HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մասիսի քաղաքապետի եղբորը մեղադրանք է առաջադրվել, իսկ «Վովայի Արշակը» զենքերի հավաքածուի լիզենցիա ունի. մանրամասնում է փաստաբանը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի` Արշակ Հակոբյանի (հայտնի է Վովայի Արշակ մականունով) բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված զենքն օրինական է: Այս մասին հայտնում է Տիգրան Աթանեսյանն, ով Արշակ Հակոբյանի եղբոր` Սարգիս Հակոբյանի, վերջինիս ընկերների, ինչպես նաև Արշակ Հակոբյանի փեսայի  եղբոր՝ Գոռ Համբարձումյանի ու վերջինիս ընկերների փաստաբանն է:

Հիշեցնենք, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում ցուցարաների և այլ քաղաքացիների միջև մի քանի միջադեպ է տեղի ունեցել, որոնք այս կամ այն կերպ կապվել են Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի կամ նրան մտերիմ անձանց հետ:

Դեպքերից մեկն առնչվում է Արշակ Հակոբյանի փեսայի եղբորը: Արշակ Հակոբյանի փեսան Մասիսի քաղաքապետն է: Վերջինիս եղբայրը՝ Գոռ Համբարձումյանն ու այլ անձինք, ըստ մամուլի հրապարակումների, ապրիլի 16-ին՝ այսինքն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության քաղաքացիական անհնազանդությունների առաջին օրը, Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում դուրս են եկել 62ss465 պետհամարանիշով «Բրաբուս» մեքենայից ու հարձակվել փողոցը փակած ցուցարար ուսանողների վրա, ծեծել նրանց ու հայհոյել: Այս միջադեպին ականատես է եղել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու հայտարարել, որ պատրաստ է վկայություն տալ: Այս դեպքով քրեական գործը հարուցվել է խուլիգանության հոդվածով: Ներկա դրությամբ գործով երեք անձ, որոնց թվում` Գոռ Համբարձումյանը ունեն մեղադրյալի կարգավիճակ: Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մյուս դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին` Էրեբունու Այվազովսկի փողոցում: Դեպքը տեսանկարահանվել է, և կադրերում երևում է, թե ինչպես են արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայում գտնվող երիտասարդները դուրս գալիս ու մահակով, ձեռքով ու ոտքերով հարվածում ցուցարարներին, ապա նստում մեքենան ու գնում: Ավելի ուշ պարզվել է, որ տեսանյութում մահակը ձեռքին երիտասարդը Արշակ Հակոբյանի եղբայրը` Սարգիս Հակոբյանն է: Միջադեպի առթիվ քրեական գործն այժմ խուլիգանության հոդվածով է քննվում, սակայն ի սկզբանե հարուցված է եղել ծեծի փաստով: Այս գործով անցնող մեղադրյալները 4-ն են, որոնց թվում` Սարգիս Հակոբյանը, և մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչը փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է բողոքարկել:

Մյուս միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 22-ին`այն օրը, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը ձերբակալվեցին (նշենք, որ ձերբակալման հաջորդ օրը նրանք ազատ են արձակվել: Այժմ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, Արարատ Միրզոյանը՝ առաջին փոխվարչապետն, իսկ Սասուն Միքայելյանը շարունակում է իրականացնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորի իր լիազորությունները):

Այս միջադեպի ժամանակ էլ դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով  հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Դեպքին ականատես են եղել նաև ոստիկաններ, որոնք չեն միջամտել: Այս դեպքով քրեական գործը հարուցվել է զանգվածային անկարգության հոդվածով: Գործով մեկ անձ կասկածյալի կարգավիճակ ունի, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Օրեր առաջ Արշակ Հակոբյանի բնակարանում խուզարկություն է կատարվել և հայտնաբերվել մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բնակարանում խուզարկություն իրականացնելիս Արշակ Հակոբյանի ընտանիքի անդամներին հրաժարվել են տրամադրել թե՛ բնակարանի խուզարկության որոշումը, թե' խուզարկության վերաբերյալ արձանագրությունը:

Մեր հարցին, թե ինչ գործի շրջանակներում են խուզարկել Արշակ Հակոբյանի բնակարանը, փաստաբանը հստակ պատասխանել չի կարող, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, Հակոբյանի ընտանիքին չի տրամադրվել բնակարանի խուզարկության որոշումը:

Սակայն, ըստ ամենայնի, խուզարկությունը կատարվել է ապրիլի 22-ի  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, հատկապես, եթե նկատի ունենանք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրությամբ հայտնել է, որ խուզարկություններ կատարվել են ապրիլի 22-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ու հայտնաբերել զենք-զինամթերք:

Նույն այս գործի շրջանակներում է Արշակ Հակոբյանը հարցաքննվել վկայի կարգավիճակով: Մեզ հետ զրույցում Տիգրան Աթանեսյանը նշեց, որ տեղեկանալով, որ իր անունը շրջանառվում է վերը նշված գործի շրջանակներում՝ Արշակ Հակոբյանն ինքնակամ ներկայացել է քննություն իրականացնող մարմնին ու վկայի կարգավիճակով ցուցմունք տվել: Փաստաբանը նշեց, որ Արշակ Հակոբյանը, բացառությամբ վերը նշված գործով վկայի կարգավիճակից, որևէ գործով  այլ (կասկածյալի կամ մեղադրյալի-հեղ) կարգավիճակ չունի:

Անդրադառնալով Արշակ Հակոբյանի բնակարանում տեղի ունեցած խուզարկությանը` Աթանեսյանը մանրամասնեց, որ խուզարկություն իրականացնելու նպատակով Հակոբյանի բնակարան այցելած անձինք խուզարկության որոշումն իրենց ձեռքում պահած՝ ցույց են տվել, և Հակոբյանի ընտանիքի անդամներն այդ վիճակում, ինչպես ենթադրվում է, չեն կարողացել այն ընթերցել ու ամբողջությամբ հիշել: Ապա խուզարկությունը կատարվել է, կազմվել արձանագրություն, որի պատճենը նրանք պարտավոր էին օրենքի պահանջով տրամադրել ընտանիքին, ինչը նույնպես չեն արել:

«Տարիներ շարունակ մենք բողոքում էինք, որ ընդդիմադիրներին ու քաղբանտարկյալներին հալածում են, օրենքը չեն պահում, և այս դեպքում էլ, փաստորեն, օրենքի մասին Քննչական կոմիտեն մոռացել է, փորձում են նոր տիրոջը ծառայել: Ես, իհարկե, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա նման իրավիճակ, բայց տերերին ծառայելու, նոր տեր գտնելու իրենց ձգտումը սարսափելի է»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

Անդրադառնալով Արշակ Հակոբյանի բնակարանում եղած զենքերին՝ Աթանեսյանը նշեց, որ դրանք օրինական են:

«Ես իր ընտանիքի անդամներից տեղեկություն ունեմ, որ ինքը զենքերի հավաքածուի լիզենզիա ունի, ու մինչև վերջին փամփուշտն օրինական ձեռք բերված ու օրինական պահվող է: Իմ իմանալով, որը սակայն չեմ կարող պնդել, խոսքը 19 միավոր հրազենի ու դրանց փամփուշտների մասին է»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Վերջինս նշեց, որ զենքերի հավաքածուի լիզենցիա ստանալը խնդիր չէ: Եթե անձը ցանկանում է ունենալ զենքերի հավաքածու, դիմում է ոստիկանություն, համապատասպան պայմանների առկայության դեպքում ստանում թույլտվություն, ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ պետք է զենքերը պահպանելու հատուկ պայմաններ ունենալ: Տվյալ դեպքում, Աթանեսյանի խոսքով, այդ պայմաններն առկա են եղել:

Խոսելով Սարգիս Հակոբյանի գործի մասին՝ Տիգրան Աթանեսյանը նշեց, որ մոտ ապագայում կլինեն տվյալներ, որոնք Հակոբյանի և ընկերների  մեղադրանքը ամբողջությամբ կհերքեն:

«Խուլիգանության վերաբերյալ մեղադրանքի հետ կապված արդեն իսկ ունեմ տվալներ, որոնք կներկայացվեն և՛ քննություն իրականացնող մարմնին, և՛ հանրությանը, և այդ տվյալներով կհերքվի խուլիգանության մեղադրանքը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ չցանկանալով այս պահին ավելին հրապարակել:

Անդրադառնալով Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի գործին՝ Աթանեսյանը նշեց, որ Համբարձումյանն իր խորհրդով ցուցմունք չի տվել, որովհետև, ինչպես փաստաբանն է նշում, նա այժմ ներկայացվում է որպես Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառ, ինչն այդպես չէ:

«Գոռը նորմալ, ադեկվատ անձ է, ուղղակի հանրությանն այլ կերպ է ներկայացվել. չի կարելի այդպես մոտենալ խնդրին»,- նշեց փաստաբանն ու խորհուրդ տվեց այս գործերը քննելիս չտրվել էմոցիաներին:

«Մարդուն հրապարակավ հանցագործ դարձնելով՝ մենք և՛ հեղափոխությանն ենք վնասում, և՛ Նոր Հայաստանին: Քրեական դատավարությունը պիտի ամբողջությամբ և հանգիստ գործի, պարզվի, թե ինչ է եղել, ինչու, իսկ  մենք մի քանի հոգու դարձնում ենք ազգի թշնամի. այդպես չի կարելի: Այն, ինչ հիմա անում է քննչական ապարատը, խայտառայություն է: Որևէ քաղբանտարկյալի նկատմամբ քննչական ապարատն ավելի ապօրինի չի եղել, քան հիմա այդ մարդկանց նկատմամբ»,- խոսքը եզրափակեց Տիգրան Աթանեսյանը: 

Լուսանկարը` Տիգրան Աթանեսյանի Ֆեյսբուքի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter