HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Գերմանացի պաշտոնյան ստում է

Լիանա Սայադյան
Էդիկ Բաղդասարյան

«Հետքի» հրապարակումներից հետո գերմանական երկու ֆոնդերի ներկայացուցիչները պաշտոնական նամակներ ուղարկեցին խմբագրություն: 

Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի տարածաշրջանային ներկայացուցիչ Գյունտեր Ֆիխտները (Head of Fredrich-Ebert-Stiftung's Co-operation Office for South Caucasus in Tbilisi/Georgia) մանրամասն ներկայացրել է իրենց կազմակերպության առաքելությունը եւ իրականացրած ծրագրերը:

Նշելով ծրագրերի եւ գործընկերների մասին' պրն Գյունտերը գրել է. «Առանց տեղացի գործընկերների մենք չենք կարող անցկացնել մեր աշխատանքը որեւէ երկրում, ուստի նաեւ' Հայաստանում: Խորհրդարանական եւ կառավարական հաստատությունների կողքին որպես գործընկեր հանդես են գալիս նաեւ գիտական հաստատությունները, տեղական ԶԼՄ-ները եւ, իհարկե, Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունները»:

Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը գործընկերներին ընտրում է' համաձայն տվյալ միջոցառման պահանջի. «Չկա որեւէ գործընկեր, որի հետ մենք մշտապես կապված լինեինք պայմանագրով, այլ գործընկերներն ամեն անգամ վերասահմանվում են ըստ արծարծվող թեմայի»:

Գյունտերի գրությունից դատելով' Էբերտի հիմնադրամի ամենախոշոր գործընկերը Հայաստանում Սահմանադրական իրավունքի կենտրոնն է. «1997 թվականի սկզբին հիմնադրված Սահմանադրական իրավունքի կենտրոնը, որի նախագահը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն է, գիտահետազոտական բնույթ կրող ոչ կառավարական կազմակերպություն է, որի մոտ 100 անդամները' նախ եւ առաջ դատախազներ, փաստաբաններ, դատավորներ, ճանաչված իրավաբաններ, դոցենտներ են, իսկ մեկը' արդարադատության նախկին նախարար: 1997-ից առ այսօր մենք այս գործընկերոջ հետ համատեղ իրականացրել ենք իրավական զարգացմանն ուղղված մոտ 100 միջոցառում: Բացի այդ, մի շարք միջոցառումների շրջանակում քննարկվել է միջազգային իրավական կոնվենցիաների, պայմանագրերի եւ իրավական նորմերի իրագործումը ՀՀ օրենսդրությունում եւ, վերջապես, օրինակ' «Փողերի լվացման» հետ առնչվող արեւմտաեվրոպական օրենքների համապատասխանեցումը' իբրեւ ներդրում Հայաստանի եւ Եվրոպայի մերձեցման գործում»:

Սահմանադրական իրավունքի կենտրոնի գործադիր տնօրեն Առուշան Հակոբյանը պրն Գյունտերի գրածը համարում է ակնհայտ սուտ: Երբ մենք նրա գրասենյակում ընթերցեցինք Գյունտերի նամակից մեջբերված այդ տողերը, Ա. Հակոբյանը վերցրեց նամակը եւ, ընդգծելով 100 միջոցառմանը վերաբերող հատվածը, գրեց' «Սուտ է» եւ դրեց իր ստորագրությունը:

Նա հայտնեց, որ ընդամենը մեկ անգամ' 1997թ. Էբերտի հիմնադրամը մասնակցություն է ունեցել Կենտրոնի կազմակերպած կոնֆերանսին: 1998-ից առ այսօր Սահմանադրական իրավունքի կենտրոնը Ֆրիդրիխ էբերտի հիմնադրամի հետ որեւէ ծրագիր կամ միջոցառում չի իրականացրել:

Մեզ համար դեռ պարզ չէ, թե ինչու է գերմանական հիմնադրամի Հարավային Կովկասի ներկայացուցիչ Գյունտեր Ֆիխտները մեզ սխալ տեղեկություն տրամադրել: 100 ծրագիրը մեծ թիվ է, եւ դրանց իրականացման համար, բնականաբար, բավական մեծ ֆինանսական միջոցներ են «դուրս գրվել»:

Եթե Սահմանադրական իրավունքի կենտրոնը չի համագործակցել Էբերտի հիմնադրամի հետ, ապա ո՞ր ուղղությամբ են «գնացել» պրն Գյունտերի նշած 100 միջոցառման գումարները: Այս հարցի պատասխանը այժմ փորձում ենք ստանալ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի կենտրոնական գրասենյակից եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից' հոդվածը ուղարկելով նրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter