
Անապատի գիշերներում: Գայթակղությունների քաղաքը
Էդիկ Բաղդասարյան, Արա Մանուկյան
Գիշերը միշտ խորհրդավոր է: Արաբական գիշերը' առավել եւս: Մութը միանգամից «գրկում է» անծայրածիր անապատը: Հորիզոնի դեղնավուն երանգները, դանդաղ մարելով, դառնում են աներեւույթ' բացելով «հազար ու մի գիշերվա» ճանապարհը: Արեւի լույսին աննկատ փոխարինում են փողոցի լամպերի լույսերը:
Դուբայում օրվա սկիզբը համարվում է հենց այդ ժամը:
Երկինքը լի է աստղերով, փայլող աստղերով: Իսկ ներքեւում լույսերի գրեթե աստղային փայլքն է:
Գիշերային Դուբայի ամենաբնորոշ բանը սրճարաններն են, որտեղ արաբները ըմբոշխնում են նարգիլեն կամ սուրճը: Սուրճն այստեղ աննակարագրելի համեղ է: Տեղացիներն ասում են' սուրճի դառնավուն համը ժամանակի իրական համն է:
Յոթ արաբական էմիրություններ 1971թ. միացան, եւ Արաբական թերակղզու հարավ-արեւելքում 80 հազար քմ տարածությամբ ձեւավորվեց Արաբական միացյալ էմիրությունները' Արեւելքի հրաշքը:
Սակայն, սա հին երկիր է: Մ.թ.ա. այստեղից նավերը ճանապարհվում էին աշխարհի տարբեր երկրներ: Էմիրությունների ափերում' Ռաս-Էլ- Խայմայում, մինչ օրս պահպանվում են Սավսկայա թագուհու, որը ժամանակին գերել է Սողոմոն թագավորի սիրտը, պալատի փլատակները:
1970-ականներին հայտնաբերված նավթը հարստացրեց երկիրը:
Բոլոր էմիրները բացարձակ թագավորներ են իրենց էմիրություններում: Երկրի նախագահը Աբու-Դաբիի շեյխն է: Յուրաքանչյուր էմիրություն ունի իր պատմությունը, ավանդույթները, առանձնահատկությունները: Սակայն Դուբայի էմիրությունն առանձնանում է բոլորից, որովհետեւ համատեղում է բոլոր էմիրությունների ավանդույթները' դառնալով մի յուրատեսակ խառնարան:
Դուբայը մեծությամբ երկրորդ էմիրությունն է եւ համարվում է Մերձավոր Արեւելքի «Զբոսաշրջության դարպասը»: 1985թ. այն հայտարարվեց ազատ տնտեսական գոտի: Դուբայում չեն գործում մուսուլմանական խիստ ավանդույթները: Հենց այդ պատճառով էլ արաբական մի շարք երկրներ հավանություն չեն տալիս Դուբայի քաղաքականությանը: Տեղացիներից շատերին դուր չեն գալիս փողոցում իրենց ազատ պահող կանայք: Սակայն, արտաքուստ նրանք դա ցույց չեն տալիս:
Դուբայը դարեր շարունակ ուներ «վաճառականների քաղաք» կոչումը: Այն միշտ ուրախությամբ էր ընդունում վաճառականներին եւ ճանապարհորդներին: Բարեհամբույր եւ հյուրընկալ այս ավանդույթն այսօր էլ պահպանվում է:
1330 թվականից այստեղ իշխում է ալ-Մաքտում ընտանիքը:
10 կմ-անոց Խոր-Դուբայ նեղուցը քաղաքը բաժանում է երկու մասի: Արաբական փոքրիկ նավակներով շրջելիս կարելի է տեսնել երկու ափերը:
Ափերին կանգնած են փայտե նավեր' բեռնված ամենատարբեր ապրանքներով, որոնք բերվել են Հնդկաստանից, Չինաստանից, Աֆրիկայից, ինչպես 700 հարյուր տարի առաջ: Առեւտրականները թեթեւ վրաններ են խփել ու հանգստանում են հենց նեղուցի ափերին: Այս պատկերը Դուբայ ժամանածներին մտովի տեղափոխում է յոթ դար ետ:
Դուբայի փողոցները մաքուր են եւ ապահով: Ամեն ոք այստեղ կգտնի այն, ինչ ուզում է: Դուբայն աշխարհի դինամիկ զարգացող, կոմերցիոն կենտրոնն է, այստեղ կայանում են միջազգային կարեւոր հանդիպումներ, ցուցահանդեսներ, փառատոներ:
Այն համարվում է աշխարհի ամենապահով քաղաքներից մեկը եւ մի քանի անգամ պարգեւատրվել է «աշխարհի ամենաապահով վայր» տիտղոսով (Safest Travel Destination Worldwide): էմիրություններում ամեն տարի անցկացվում է Դուբայի առեւտրային փառատոնը, որը կոչվում է «Ամառային անակնկալներ»: Փառատոնի ընթացքում հյուրերին ներկայացվում են ամենաժամանակակից ապրաքներ, կազմակերպվում են զվարճալի միջոցառումներ:
Դուբայը գայթակղում է նաեւ իր հակասություններով: Երկրում արգելված են բոլոր տեսակի մոլախաղերը: Ամենախիստ պատիժն է նախատեսված թմրամիջոցների տարածման եւ սեքսուալ բնույթի հանցագործությունների համար: Բայց սա չի խանգարում, որ այստեղ ծաղկի սեքս-բիզնեսը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել