HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարմիր գոտու» բնակիչները

Էմման ծնվեց այս տարվա հունվարի 13-ին Բյուզանդի փողոցի հին երեւանյան մի բակում: Աղջիկը գրանցում չունի: «Կարմիր գոտում եք ապրում, գրանցել չենք կարող»,-Էմմայի պապիկին' Սաշիկ Սաֆյանին ասել է Բնակշահագործման տեղամասի աշխատակցուհին: «Կարմիր գոտի» ասելով' նա նկատի ուներ, որ տարածքն, ուր ապրում են Սաֆյանները, կառավարության որոշմամբ ենթակա է օտարման պետության կարիքների համար. այդտեղ սկսվելու են կառուցապատման աշխատանքներ: Բյուզանդի փողոցի այս բակի եւ հարակից այլ տարածքների օտարումը (ընդհանուր մակերեսը' 345.000 քառակուսի մետր) ամրագրված է 2002թ. օգոստոսի 1-ի «Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» կառավարության թիվ 1151-Ն որոշմամբ: 

Սաշիկ Սաֆյանը նկարիչ է, տանը կից արվեստանոց ունի, որտեղ աշխատում էր ու իր նկարներով պահում ընտանիքը: Կառավարության այս որոշման մասին նա չգիտեր, մինչեւ իրենց տուն այցելեց սեփականությունը գնահատող հանձնախումբը: «Հանձնախումբը մեզ ոչ մի կոնկրետ բան չասաց, չհասկացանք, թե ինչ է կատարվում: Անցավ մի քանի օր, մեկ էլ նամակ ստացանք «Գլենդել հիլզ» կազմակերպությունից»,- ասում է նա:

«Գլենդել հիլզ»-ը մեկն է այն կազմակերպություններից, որոնք օտարման գոտում իրացման, հետագայում նաեւ կառուցապատման աշխատանքներ են իրականացնելու: Այդ կազմակերպությունները գործում են Հայաստանի հանրապետության անունից՝ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ կնքված պայմանագրով սահմանված իրավասությամբ:

«Գլենդել հիլզ» կազմակերպությունը սեփականատերերին 5 օր ժամանակ տվեց որոշում կայացնելու համար' ինքնակամ լքել բնակարանն ու անշարժ գույքի արժեքի հետ ստանալ նաեւ խրախուսանք: Երբ Սաֆյաններն այցելեցին կազմակերպության գրասենյակ, նրանց բացատրեցին, որ ամեն ինչ վաղուց որոշված է. եթե անգամ նրանք հրաժարվեն իրենց սեփականությունը պետությանը հանձնել, ապա պետությունը հարկադրելու է դա անել դատարանի միջոցով: Այդպես էլ եղավ: Սեփականատերերի համաձայնությունը չստանալով' նրանց դեմ դատական գործ հարուցվեց: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հարկադրեց սեփականատերերին հանձնել գույքը' համապատասխան փոխհատուցմամբ:

Սաֆյանները, սակայն, ոչ մի փոխհատուցմամբ հեռանալ չեն ուզում: Նրանք դատարան են դիմել հակընդդեմ հայցով' պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության 1151-Ն որոշումը եւ փորձելով պաշտպանել Սահմանադրությամբ իրենց տրված սեփականության իրավունքը:

Գործն այսօր վճռաբեկ դատարանում է: Սակայն Սաֆյանների դեպքը միակը չէ: «Գլենդել հիլզ»-ը դատական գործ է հարուցել այսպես կոչված «Կարմիր գոտում» ապրող 8 սեփականատերերի դեմ: «Մենք 39 պայմանագիր արդեն ունենք,-նշում է «Գլենդել հիլզ»-ի գործադիր տնօրեն Էդուարդ Մելիքյանը,-իսկ մյուսները հրաժարվում են հեռանալ իրենց տներից անհեթեթ ու անհասկանալի պատճառներով' հաշվի չառնելով ընդհանուրի շահը ու սկսված գործի նշանակությունը: Բայց մենք պատրաստ ենք էլի զիջումներ անել, եթե նրանք համաձայնեն կնքել պայմանագրերը»:

«Շատերին են համոզել: Մարդիկ կան, որ արդեն ստորագրել են պայմանագիրը: Գուցե նրանց համար միեւնույնն է' որտեղ ապրել, իսկ ինձ համար մեր բակը, իմ տունը կարեւոր արժեք են, որ այսօր կորցնում ենք»,- ասում է Սաֆյանների հարեւան բակում ապրող Սուրեն Սիսակյանը: Նա համոզված է, որ մայրաքաղաքի հին բակերն ու այնտեղ ապրող մարդիկ կարողանում են պահպանել հին Երեւանի շունչը:

«Մեր բակի բոլոր բնակիչները արվեստի հետ կապ ունեցող մարդիկ են' նկարիչներ, քանդակագործներ, պոետ, հայտնի օպերային երգիչներ Չմշկյանները... Եւ, իհարկե, այս ամենը մի ուրիշ մթնոլորտ է ստեղծում»,- ասում է Սուրեն Սիսակյանը:

Արվեստագետ Աշոտ Հարությունյանն արդեն համաձայնել է ստորագրել իրեն առաջարկված պայմանագիրը: «Գլենդել հիլզ»-ը 15 ընտանիքների, այդ թվում Հարությունյաններին, բնակարաններ է առաջարկել նախկին մանկապարտեզի մի շենքում, որը հիմա վերանորոգվում է հենց «Գլենդել հիլզ»-ի կողմից: «Այս տարբերակին համաձայնելը պարզապես դատական քաշքշուկներից հեռու մնալու միջոց է: Դրանք, միեւնույն է, փակուղի են տանում: Իմ կարծիքով, պետությունը լավ մտածված տեղահանում է իրականացնում»,-ասում է Աշոտ Հարությունյանը:

«Կարմիր գոտում» ապրող մեծերը հիշում են, որ խորհրդային տարիներին այս բակի մի շարք շենքերին փակցված էին ցուցանակներ' «Պահպանվում է պետության կողմից»: Այսօր դրանք անհետացել են: Օտարման գոտուց «Գլենդել հիլզ»-ին բաժին ընկած տարածքում միայն Բյուզանդի 9 շենքն է գրանցված Երեւանի պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում եւ ենթակա է տեղափոխման:

Բնակիչները դեմ չեն քաղաքի բարեկարգման ծրագրերին, սակայն մինչ օրս չեն կարողացել պարզել' ի՞նչ ծրագիր է իրականացվելու, իրենց տների տեղում ի՞նչ է կառուցվելու: «Թող քաղաքի ճարտարապետական դեմքը պահեն, նախագծեր կազմեն, դնեն քննարկման, մենք էլ տեսնենք, ասենք. «Վա՜յ, ձեր ցավն էլ տանեմ, էս ի~նչ լավ բան եք մտածել: Թե չէ, գրել են' պետության կարիքների համար: Էդ ի՞նչ կարիքներ են: Չէ՞ որ պետությունը մենք ենք...»,- վրդովվում է Սուրեն Սիսակյանը:

էդուարդ Մելիքյանի ասելով' նախագծերը մշակվում են ու համաձայնեցվում մյուս կառուցապատողների հետ եւ պատրաստ կլինեն, հավանաբար, ամռան սկզբին:

«Կարմիր գոտու» բնակիչները համոզված են, որ իրենց ներկայացված պահանջը հակասահմանադրական է: Սահմանադրության 28-րդ հոդվածը նախատեսում է, որ «Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա' նախնական համարժեք փոխհատուցմամբ»: Կառավարության այս որոշման մեջ ո՛չ դեպքի բացառիկությունն է պարզ, ո՛չ հասարակական շահն է ընդգծված, եւ ո՛չ էլ համապատասխան օրենքներ են ընդունվել:

«Գլենդել հիլզ»-ի գործադիր տնօրենի խոսքով՝ իրացման աշխատանքների համար վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 31-ը: Եթե չհասցնեն տեղահանել բնակիչներին, ժամկետը կհետաձգվի. բավական է միայն ներկայացնել ձգձգվող դատական գործընթացների մասին հիմնավոր փաստաթղթեր:

Լուսինե Գրիգորյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter