HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանը չի կարող դուրս գալ Հայաստանից. Քննչական կոմիտեն նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել

Քննչական կոմիտեն «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահ, ակտիվիստ Վահագն Չախալյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին:

Համաձայն քրեական գործի՝ այս տարվա փետրվարի 26-ին՝ 03:20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից զանգահարել է բուժքույր Սիրանուշ Ալեքսանյանը և ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ մի տղամարդ վիճում է ԲԿ-ի անվտանգության աշխատակիցների հետ: Պարզվել է, որ այդ տղամարդը Վահագն Չախալյանն է եղել: Բուժքույրը, նյութերի նախապատրաստման ընթացքում, հայտնել է նաև, որ 10-15 րոպե տևած վիճաբանության ընթացքում Չախալյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել և խանգարել է իրենց բնականոն աշխատանքին: Պարզվել է նաև, որ այդ վիճաբանության ընթացքում Չախալյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է անվտանգության պահակային ծառայության հսկիչ Ռ. Սողոմանյանի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ նույն օրը քրեական գործ է հարուցվել ՔՕ 258 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով): 

Վահագն Չախալյանը «Հետք»-ին պատմեց, որ այդ օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխել իր մորեղբորը, և երկար ժամանակ նրան բժիշկ չի մոտեցել: Ինքը, հասնելով հիվանդանոց, մի քանի անգամ խնդրել է բժշկին կանչել, քանի որ մորեղբոր մոտ սրտի կաթվածի նախանշաններ են եղել, վիճակը` օրհասական: Իսկ այդ պահին, բժիշկ կանչելու փոխարեն, իրեն հանգստացնելու փորձեր են կատարել պահակները, և նրանցից մեկին նա ստիպված է եղել հարվածել: Չախալյանի մորեղբայրն այդ օրը լուսադեմին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մահացել է: 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Դանիելյանը Չախալյանի` երկրից չբացակայելու խափանման միջոցը հիմնավորել է նրանով, որ Վահագն Չախալյանը կասկածվում է ոչ մեծ ծանր հանցագործություն կատարելու մեջ և անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ Չախալյանի պատշաճ վարքագիծն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter