HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարզպետների նշանակման հիմքում «նոր Հայաստանի տեսլականին համապատասխանությունն է»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից ևս կնշանակվեն մարզպետի պաշտոնում։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ առանց մանրամասնելու, թե որ մարզերում են նշանակվելու վերջիններս։ Հիշեցնենք, որ հինգ մարզպետի անուն արդեն հայտնի է, նման որոշում արդեն իսկ հրապարակված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

«Առաջիկա օրերին պարզ կլինի»,- ասաց նա։ Հարցին՝ հնարավո՞ր է գործող մարզպետներից որևէ մեկը վերանշանակվի, նախարարը կոչ արեց սպասել վաղվան: «Թող անակնկալ մնա»,- ասաց նա։

Հարցին, թե մարզպետ նշանակելու որոշումը կայացնելիս ի՞նչ սկզբունքով են առաջնորդվել, նախարարը պատասխանեց՝ ըստ արժանիքների։

«Հիմքում դրել ենք նոր Հայաստանի տեսլականին այդ մարդկանց համապատասխանությունը և բնականաբար իրենց անցած քաղաքական ճանապարհը, կրթական և մյուս արժանիքները»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե ինչ չափանիշներով են առաջանորդվել մարզպետի պաշտոններում նշանակումներ կատարելիս, միգուցե հաշվի են առել այն, թե վերջիններս որքան են քայլել, քանի անգամ մասնակցել հանրահավաքներին, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Ոչ, չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն կարող բիզնեսով զբաղվել, Հայաստանում պաշտոնյան այլևս պետք է իմանա, որ իր դերակատարումն օրենքով սահմանված կարգով իր պարտավորությունները կատարելն է, այ նման մարդկանց մասին է խոսքը»։

Դիտարկմանը, որ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը (Գեղարքունիքի ապագա մարզպետ) բիզնես ոլորտի ներկայացուցիչ է, նախարարը հարցով արձագանքեց․ «Ինքն այսօր զբաղվո՞ւմ է բիզնեսով․․․ Պաշտոնյան բիզնեսով չի կարող զբաղվել, Սաղաթելյանի՝ բիզնեսով զբաղվելու մասին ես տեղեկություն չունեմ, ձեզնից լսեցի առաջին անգամ, մեկ անգամ կարող եմ հաստատել, որ պաշտոնյան բիզնեսով չի կարող զբաղվել»,- ասաց նախարարը։

Մեր դիտարկմանը, որ Լոռու մարզպետի ամենահավանական թեկնածուները պնդում են, որ իրենց հետ քննարկում չի եղել, նախարարն ասաց, որ Լոռու մարզպետի նշանակման հարցով դեռ չկա որոշում։

«Լոռու մարզպետը ներկայացրել է հրաժարականի դիմում, կառավարությունում դա քննարկվելու է, թեկնածուն կլինի հետո»,- ասաց նա։

Հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, նախարարը պատասխանեց, որ չի քննարկվում։

Հետաքրքրվեցինք ՔՊ-ի Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանի նշանակվելու հավանականության մասին: Նախարարը կոչ արեց անուններ չքննարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter