Արտաշատում ավագանու անդամները բոյկոտում են նիստերը
Արտաշատ քաղաքի ավագանու նիստերն արդեն մեկ ամիս է` տապալվում են: Մայիսի 4-ին և 21-ին հրավիրված երկու նիստերում էլ քվորում չի ապահովվել, քանի որ ավագանու ինը անդամները, ի նշան բողոքի, բոյկոտում և չեն մասնակցում դրանց: Պահանջը մեկն է՝ նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը:
Արտաշատի քաղաքապետի նախկին թեկնածու, ավագանու ներկայիս անդամ Հարություն Մնացականյանի խոսքով` ինքն ու ավագանու մյուս 8 անդամները չեն պատրաստվում մասնակցել նիստերին, քանի դեռ համայնքապետը հրաժարական չի տվել:
«Մեզ պետք է այնպիսի քաղաքապետ, որը կծառայի ժողովրդին, ոչ թե անհատներին: Բենիամինյանը թույլ քաղաքապետ է: Երկրում հեղափոխություն է եղել, իսկ ներկայաիս քաղաքապետը Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի առաջնորդն է մարզում, ժողովուրդը չի վստահում հանրապետականներին: Դա է պատճառը, որ մենք բոյկոտում ենք և պահանջում նրա հրաժարականը: Ես ինքս մտել եմ նրա մոտ և ասել, որ հրաժարական տա: Նա դեռ չի ուզում գնալ այդ քայլին, բայց դա միայն իր խնդիրն է»,- ասում է Հ. Մնացականյանը:
Ավագանու անդամի խոսքերով՝ Արտաշատում քաղաքապետ չի ընտրվում, այստեղ քաղաքապետը միայն նշանակվում է: «Արտաշատում միայն մեկ անգամ է լավ ընտրություն կազմակերպվել՝ 90-ականներին, այդ ժամանակ թեկնածուները ես և Հովակիմյան Վարդգեսն էինք: Հաղթեց Վարդգեսը, և բոլորս ընդունեցինք այդ հաղթանակը: Դրանից հետո թեկնածուները եղել են կառավարության կողմից, հսկվել են ընտրությունները, երկրորդ թեկնածուներ չեն առաջադրվել, իսկ եթե առաջադրվել են (ես ինքս էլ առաջադրվել եմ), ամեն կերպ խանգարել են»,- նշում է ավագանու անդամը:
Ավագանու մյուս անդամները հրաժարվեցին մեկնաբանություն տալ:
Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, ինչպես պարզվեց, տեղյակ չէր ավագանու բոյկոտից: Համայնքապետը նշեց, որ ավագանու որևէ անդամ որևէ պաշտոնական բողոք մինչ օրս չի ներկայացրել:
«Ավագանու անդամները տեղյակ են եղել նիստի մասին, սակայն նրանցից ինը չեն ներկայացել այդ օրը: Պաշտոնական հայտարարություն չի եղել այս առիթով, ընդամենը ասել են, որ զբաղվածության պատճառով չեն կարողացել գալ»,- նշում է քաղաքապետը:
Միևնույն ժամանակ, Կ. Բենիամինյանն ասաց, որ եթե ավագանու անդամները պահանջներ ունեն, պետք է գան նիստերին և խոսեն դրանց մասին: «Ես պատրաստ եմ խոսել այն մարդկանց հետ, որոնք բողոք են ներկայացրել, բայց եթե պահանջում են ինչ-որ բան, պետք է փաստացի պահանջեն, ճի՞շտ է: Քաղաքի առջև ծառացած խնդիրներ կան, և իրենք, նիստերին չգալով, չեմ հասկանում՝ ինչ են ուզում ասել: Այն, որ ես ծառայում եմ անհատներին, սուտ է, ես ծառայում եմ ժողովրդին»,-պնդում է քաղաքապետը:
Արտաշատի լիճը երկար ժամանակ է` անխնամ վիճակում է: Բնակիչները բողոքում են լճից տարածվող անտանելի հոտից: Մաքրման աշխատանքների ուշացման պատճառը, ըստ բնակիչների, ավագանու հետաձգվող նիստներն են, քանի որ քաղաքապետը առանց ավագանու անդամների չի կարող որոշում ընդունել: Կ. Բենիամինյանը հաստատեց, որ մաքրման աշխատանքներն ուշանում էին նիստերի ձախողման պատճառով, քվորում չէր ապահովվում՝ որոշում կայացնելու համար: Այնուամենայնիվ, Բենիամինյանը հավաստիացրեց, որ մաքրման աշխատանքներն արդեն մեկնարկել են:
«Լիճն անվարձահատույց տրված էր Գաբրիել Պողոսյանին, երբ արդեն այս վիճակում էր: Ասացինք նրան, որ պայմանագրի համաձայն` պարտավոր է մաքրման աշխատանքներ իրականացնել, իրենք էլ հրաժարվեցին: Հիմա լիճը մեր սպասարկման տակ է, ավագանիով պետք է որոշվեր գումար հատկացնել մաքրման համար, բայց տեսանք, որ նիստերը երկար ժամանակ չեն կայանում, որոշեցինք սկսել աշխատանքը»,- նշեց Կ. Բենիամինյանը:
Հավելենք, որ Գաբրիել Պողոսյանը Արտաշատի ավագանու անդամ է: Համայնքի բնակիչների խոսքով՝ լիճն իսկապես պատկանել է նրան, և միայն քաղաքապետարանի սպասարկման տակ անցնելուց հետո է հայտնվել այս վիճակում: Գ. Պողոսյանը հրաժարվեց այս առիթով որևէ մեկնաբանություն անել:
Օֆելյա Սիմոնյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Հեռակա ուսուցում, 5-րդ կուրս
Գլխավոր լուսանկարում` Արտաշատի լիճը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել