HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի առավոտվա խրոնիկա

- Ո՞վ է,- հարցրի դռան ետեւից:
- Գայլը,- եղավ պատասխանը:
Սրտխառնուքի պես մի զգացում ունեցա՝ ոչ վախ էր, ոչ վախից սերված ատելություն: Դուռը չբացեցի: Վազեցի ննջասենյակ: Թաքնվեցի զգեստապահարանի ետեւում: Հինգ թե վեց տարեկան էի: Մայրս մենակ էր թողել, գնացել՝ հացի:

- Ո՞վ է,- առավոտյան յոթին՝ քնից, կարելի է ասել, դեռ չարթնացած, հարցնում եմ դռան ետեւից:

- Բաց արեք դուռը, ոստիկանությունից ենք,- դիտանցքին է մոտեցնում բաց վկայականը:

- Սպասեք, հագնվեմ,- ասում եմ:

Ու մինչ հագնվում եմ, դռան ետեւում կանգնածը մատը չի պոկում զանգի կոճակից՝ անդադար զանգահարում է:

- Հասկացա, բացում եմ,- գոռում եմ ներսից:

Ներս են մտնում աստիճանավոր երկու ոստիկան, մեկը՝ ավտոմատով զինված: Ինչ-որ ազգանուն են ասում՝ ձայներին հոգեբանական գրոհի տոն տալով:

- Ես չեմ,- ասում եմ:

Զննում են ինքնությունս հաստատող փաստաթղթում փակցված լուսանկարն ու միլիմետր-միլիմետր համեմատում, եւ այդ համեմատական զննումի մեջ կանխավարկած կա. «Հետո ինչ, որ դու չես, հո մե՞նք չենք սխալվել, կարող էիր եւ դու լինել»: Եւ քնից հանելու, անհանգստություն ու տագնապ պատճառելու համար ներում չխնդրելով, հեռանում են՝ իբր մի բան էլ դու շնորհակալ եղիր, որ դու դեռ քնած՝ մենք հանցագործ ենք որսում, որն անորսալի մնալով կարող էր քեզ էլ սպանել, կարող էր քեզ էլ կողոպտել, մի խոսքով քեզ էլ վատություն անել:

Նրանց գնալուց հետո ծխախոտ եմ վառում, ու ծուխը խոր ներշնչելով, թեեւ նախորդ օրը երդվել էի ժամը 12-ից շուտ չծխել, մտածում եմ նրա մասին, ում փնտրում են: Քիչ հետո դրսից աղմուկ է լսվում, դիմադրողի մռնչյուն՝ հայհոյախառն անհոդաբաշխ բացականչություններ: Պարզ է: Հարեւան երկու շենքերը նույն նախագծով են կառուցված, իրար նման են, գրեթե նույնն են: Հարեւան շենքի նույն հարկի նույն բնակարանում գտել են կասկածյալին: Ուզում են ոստիկանատուն տանել՝ դիմադրում է:

Մոտենում եմ պատուհանին: Առավոտ 7-ի պայծառ անդորրի վրա կարծես կոլաժ արված լինի: Երկու աստիճանավոր ոստիկաններ կանգնած են հրամայող կեցվածքով, իսկ մի քանի սերժանտներ կասկածյալին տանում են դեպի, «Սեւ ագռավ» կոչվող մեքենան:
Կասկածյալը գոռում է. «Թողեք, ես չեմ, ես ոչ մի կապ չունեմ, թողեք, ասում եմ, թողեք … ես ձեր … » ու կրունկներով դիմադրելով ու կրունկներին հենվելով ու կրունկներից ուժ առնելով պոկվում է սերժանտների աքցանից ու փախչում, ու «Կանգ առ, կկրակեմ» հրաման-զգուշացումին հետեւում է ավտոմատ հրացանի ճայթյունն, ու առավոտ 7-ի պայծառ անդորրը բառացիորեն փլվում է՝ կասկածյալի առաջ փակելով ազատության ճամփան:

Երկու տասնչորսհարկանի շենքերի պատուհաններում հետաքրքրասեր գլուխներ են հայտնվում, ու գրեթե կամովին հանձնված կասկածյալը նրանց ծանր, կեսքուն-կեսարթուն, անլվա հայացքների ներքո տեղավորվում է ճաղապատ մեքենայում: Հետո շենքից-շենք, պատուհանից-պատուհան մի երկուսը կարծիք են փոխանակում ու կրկին փակվում տներում:

Ոստիկաններն ու կասկածյալն ինձանից խլել էին առավոտվա քունը, որն, ըստ բժիշկների, ավելի օգտակար է, քան գիշերվա բոլոր ժամերինն ի մի, բայց փոխարենը տվել էին մի բան, ինչը ես շատ եմ սիրում: Առավոտ կանուխ, երբ բոլորը դեռ քնած են, վեր կենալ, սուրճ եփել ու դեռ չլվացված-չհագնված խմել սուրճը՝ խոհանոցում ճեմելով, ու ականջի պոչով չլսելու տալ քաղցանցի ռադիոյից ծորացող առաջին լուրերն ու երգի-պարի անսամբլի աշուղական երգերը, վերցնել ու ձեռի հետ թերթել այսուայնկողմ թափված հին ամսագրերն ու լրագրերը ու զգալ, հաճույք վայելել այն բանից, որ ուղեղդ իր բոլոր բջիջներով փակ է ամեն տեսակ ինֆորմացիայի առաջ, որ դիմադիր է այդ հոսքին ու ներունակ սեփական մտածումի:

Սա, անկեղծ եմ ասում, իմ ամենասիրելի պահն է, որը սակայն ես հազվադեպ եմ վայելում ուշ քնել-ուշ արթնանալու պատճառով: Եւ կեցցեն ոստիկանները, որ իրենց ծառայողական պարտքը կատարելիս, ձեռի հետ արթնացրին ինձ ու պարգեւեցին իմ սիրած պահը:

Բայց խոհանոցային երթեւեկս ուզածիս նման չէ: Կեղծիք կա: Ուղեղիս մեջ դրսեկ մտքեր կան՝ անձեւ մարմինների նման: Ռադիոյի լուրերն էլ կարծես ոչ թե շոշափում են լսելիքս, այլ անարգել մուտք գործում: Տեղին կլիներ խոհական դատողություններ անել մարդու մարմնական կազմվածքի կատարելության մասին, եթե ռադիոյից ծորացող լուրերը չստիպեին հակառակ դատողություններն անել:-Ինչպես հաղորդում է ՌԻԱ գործակալությունը, ահաբեկիչները պայթեցրել են Արմավիրի կայարանը: Կան զոհեր: Հանգամանքները ճշտվում են:

- Ինչ է կարեկցանքը, - մտածում ես առավոտվա այն պահին, երբ ամենեւին դրա ժամանակը չէ: Զգացո՞ւմ, թե՞ գործողություն: Եթե զգացում է, ուրեմն նույնը պիտի լինի պայթյունի պահին կայարանում եղածների ունեցած զգացումների: Եթե գործողություն է, ուրեմն նույնը պիտի լինի ծառայողական պարտք կատարող ոստիկանների գործողությունների, կամ ինչու ոչ նաեւ ահաբեկչություն կատարողների գործողությունների: (Ի դեպ, հետաքրքիր է, ինչ էր արել կասկածյալ հարեւանս կամ արդյոք արե՞լ էր ինչ-որ բան: Գուցե թյուրիմացությո՞ւն է: ) Եթե ոչ զգացում է, ոչ գործողություն, ուրեմն նույնն է քո առավոտվա խաղաղ, անզգամ-անտարբեր սրճաճեմումի, քո հանգիստ գործի գնալու, գործընկերներիդ հետ քո քննարկումների՝ պարզունակ, անպտուղ, ցինիզմով հագեցած:

- Չեչեններն արած կլինեն: Չէ հա ռուսներն են արել, որ հասարակական կարծիքը ... եւ այլն եւ այլն եւ այլն:

Եթե առավոտվա յոթի պայծառ անդորրի մեջ անհուսորեն դիմադրող հարեւանիդ գնդակահարած լինեին, վազելու էիր փողոց, ընկնելու էիր հետաքրքրասերների ջրերը, որ մ.թ. 33 թվից այս կողմ ստուգում ու համոզվում են, ստուգում ու համոզվում են, համոզվում ու գնում են ձեռքերի շոշափած արյունը լվանալու:

Ի դեպ, եթե այդ պահին անձդ հաստատող փաստաթուղթ չունենայիր, երեւի առավոտվա յոթի պայծառ անդորրի փլատակների մեջ հենց դու անկենդան փռված լինեիր եւ այն կասկածյալը մատները խրեր վերքերիդ մեջ՝ անփառունակ մահվանդ իսկությունը ստուգելու համար:

1985 թվականին, երբ ծառայում էի սովետական բանակում, նման մի դեպք պատահեց: Հարեւան զորամասից մի զինվոր՝ առնելով սիրած աղջկա ամուսնության լուրը, ինքնասպան էր եղել՝ կոկորդին մահացու գնդակ արձակելով վետրովոյե ռուժյո կոչվող գործիքից: Երբ տարածվեց ինքնասպանության լուրը, մեզ կանոնավոր շարք կանգնեցրին ու շարային քայլով տարան ինքնասպան դիակ տեսնելու, եւ որպես ուսանելիություն բացատրելով այդ արտառոց էքսկուրսիան, սալդաթային տրամաբանությամբ խորհուրդ տվեցին. «Սիրելը անշուշտ լավ է: Բայց հաստատ չարժե ինչ-որ բոզի պատճառով վերջ տալ կյանքին»: Երբ ինքնասպան դիակը տեսնելուց հետո շարային քայլվածքով վերադառնում էինք մեր զորամասը, ես հիշել էի թե ինչպես մի անգամ, երբ դեռ դպրոցական էինք, մեր դասղեկը մեզ տարավ հնագիտական թանգարան՝ մամոնտի բրածո տեսնելու: Եւ ես, շարքի մեջ աշխատելով ետ չընկնել, վերծանում էի պատանեկության այդ հուշն ու խնդմնդում, թե գուցե մամոնտն էլ է ինչ-որ բոզի համար վերջ տվել կյանքին, ինչի մասին, բնականաբար, դասղեկը չէր կարող խոսել անչափահաս աշակերտների հետ:

Այդ խեղճուկրակ մամոնտից մինչեւ այն խեղճուկրակ զինվորն ու վաղ առավոտվա կասկածյալը, ակնթարթի պես անցել է ժամանակը՝ ամենամեծ ու ամենաիմաստավոր զոհին՝ Հիսուս Քրիստոսին ակնթարթի հսկիչ կարգելով: Ոչ մի արտառոց բան չկա: Ես էլ հիմա կլվացվեմ՝ անվա չլինելու համար, որովհետեւ անլվա լինելը, բերանի խոռոչը TIC-TAC-ով չթարմացնելը, թեւատակերը REXONA-ով չօծելը հակասում են համակեցության ժամանակիս կանոններին: Կլվացվեմ ու երեսիս շփած ջրի հետ կորստյան կմատնեմ վաղ առավոտվա զգացումներս, դատողություններս, հիշողություններս ու այն ամենը, ինչն ինձ պիտի խանգարի օրինապահ ու կարգապահ գործավոր լինել, ու կգնամ հացս վաստակելու:

Ժանտախտից ու սպիդից ավելի սարսափելի ու ավելի ընդգրկուն համաճարակ կա այս աշխարհում, որի զոհերն ենք մենք: Համակեցությունն է այդ համաճարակը եւ դրա հարուցիչն է ԵՍը: Եւ ով չի ուրանում իր ԵՍը, նա մատնվում է դանդաղ-տեւական կորստի, իսկ ով ուրանում է իր ԵՍը, նրան սպասում է լուսավոր ու պայծառ սրահը ... հոգեբուժարանի ընդունարանի:

Սրտխառնուքի պես էր ունեցածս զգացումը՝ ոչ վախ էր, ոչ վախից սերված ատելություն: Չէի բացել դուռը գայլի առաջ: Վազել էի նջասենյակ, թաքնվել զգեստապահարանի ետեւում: Հինգ թե վեց տարեկան էի: Մայրս մենակ էր թողել, գնացել էր հացի: Երբ վերադարձավ, ինձ գտավ պատի ծեփի պես ճեփ-ճերմակ, դողացող:

- Հենց նոր դուռը թակեցին, ասացի՝ ով է, ասաց՝ գայլը,- շնչակտուր պատմում էի ու լաց լինում:

Մայրս գրկել էր ինձ, շոյում էր դեմքս՝ միաժամանակ մաքրում արցունքներս ու հանդարտ տոնով պատմում, որ գայլը վատը չէ, որ գայլին էլ Աստված է ստեղծել:

Մորս խոսքերից սրտապնդվելով, թեթեւացած հարցրի. «Ուրեմն պետք է բացեի՞»:

- Ո՜չ,- ժպտաց մայրս,- իհարկե ճիշտ ես արել, որ չես բացել:

Չեմ հիշում, էլ ինչ հարցեր տվեցի ու ինչ պատասխաններ ստացա, միայն շատ լավ հիշում եմ, որ այդ օրը ես ոտք դրեցի այս աշխարհը:

Լուսանկարը` granish.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter