HY RU EN

Արաքս Մամուլյան

Ալեքսանդր Վարպետյանի գործին ԱԱԾ ներկայացուցիչը չէր եկել. նիստը հետաձգվեց

Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Արթուր Ղուկասյանն այսօր Ֆրանսիայի քաղաքացի, էաբան և ազգաբան Ալեքսանդր Վարպետյանի հայցի վերաբերյալ Վարչական դատարանում նշանակված նիստին չէր ներկայացել: Ղուկասյանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ նիստին չներկայանալու պատճառն առողջական խնդիրն է, սակայն այդ հանգամանքը հավաստող որևէ փաստաթուղթ չէր կցել գրությանը: ԱԱԾ ներկայացուցիչը գրությամբ խնդրել էր նաև հետաձգել նիստը, ինչի դեմ դատավարության կողմերն առարկություններ չներկայացրին: 
Ալեքսանդր Վարպետյանը, հիշեցնենք, Վարչական դատարան է դիմել իրեն ՀՀ  տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում հաշվառելու մասին Ազգային անվտանգության ծառայության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, Ազգային անվտանգության ծառայությանն իր վերաբերյալ տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանելուն պարտավորեցնելու, ինչպես նաև նույն խնդրի առնչությամբ իր վարչական բողոքն ԱԱԾ-ի կողմից մերժելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Ալեքսանդր Վարպետյանն «ԷՈՒԹՅՈՒՆ ազգային իմաստության տաճար» հասարակական կազմակերպության նախագահն է: Վերջինիս մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ տեղեկություն է եղել այն մասին, որ չեն թույլատրում, քանի որ աղանդավոր է:
«ԷՈՒԹՅՈՒՆԸ» պատրաստ է համագործակցել Հայ առաքելական եկեղեցու հետ»,- վստահեցնում է  Վարպետյանը, սակայն բոլոր նմանատիպ առաջարկները պատասխան չեն ստացել:
Վարպետյանը մի շարք կառույցների դիմումներ է ներկայացրել, փորձել հասկանալ, թե  ի՞նչն է խնդիրը, բայց հարցը որևէ կերպ լուծում չի ստացել:
Ավելին, 2008 թվականի հունվարին Վարպետյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է արդեն անժամկետ:
Ինչպես պարզվել է, Հայաստանի Հանրապետությունը Վարպետյանի մուտքն արգելում է՝ 2007-ից ուժի մեջ մտած  «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն, որը սահմանում է որոշակի հանգամանքներ, որոնց առկայության դեպքում արգելվում է օտարերկրացիների մուտքը:
2016 թվականին Ալեքսանդր Վարպետյանն իր իրավունքների պաշտպանության համար դիմել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ին, և գրասենյակի կողմից համապատասխան հարցում է կատարվել ԱԱԾ:
ԱԱԾ-ից պատասխանել են, որ «Վարպետյանի մուտքը Հայաստան արգելվում է, քանի որ գոյություն ունեն հավաստի տվյալներ այն մասին, որ Վարպետյանը հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնասելն է»: Իսկ այդ կազմակերպությունն «ԷՈՒԹՅՈՒՆ ազգային իմաստության տաճար»-ն է, որը 1990 թվականին հիմնադրել է Վարպետյանը, և, ըստ ԱԱԾ-ի, ֆաշիստական, ազգային թշնամանք տարածող գաղափարախոսություն ունի:
Այս գործով նախնական դատական նիստի ընթացքում դատարանը որոշում էր կայացրել դիմել Արդարադատության նախարարություն՝ պարզելու համար կազմակերպությունն այս պահին լուծարված է, թե ոչ, և այսօր Արդարադատության նախարարությունից գրություն էր ուղարկվել այն մասին, որ կազմակերպության լուծարման վերաբերյալ 2018 թվականի մարտ ամսվա դրությամբ տեղեկություններ չկան, այսինքն՝  մարտ ամսվա դրությամբ՝ այն լուծարված չի եղել:
Դատարանը կազմակերպության գործունեության վերաբերյալ վերը նշված տեղեկատվությունն էական հանգամանք էր գնահատել, քանի որ, փաստորեն, հենց այս կազմակերպության հիմնադիր անդամ լինելու փաստն է դրված Վարպետյանին անցանկալի օտարերկրացիների ցանկում ներառելու հիմքում:
Նկատի ունենալով ԱԱԾ ներկայացուցչի բացակայության հանգամանքը՝ դատարանն այսօրվա նիստը հետաձգեց և հաջորդը նշանակեց հունիսի 27-ին:
Լուսանկարում դատավոր Լիանա Հակոբյանն է