HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կինոթատրոն՝ պուրակի տարածքի հաշվին

Վանաձորում ժամանակակից կինոթատրոն չկա: Կա մշակույթի պալատ, որտեղ գրեթե միշտ որեւէ միջոցառում է անցկացվում, ցուցադրվում են ֆիլմեր: Սակայն մշակութային այնպիսի հաստատություն, ինչպիսին, օրինակ, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնն է, վանաձորցին չունի: Վերջին շրջանում վանաձորցիների զրույցի առարկան «Արցախ» պուրակն ու այդտեղ կառուցվելիք կինոթատրոնն է: Ինչու՞ է որոշվել կինոթատրոնը կառուցել Արցախի պուրակում:

«Մեր քաղաքը, հասարակությունը մշակութային օջախների ծարավ է զգում: Իսկ հարակից բուհերի ուսանողները մայթերում թրեւ գալու փոխարեն իրենց ժամանակը կանցկացնեն կինոթատրոնում»,-ասում է վանաձորցի Վարդուհի Խաչատրյանը:

32-ամյա Խաչիկ Սարգսյանի մտահոգությունն էլ այն է, որ ուսանողությունը կլցվի կինոթատրոն ու դասերին չի մասնակցի: «Ես դեմ եմ դրան: Ինչու՞ պուրակում: Քաղաքապետը ուսանողներին դասերից կտրելու ձեւ է մտածել»,-բողոքում է Խաչիկը:

«Արցախյան շարժման տարիներին «Արցախ» պուրակը մեզ համար սրբավայր էր դարձել: Եթե ցանկություն կա կինոթատրոն կառուցել, ապա այդ գաղափարի համար քաղաքում տեղ կգտնվի: Ինչու՞ հատկապես պուրակը»,-ասում է 60-ամյա Մելանյա Մկրտչյանը:

«Արցախ» պուրակն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004թ.-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ»-ում: Ցուցակի «Ծանոթագրություն» վերնագրի տակ նշվում է. «Այստեղ տեղի են ունեցել Արցախյան ազատամարտի եւ Հայաստանի անկախությանը աջակցող հանրահավաքներ»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավախորհրդատու Կարեն Թումանյանն ասում է, որ ՀՀ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքն արգելում է անշարժ համարվող հուշարձանները քանդել, ձեւափոխել, տարածքը փոքրացնել: Նա վստահ է, որ կինոթատրոնի կառուցմամբ, բնականաբար, կփոքրանա հուշարձանի տարածքը:

«Քանդելն այս դեպքում ենթադրում է հողային աշխատանքներ կառուցվող շենքի կամ շինության հիմքը գցելու համար, ինչը միանգամայն խաթարում է հուշարձանի նպատակային նշանակությունը»,-ասում է Կարեն Թումանյանը:

«Օրենքի 38 հոդվածի համաձայն՝ հուշարձանները օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական նպատակներով: «Արցախ» պուրակում կինոթատրոն կառուցելը Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը համարում է մշակութային օգտագործում:

«Դա նույնն է, ինչ թատրոնը վերափոխեն ստրիպտիզ ակումբի: Կինոթատրոնի կառուցումը կապ չունի հուշարձանի մշակութային օգտագործման հետ: Այս դեպքում խաթարվում է հուշարձանի նպատակային օգտագործումը»,-ասում է Կարեն Թումանյանը: Վանաձորի քաղաքապետարանում հավատացած են, որ կկառուցվի մշակութային այնպիսի կառույց, որի նմանը քաղաքում չկա: Սակայն, մյուս կողմից, Վանաձորում կա Գուգարք կինոթատրոնը, որը գտնվում է կիսակառույց վիճակում: Բացի այդ, կա նաեւ մեկ այլ մշակութային կառույց Վարդանանց փողոցում, որը եւս կիսակառույց է: Սակայն կինոթատրոն կառուցելու ցանկություն հայտնած «Պարադիզ» ՍՊԸ-ն ընտրել է հենց «Արցախ» պուրակը:

Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչները «Պարադիզ» ՍՊԸ-ին առաջարկել են Մշակույթի պալատը, սակայն ընկերությունը չի համաձայնել այնտեղ ներդրումներ անել ժամանակակից պահանջներին հարմարեցնելու նպատակով: Այդպես ընկերությունն ավելի շատ գումար կծախսի, քան հիմքից իր պահանջներին համապատասխան շինություն կառուցելու դեպքում:

«Պարադիզ» ՍՊԸ-ի նախնական նախագծի համաձայն՝ մշակութային օջախն ունենալու է երկու դահլիճ 280 հոգու համար:

«Կինոթատրոնն ապահովված է լինելու ժամանակակից սարքավորումներով, կենցաղային պայմաններով: Վերջին հաշվով, խանութ կամ շենք չի կառուցվում, կառուցվում է կինոթատրոն, որի փոքր դահլիճում ցուցադրվելու են միմիայն մայրենի լեզվով ֆիլմեր: Կինոթատրոնի շենքի կառուցմամբ որեւէ ճանապարհ չի փակվելու: Բաց են լինելու թե՛ հարակից մանկավարժական ինստիտուտի, թե՛ դրան կից գտնվող ավիատոմսերի վաճառքի ծառայության մուտքերը, ապահովված են լինելու հակահրդեհային ու անվտանգության պայմանները»,-համոզված է Տիգրան Պապանյանը: Քաղաքաշինության նախարարությունն արդեն համաձայնություն է տվել պուրակում կինոթատրոն կառուցելու վերաբերյալ: Այդուհանդերձ, արդյո՞ք Վանաձորին հարկավոր է կինոթատրոն անշարժ հուշարձանի տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter