ԱԳ փոխնախարարը Նախիջևանի հատվածի լարվածության մասին լրացուցիչ տեղեկություն չհայտնեց
Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանին նկատված լարվածության մասին ՊՆ-ի ներկայացրած տեղեկատվությանը ավելացնելու ոչինչ չունի։
«Ինչպես հիշում եք, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարները մինչ Լեռնային Ղարաբաղ մեկնելը այցելեցին Նախիջևանի առաջնագիծ՝ տեղում ծանոթանալով իրավիճակին։ Այս պահին այն տեղեկատվությունը, որը տրամադրել է ՊՆ-ն, դրանից ավելի ոչինչ չեմ կարող ավելացնել»,- խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարարը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրավիճակի ավելի սրման դեպքում հայկական կողմը դիմի ՀԱՊԿ-ին, փոխնախարարն արձագանքեց․ «ՀԱՊԿ-ի դեպքում մենք ունենք պայմանագիր, հստակ պարտավորություններ, ուստի ես կդժվարանամ թեորիկ խոսել մի դեպքի մասին»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են հայտնվում Նախիջևանի սահմանում իրավիճակի սրման մասին, սակայն ՊՆ մամուլի քարտուղարը Արծրուն Հովհաննիսյանը պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում հերքում է այդ լուրերը։
Մեկնաբանել