ԱԻ նախարարը հանձնարարել է ուսումնասիրել գործող հակակարկտային կայանքների արդյունավետությունը
Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը և առկա խնդիրները: Նախարարությունը հայտնում է, որ քննարկվել են հիդրոօդերևութաբանական դիտացանցի արդիականացման և հակակարկտային պաշտպանության առավել հուսալի համակարգի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով հիդրոմետ ծառայությունում առկա խնդիրներին`Ռոստոմյանը նշել է, որ մատուցվող ծառայությունների որակը հեռու է բավարար լինելուց, անհրաժեշտ է արդիականացնել օդերևութաբանական ու հիդրոլոգիական դիտացանցը, եղանակային կանխատեսումները և վտանգավոր երևույթների ազդարարումը դարձնել տարածքային առումով ավելի հասցեական: Նախարարը կարևորել է նաև աշխատանքային պայմանների բարելավումը` համակարգը որակյալ կադրերի համար գրավիչ դարձնելու համար:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հակակարկտային պաշտպանության համակարգի առկա վիճակն ու խնդիրները: Ռոստոմյանը հանձնարարել է աշխատանքային խմբի ձևաչափով ուսումնասիրել ներկա գազագեներատորային հակակարկտային կայանքների արդյունավետությունը և գիտական հիմնավորվածությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել