HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նոյեմբերյանի տարածքում երկրաբանական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ չեն իրականացվի․ ավագանին որոշում է կայացրել

Նոյեմբերյան համայնքի ավագանին համայնքի տարածքում երկրաբանական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ իրականացնելու արգելելու մասին այսօր որոշում է կայացրել։ Ավագանու որոշման նախագծում մեջբերված է այն, որ հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի թվով 3074 բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը՝ ավագանին նիստին քննարկելու է այդ հարցը։

«Հետք»-ի հետ զրույցում համայնքի ավագանու անդամ Արթուր Ամիրաղյանն ասաց, որ որոշմամբ դադարեցվելու է համայնքում  հանքարդյունաբերության հետ կապված որևէ գործունեություն։

«Կա հանրագրերի մասին օրենք։ Բնակիչները ներկայացրել էին համապատասխան հանրագիր, որի հիման վրա հարցը բարձրացրել ենք ավագանու նիստին, չնայած մենք ինքներս էլ նման տեսակետ ունեցել ենք, երբ «Պոլիմետալ» ՍՊԸ-ը հայտարարություն էր տարածել»,- նշեց ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ «Ռեստարտ Նոյեմբերյան» խմբի անդամները ստորագրահավաք էին իրականացրել Նոյեմբերյանում, որի նպատակն էր ստեղծել ժողովրդի կարծիքն արտահայտող իրավական ուժ ունեցող փաստաթուղթ և ներկայացնել այն համայնքի ղեկավարությանը: Համաձայն ներկայացված հանրագրի՝ պետք է արգելվեր համայնքին պատկանող տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործմանն ուղղված ցանկացած աշխատանքի իրականացումը։

Այս տարվա փետրվար ամսին «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն հայտարարություն էր տարածել, որ մտադիր է 2018-2021թթ. ընթացքում Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ։ Սակայն հանրային լսումներ չանցկացվեցին, քանի որ տեղի բնակչությունը դժգոհություն հայտնեց ծրագրի եւ հանրային լսումներ անցկացնելու վերաբերյալ։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվեց խումբ՝ «Ոչ հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում», որտեղ Նոյեմբերյան համայնքի բնակիչները և աջակիցները իրենց հուզող հարցերը բարձրացրին, իսկ մեկ այլ խումբ՝ «Ռեստարտ Նոյեմբերյանը» ստորագրահավաք կազմակերպեց։

Ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է Լոռիում և Տավուշում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ու հանրային քննարկման աշխատանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter