HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մասիսի ձերբակալված քաղաքապետը իրեն վերագրվող արարքը չի ընդունում. փաստաբան

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված գործի շրջանակներում իրեն վերագրվող արարքը չի ընդունում:

Համբարձումյանի պնդմամբ՝ ինքը նշված միջադեպի մասնակից չի եղել և առհասարակ միջադեպի վայրում չի եղել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին` այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Էրեբունիում ձերբակալվել են, դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Դեպքին ականատես են եղել նաև ոստիկաններ, որոնք չեն միջամտել: Այս դեպքով քրեական գործը հարուցվել է զանգվածային անկարգության հոդվածով:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ քրեական գործի շրջանակներում 5 անձ ձերբակալվել է, որոնց թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը:

Ձերբակալված անձանց շահերը ներկայացնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ձերբակալված մյուս անձինք լռություն են պահպանում:

Թե ձերբակալվածների՝ միջադեպի մասնակից լինելու վերաբերյալ ինչ հիմնավորումներ է ներկայացրել քննություն իրականացնող մարմինը, մեզ հայտնի չէ: Աթանեսյանն այս առնչությամբ որևէ տեղեկություն չտրամադրեց:

Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Էրեբունիի զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը՝ Արշակ Հակոբյանը, հարցաքննվել է: Քննություն իրականացնող մարմինը նաև Հակոբյանի բնակարանը խուզարկել է, սակայն Արշակ Հակոբյանն այս գործի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter