HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

SOS-փրկենք Երեւանը

«Քաղաքը «ռեմոնտ» չեն անում, դրա համար կա հատուկ տերմին' քաղաքաշինություն , իսկ այդ քաղաքաշինություն գործընթացը կարգավորվում է օրենքով: Բավականին պարզ համակարգ, որը սկզբից մինչեւ վերջ ոտնահարված է: Չե՞ք հավատում, կամ միգուցե չե՞ք հասկանում...»: Այս խոսքերով թերթիկներ էին բաժանվում մայրաքաղաքցիներին մարտի 25-ին Երեւանի պատմամշակութային հուշարձանների պաշտպանությանն ուղղված ակցիայի ժամանակ:

«SOS-փրկենք Երեւանը» ակցիաների շարքը նախաձեռնել են մի խումբ երեւանցիներ: Նրանք դեմ են Երեւանի կենտրոնում ապօրինի կառուցապատման աշխատանքներին, որոնց ընթացքում ոտնահարվում են բնակիչների իրավունքներն ու քանդվում պատմական հուշարձաններ:

«Մենք երեւանցիներ ենք, եւ եթե պետությունը չի պահպանում մեր քաղաքը, ապա երեւանցիներն են պահպանելու»,-ասաց ակցիայի մասնակից Սոնա Հովհաննիսյանը:

Մարտի 25-ի քայլերթը սկսվեց Աբովյան 1/4 շենքիc: Խումբը քայլեց Արամի, Բուզանդի փողոցներով, Հանրապետության Հրապարակով մինչեւ Երեւանի քաղաքապետարան: Երթի ամբողջ ընթացքում մասնակիցները ցուցանակներ էին կրում, շենքերի պատերին փակցնում կոչեր ու հայտարարություններ, թռուցիկներ բաժանում անցորդներին: Կենտրոնական բանկի շենքի մուտքի մոտ խմբված աշխատակիցներից մեկը, լուրջ դեմքով նայելով իրեն պարզված թռուցիկին, հարցրեց կողքինին. «Էս SOS-ը ո՞վ ա»:

Ցուցարարներին ընդառաջ դուրս եկած քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր այդպես էլ չներկայացան, առաջին հերթին բողոքեցին շենքերի պատերը կեղտոտելուց եւ պահանջեցին պոկել հայտարարությունները: Նրանցից մեկը հայտնեց, որ ինքն էլ «էդ թաղի տղա» է, եւ հավաքվածներին օգնելու համար խորհուրդ տվեց գալ երկուշաբթի առավոտյան, երբ քաղաքապետն ու մյուս աշխատակիցները տեղում կլինեն:

«Ես ծնվել, մեծացել եմ քաղաքի կենտրոնում, իմ նախնիներն էլ կառուցել են Երեւանը: Եթե իմանամ, որ իմ սեփականությունը իմ պետության ու ազգի համար կարեւոր է, եթե Ազգային ժողովն այդ մասին օրենք ընդունի, ես պատրաստ եմ կյանքս էլ նվիրել, բայց կառավարության որոշումը հակասահմանադրական է,-ասաց երթի մասնակից, Բուզանդի 25 շենքի բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը:- Ցավն այն է, որ մեր ղեկավարները երեւի քաղաքի տղա չեն կամ, ամենաքիչը, Երեւանը չեն սիրում»:

Երթի նախաձեռնողներից մեկի' Սարհատ Պետրոսյանի ասելով' Աբովյան 1/4 շենքը իրենց հերթական ակցիայի օրը ներառվել է պահպանվող հուշարձանների ցանկի մեջ. «Իրենք ասում են, որ դա նախապես էր որոշված, բայց փաստն այն է, որ շենքի ճակատային մասը չի քանդվել մեր ակցիայից հետո: Բացի այդ, Բուզանդի 11 շենքի քանդման աշխատանքները նախատեսված էին երկուշաբթի, սակայն մինչ օրս սկսված չեն: Հիմա մենք փորձելու ենք հավաքել 44 պատգամավորի ստորագրություն, որպեսզի կառավարության այս որոշումը քննվի Սահմանադրական դատարանում»,-ասաց Սարհատ Պետրոսյանը:

«SOS-փրկենք Երեւանը» ակցիայի նպատակն է Երեւանի քաղաքապետարանից պահանջել անցկացնել հասարակական քննարկումներ ու անկախ փորձաքննություններ, անվավեր ճանաչել Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների Պետական ցուցակի հավելված 2-ը' «Երեւան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը», եւ կանխել Փավստոս Բուզանդի 9, 17, 25, 26, 30, 39, Պուշկինի 2, Եզնիկ Կողբացու 22, 41, 43, 45, Տերյանի 11-13, Արամի 23, 74 շենքերի տեղափոխումը: Այս պահանջներով ու հանդիպման խնդրանքով երթը նախաձեռնողները դիմել են Երեւանի քաղաքապետին, սակայն որեւէ պատասխան չեն ստացել: Այդուհանդերձ, նրանք մտադիր են շարունակել երթերն ու կազմակերպել տարբեր միջոցառումներ:

Լուսինե Գրիգորյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter