեկային արևի լուսավորությունը բավական էր, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը իմ հաշվարկներով չէր գերազանցում 2000 դրամը, ամենամեծ շռայլության դեպքում կոմունալ ծախսերը չէին գերազանցում 4000 դրամը. շենքը կառուցված է արտասահմանյան ֆոնդերի ֆինանսավորմամբ, որոնք նույնիսկ նախատեսել են արևի էներգիայով ջրի տաքացման համակարգեր։
Պահակը, որը գիշերային ժամերին հսկում էր ավտոկայանատեղին, զարմացավ իրեն՝ որպես «ֆինանսական բեռի» դիտարկելու պատճառաբանումից և բացատրեց, որ, ընդհակառակը, նա ինքն է տնօրինությանը մասնաբաժին մուծում կենտրոնի տարածքում հարակից շենքերի բնակիչների մեքենաների կայանման համար գանձվող վարձից։
Այո, անարդարության զգացումը, պայմանավորվածության ու խոստումի դրժումը, շահագործված լինելու փաստն ու իմ աշխատանքից ակնառու ֆինանսական հարաբերական գերշահույթի դեպքում խիստ ցածր (ապահոված եկամտի 13,3%, որտեղ ներառվում է աշխատանքային ստաժը ևս) աշխատավարձի փաստը լավագույն նախադրյալները չհանդիսացան շարունակելու համագործակցությունը: Ցավոք, պետպատվերի քանակի սղությունը և առկա ֆինանսավորման մոնոպոլիզացիան ազդել էին նաև առողջապահության ոլորտի վրա և բիզնես գործունեություն-– պաշտոն հարաբերումը ակնհայտ էր նաև այս բնագավառում։
Պարոն Արա Բաբլոյանը դեռևս ԱԺ նախագահ չէր, սակայն հանդիսանում էր ՀՀԿ ակտիվ անդամ և զբաղեցնում էր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իսկ հասարակ մահկանացուներիս պետպատվերի սահմաններում ինքնուրույն գործունեության հնարավորությունը համարյա իսպառ բացակայում էր նման հզոր մրցակցի առկայության պայմաններում։
Հասկացա, որ խնդիրը ոչ թե գումար չլինելու մեջ է (պետական համապատասխան մարմիններն արժանվույնս էին գնահատել իմ ծառայությունը) այլ աշխատատուի անազնվությունն ու ագահությունն են պատճառը։
Լուծումը կլասիկ էր, եթե որոշեի հնազանդվել ու շարունակել, ապա պետք է որդեգրեի կաշառքի ու «մաղարիչի» ակնկալում, որը հնարավոր է դառնում «քիթ ու մռութով» աշխատելով, ժամանակից կարճ սեանս մատուցելով։ Իսկ դա անելը ու այն էլ հաշմանդամություն ունեցող փոքրիկների հետ, իմ կարծիքով, ոչ միայն հակաօրինական, այլ նաև հակամարդկային է։
Չունեի նաև եկամտի այլ աղբյուր, քան աշխատանքս, որը թույլ կտար շարունակել զբաղվել սիրածս մասնագիտությամբ։
2009-ին մեկնելիս նույն կենտրոնին հանձնեցի բարեգործության շնորհիվ ձեռք բերված ողջ նյութերը և գործիքները, իսկ ավելի ուշ, արդեն առանց իմ ներկայության իրականացվեց դիմումիս և հետևողական աշխատանքի արգասիք մի ծրագիր, որի շրջանակում ՀՀ այցելեց ԱՄՆ Ձեռքի վիրաբույժների ներկայացուցիչ և ԱՄՆ Ձեռքի թերապիստների ներկայացուցիչ (1):
Բարեբախտաբար Ֆրանսիայում մասնագիտական պրակտիկ աշխատանքը չի դնում նման երկընտրանքի առջև, հանդիսանում եմ աշխատակիցների կողմից ընտրված ներկայացուցիչ և հնարավորություն ունեմ պաշտպանելու նաև կոլեգաներիս շահերը, իսկ դասախոսություններս գնահատվում են հավուր պատշաճի։
Իմ երկու մասնագիտություններն էլ Եվրոպական Միության սահմաններում հանդիսանում են ստրատեգիկ առողջապահական կարևորություն ունեցող մասնագիտություններ, և մենք գրանցված ենք որպես ակտիվ բուժանձակազմի ռեգիստրում՝ պատերազմական պայմանների դեպքում հնարավորինս արագ մոբիլիզացվելու նպատակով։ Էրգոթերապիան ինքնին առաջացել է երկրորդ Համաշխարհային (1) պատերազմի ընթացքում և օժանդակել է մարտիկի՝ հնարավորինս արագ մարտի դաշտ վերադառնալուն, իսկ դրա բացակայության դեպքում՝ առօրյայում մաքսիմում ինքնուրույն գործունեության ապահովմանը (2)։
Դրանից ելնելով և քաջատեղյակ լինելով այդ ժամանակահատվածում ՀՀ-ում առկա մասնագիտական ծառայության մեծ բացին` 2016 թվականի քառօրյայից անմիջապես հետո իմ նախաձեռնությամբ և մի խումբ արտասահմանաբնակ ընկերներիս անունից դիմեցի ՀՀ առողջապահության նախարարություն` առաջարկելով մեր կամավոր և անվճար միջամտությունը վիրավոր զինվորներին՝ վերականգնման գործում։ Ցավոք, բազմաթիվ էլեկտրոնային նամակների և երկարատև լռությունից հետո ստացա մերժում, որտեղ չկար նույնիսկ հպանցիկ պատճառաբանություն կամ բացատրություն։ Մասնագիտական ալտրուիզմի երկրորդ փորձը ևս տապալվեց, և այս անգամ արդեն մենակ ես չէի. զարմացած էին նաև սփյուռքահայ ընկերներս, որոնք պատրաստ էին իրենց հասանելի 5 շաբաթը հերթափոխով անցկացնել վիրավորների վերականգնման բուժման կազմակերպմամբ։
Ստորև ներկայացնում եմ պատասխան նամակը․
Մինչ օրս ոչ մի բացատրություն չենք ստացել ոչ նախկին ԱՆ նախարար Արմեն Մուրադյանից (3), որը առաջարկիցս ամիսներ անց, արդեն որպես Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր նախաձեռնեց դրամահավաք և նույնիսկ վաճառքի դրեց սեփական կտավներից մեկը ապրիլյան վիրավոր զինվորների վերականգնողական ծառայությունն ապահովելու համար։
Վերջերս Հայաստանում էի ու բախտ ունեցա կիսել փոփոխությունների բերկրանքը։
Լիահույս ենք որ նման պատմություններն այլևս չեն կրկնվի նոր Հայաստանում, որի կայացման համար պայքարել եմ ինքս նույնպես և վերահաստատում եմ, որ պատրաստ եմ ներդնել մասնագիտական ներուժս, պրակտիկ ունակություններս և գիտելիքներս ՀՀ-ում վերականգնողական ծառայություն (կինեզիթերապիա և էրգոթերապիա) մատուցելու համար։ Այս ամենը տեսնում եմ ՊՆ կամ ԱՆ նախարարությունների համաձայնության և համակարգային մոտեցման դեպքում, որը կմեծացնի ծառայության շարունակականությունը, կոռուպցիոն ռիսկի նվազեցումը, շահառուների անձնական տվյալների պաշտպանությունը և այս ամենը՝ անկախ այդօրյա պաշտոնյայի քմահաճույքից, հետագա պլաններից կամ ցանկությունից։
- http://handsurgery.org/grants/archive/Galaviz-report.cgi
- https://en.wikipedia.org/wiki/Occupational_therapy
- https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6_%D5%84%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6
Հովիկ Փիրանյան
Կինեզիթերապիստ, Էրգոթերապիստ, Msc
Հայ Էրգոթերապիստների ասոցիացիայի համահիմնադիր, առաջին նախագահ
Լուսանկարը` arabkirjmc.am-ից
Մեկնաբանել